![](/banners/BeFunky-design.jpg)
«Եթե Սերժ Սարգսյանը չդնի իր թեկնածությունը, ՀՀԿ բյուրոն շատ ավելի մեծ դեր կունենա»
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/Artak-Kirakosyan.jpg)
«Հիմնական հարցն այն է, թե արդյոք Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար կդնի՞ իր թեկնածությունը, թե՞ ոչ։ Դա է պայմանավորելու ամբողջ համակարգի փոփոխությունն ու ընթացքը հետագա տարիներին։
Եթե Սերժ Սարգսյանը չդնի իր թեկնածությունը, ինչպես և խոստացել էր, այդ դեպքում ՀՀԿ բյուրոն շատ ավելի մեծ դեր կունենա, քան մնացած կառույցները, այսինքն՝ կլինի որպես «պոլիտբյուրո», որտեղ որոշումներն ընդունում է Սերժ Սարգսյանը։ Եվ կարևորագույն որոշումները մեծամասամբ կկայացվեն կուլուարներում, իսկ վարչապետը կնիքը կդնի այդ ամենի վրա, որովհետև ամեն դեպքում իր կախվածությունը մեծ է իշխող կուսակցությունից, քանի որ նոր կառավարություն փոխելու և մնացած հարցերը կորոշի Հանրապետականի ղեկավար մարմինը։ Այդ պարագայում կառավարության նիստերը դռնբա՞ց կլինեն, թե՞ դռնփակ, կարևոր չէ։ Կարևոր է, թե որոշումը որտեղ է կայացվում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխությանը։
Ըստ նրա՝ եթե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, այդ ժամանակ որոշումների կայացման կենտրոնը կմնա Բաղրամյան 26-ում, և Հայաստանը, ըստ էության, կրկին կունենա նախագահական համակարգ, որի անունն ուղղակի փոխված է. «Այսինքն՝ նախագահի լիազորությունների մեծ մասն անցնում է վարչապետին, ուղղակի ընտրությունը կատարվում է ոչ թե ժողովրդավարական ճանապարհով, քաղաքացիների ուղիղ քվեարկությամբ, այլ լինում է Ազգային ժողովի որոշումով։
Ինձ թվում է, որ միևնույն է, այս ամբողջի մեխն է՝ լինելո՞ւ է Սերժ Սարգսյանը վարչապետ, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ շատ հեռանկարային իմաստով այս հարցերը կարևոր են, բայց մեր երկրում անընդհատ այնքան բան է փոխվում, և, օրինակ, կախված նրանից, թե Սերժ Սարգսյանը կլինի՞ իշխանության ղեկին, թե՞ ոչ, կամ ո՞ր դիրքում կլինի, դրանից կախված՝ մոտակա առնվազն 4 տարին է որոշիչ լինելու։ Կարծում եմ՝ նա ամեն դեպքում կլինի, և իշխանության մեծ մասն իր ձեռքում կմնա՝ կա՛մ Հանրապետականի փակ համակարգի մեջ, կա՛մ մի քիչ ավելի բաց ու տեսանելի վարչապետի պաշտոնում։ Եվ մնացած հարցերն ինձ համար երկրորդական են։
Ինձ մտահոգում է այն, որ այս հարցի հետ, կարծես, համակերպվում են մեր քաղաքական ուժերը, որ՝ ինչո՞ւ ոչ, կարող է և Սերժ Սարգսյանը լինել վարչապետ։ Սակայն, իմ կարծիքով՝ դա քաղաքական գործչի ամենահիմնական սկզբունքներին հակասող հարց է, և, եթե մի բան խոստանում ես, պետք է անես։ Լա՞վ է, թե՞ վատ, բայց եթե մի բան խոստանում ես, ուրիշ բան՝ անում, դա ամբողջ քաղաքական համակարգը քայքայում է»։