Բաժիններ՝

Ձեռագործ աշխատանքի միջոցով փոխանցվող տրամադրության գաղտնիքը. զրույց երիտասարդ ստեղծագործողի հետ

Իմ ստեղծագործական գործունեության ամենամեծ նպատակն այն է, որ պատրաստված խաղալիքներն ու տիկնիկները դրական լիցքեր և զգացողություններ հաղորդեն մարդկանց:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ այսպես սկսեց իր զրույցն ասեղնագործ, տիկնիկագործ Մերի Առաքելյանը:

«Ձեռագործությամբ զբաղվելը մեր տանն ընդունված ավանդույթ է: Ես էլ սկսեցի գործել դպրոցական տարիներին: Ավելի հասուն տարիքում ասեղնագործության միջոցով սկսեցի կերտել խաչքարային արվեստը: Իսկ 2012 թվականին Ստեփանակերտում կայացել է իմ անհատական ցուցահանդեսը»,- ասել է Մ. Առաքելյանը և ավելացրել, որ ներկայումս ունի մոտ 75 ասեղնագործ նկար:

Նրա խոսքով՝ արդեն մեկ տարուց ավելի է՝ գործում է նաև խաղալիքներ և կերպարային տիկնիկներ: «Այն ճապոնական արվեստի ամիգուրումի տեսակն է, երբ հելյունով կամ շյուղերով գործում են փոքրիկ տարբեր կենդանիներ ու մարդուկներ: Դրանց միջոցով ես փորձում եմ վերարտադրել ոչ միայն մարդկանց արտաքինը, այլ նաև նրանց տրամադրությունն ու բնավորությունը»,- նշել է Մ. Առաքելյանը և ավելացրել, որ մեկ կերպարային տիկնիկի ստեղծման համար անհրաժեշտ է 5-7 օր: Նա գերադասում է ավելի շատ կերտել բարի, վառ ու նուրբ կերպարներ:

Մ. Առաքելյանն ասեղնագործում է ֆրանսիական մուլինեներով, քանի որ, ըստ նրա, դրանք ամենաորակյալն են և նախատեսված նման աշխատանքների համար: Կախված գործի բարդությունից ու գույների քանակից՝ մեկ աշխատանքը ասեղնագործելու համար կարող է պահանջվել 3-4 ամիս և անգամ ավելին:

Նրա խոսքով՝ պետք է ստեղծագործել սիրով, քանի որ գործին փոխանցած տրամադրությունը գերիշխող է դառնում ցանկացած ձեռագործ աշխատանքում՝ լինի դա ասեղնագործ նկար, թե տիկնիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս