Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությունն անվտանգության համակարգի արդիականացման միջոցներ է ձեռնարկել
Գողությունն ու կողոպուտը ձեռնարկությունների համար իսկական գլխացավանք են դեռ խորհրդային տարիներից: Սոցիալիստական սեփականությունն արդեն վաղուց գոյություն չունի, սակայն կարծիքը, որ, եթե գողացել են պետությունից կամ կազմակերպությունից, ուրեմն ոչ մեկին վնաս չեն պատճառել, շարունակում է ապրել մինչ օրս:
Ինչպես անցյալում, անազնիվ համաքաղաքացիներն առիթը բաց չեն թողնում և գողանում են ոչ միայն անտեր մնացած գույքը, այլև հատուկ պահպանվող մասնավորը: Հաճախ նման գողությունները զավեշտի են վերածվում: Վերջերս երևանյան ռեստորաններից մեկի պահեստից գողը ոչ միայն տարավ մի քանի շիշ կոնյակ, այլև տեղում խմել էր այն և քնել: Գողոնի և խմածի ցուցակը մեծ է՝ մի քանի շիշ 25 տարեկան կոնյակ, օղի, տասից ավելի 3-լիտրանոց կոմպոտի շիշ: Արդյունքում՝ կնստի մի քանի տարի և կբուժի լյարդը:
Սակայն ոչ միշտ է, որ հետևանքները սահմանափակվում են միայն նյութական վնասով: Լինում են դեպքեր, երբ առաջին հայացքից փոքր թվացող գողությունը լուրջ հետևանքների է բերում և կարող է մարդկային զոհերի պատճառ հանդիսանալ: Օրինակ՝ անցյալ տարի երկաթուղում գրանցվել էին մի շարք գողություններ: Գողերը տանում էին աննշան ծավալի գունավոր մետաղներ պարունակող դետալներ, էլեկտրահաղորդման լարեր, և այլն: Գյումրու լոկոմոտիվային դեպոյում վերանորոգվող լոկոմոտիվների շարժիչներից հանեցին մոտ 120 կգ պղնձե լարեր: Մետաղների ընդունման կետում դրա համար ստացան ընդամենը մի քանի հազար դրամ, իսկ այն, որ դրա պատճառով գնացքը կարող է վթարվել՝ նրանց քիչ էր հուզում…
Նման վտանգներից հնարավոր է խուսափել միայն երկաթուղայինների բարեխիղճ և համակարգված աշխատանքի շնորհիվ:
Ինչպես մեզ հայտնի դարձավ, վերլուծելով իրավիճակը՝ Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությունն անվտանգության համակարգի արդիականացման միջոցներ է ձեռնարկել: Ուժեղացվել է պահպանության ռեժիմը, տեղադրվել են վիդեոզննման նոր կամերաներ, համալրվել է կադրերի կազմը: Երևանի վագոնոլոկոմոտիվային դեպոյի պետի տեղակալի պաշտոնին հրավիրեցին 40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ոստիկանության գնդապետ Զարմիկ Եպիսկոպոսյանին: Նրա նշանակումից մեկ ամիս անց Գյումրիում կանխվեցին գողության երկու դեպքեր:
Առաջին դեպքում նախկինում արդեն դատված գողը՝ հասկանալով, որ փախնել չի հաջողվի, հարձակվել էր երկաթուղու անվտանգության ծառայության աշխատակցի վրա և դանակով վնասավածքներ հասցրել: Երկրորդ դեպքում գողերը պայմանագրային զինծառայողներ էին, նրանց գործը Ռազմական դատախազությունում է: Ներկա պահին գողությունները երկաթուղում դադարել են: «Հաջողության ջենթլմենները» զգացին, որ անպատիժ մնալ երկաթուղում գողությունից հետո արդեն չի հաջողվի:
Խաչատուր Հովհաննիսյան