Վեդու ջրամբարի շինարարությունը նախատեսվածից վեց ամիս շուտ կավարտվի
Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքներն անխափան ընթանում են, փետրվարի 6-ի դրությամբ այնտեղ զբաղված է 200 մարդ, ներգրավված է 100 միավոր տեխնիկա: Այս մասին րագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
«Վեդու ջրամբարն այս պահին մեր ամենախոշոր ծրագիրն է: Աշխատանքները շատ լավ են ընթանում, եղանակային պայմանները շինարարներին թույլ են տալիս ձմռանն էլ աշխատել: Ծրագրով նախատեսված էր 29 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբար կառուցել, բայց առանց հավելյալ ծախսերի` մենք կարող ենք ջրամբարի ծավալը հասցնել մինչև 31 միլիոն խորանարդ մետրի: Սա նախնական թիվ է, հնարավոր է այն աճի»,-ասաց պաշտոնյան:
Արսեն Հարությունյանը նշեց նաև, որ նվազագույնը վեց ամիս շուտ է ավարտվելու ջրամբարի շինարարությունը: Ավարտը նախատեսված էր 2021 թվականի մայիսին, սակայն, ինչպես Հարությունն ասաց, ջրամբարը պատրաստ կլինի արդեն 2020 թվականի վերջին: «Մայիսից կսկսվի բացառապես պատվարի շինարարությունը, ամբողջական աշխատանքները կավարտվեն, հողի տոփանում կկատարվի, պատվարը սկսվելու է կամաց-կամաց վեր բարձրանալ»,-հավելեց պաշտոնյան:
Նախատեսվում է, որ ջրամբարի իշխման տակ կլինի 3 հազար 200 հա ոռոգելի հողատարածք: Բացի այդ` Վեդու ջրամբարի կառուցման արդյունքում «Վեդի» և «Արարատ» ՋՕԸ-ների պոմպակայանների իշխման տակ գտնվող շուրջ 2 հազար 900 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս համակարգով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խնայել շուրջ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ ոռոգելի հողատարածքները կավելանան ավելի քան 300 հա-ով:
Վեդու ջրամբարի կառուցման արդյունքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը կնվազի շուրջ 18 մլն/մ³-ով, իսկ Արտաշատի մայր ջրանցքից իրականացվող ջրառը՝ ավելի քան 11 մլն. մ³-ով , որը կբարձրացնի Արտաշատի մայր ջրանցքից ինքնահոս եղանակով ոռոգվող «Վեդի» ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող ևս 2800 հա հողատարածքների ջրապահովման մակարդակը:
Այդպիսով, նախատեսվում է, որ ծրագրի ազդեցությունը կտարածվի շուրջ 6000 հա հողատարածքների վրա: Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ` 90 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: