«Համայնքային ենթակայության մարզադպրոցների մարզիչների աշխատավարձերը 40-45%-ով ցածր են». Շիրակի մարզպետարանի սպորտի բաժնի պետ

Ըստ Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանի՝ Աշոցքում դահուկավազքի միջոցառումներ անցկացվել էին Խորհրդային տարիներին՝ նախքան երկրաշարժը:

«Ես լավ հիշում եմ, քանի որ այդ ժամանակ որպես մարզադպրոցի տնօրեն էի աշխատում: 30 տարի անց Աշոցքը կրկին ակտիվացավ: 15 օր առաջ այստեղ նաև հանրապետության դահուկավազքի առաջնությունն էր: Այժմ էլ դահուկավազքի փառատոն է անցկացվում: Եթե դահուկավազքի առաջնությունը կազմակերպել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Դահուկավազքի սպորտի ֆեդերացիան, ապա այս միջոցառումն արդեն միջազգային կարգի է, քանի որ կազմակերպիչներից է նաև Եվրամիության հայաստանյան գրասենյակը: Արդեն 15-20 օր է, ես հաճախ եմ լինում այստեղ և տեսնում եմ, թե ինչպես է մեծ ջանասիրությամբ մարզումներ անցկացնում ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, նա կարծես թե կապվել է դահուկավազքի հետ և նրա թիվ մեկ նպատակը Աշոցքը դահուկավազքի կենտրոն դարձնելն է:

Փետրվարի 4-ին Աշոցքում էր նաև դահուկային սպորտի Ավստրիայի ֆեդերացիայի նախագահը, որը նաև դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի անդամ է, ում գալու նպատակը տեղանքը միջազգային ֆեդերացիային ներկայացնելն է: Տեղանքը լավն է, կտրտված ռելիեֆը կա, բացի դրանից շուտով այստեղից կանցնի նաև Հյուսիս-հարավ ճանապարհը: Աշոցքն էլ ընտրվել է նաև այն պատճառով, որ մեզ հարևան է Վրաստանը, այնպես որ վրացիներն էլ կարող են օգտվել դահուկային սպորտի ծառայություններից»,- ասաց Վաչագան Վարդանյանը:

Վերջինս հույս հայտնեց, որ երկու-երեք տարի հետո այստեղ միջազգային մրցումներ կանցկացվեն, միաժամանակ նշելով, որ այստեղ ենթակառուցվածքների վերականգնման խնդիր էլ կա, պետք է լինեն հյուրանոցային, սնվելու պայմաններ:

«Այստեղ էին նաև դահուկորդներ արտերկրից, Լոռիից: Մրցումներին տարբեր տարիքի անձինք մասնակցեցին: Տարածքը շատ լավ է ընտրված, ձևավորումն էլ համապատասխանում է միջազգային չափանիշներին»:

Անդրադառնալով ՀՀ օլիմպիական չեմպիոններին՝ Վ.Վարդանյանը նշեց, որ անկախացումից հետո՝ 27 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է 5 օլիմպիական չեմպիոն, որոնցից 3-ը գյումրեցիներ են:

«Անցած տարի մեր դահուկավազքի պատմության մեջ ունեցանք աննախադեպ արդյունք՝ առաջին անգամ միջազգային մրցումներում Հայաստանն ունեցավ իր մրցանակակիրը՝ հանձինս Սերգեյ Միքայելյանի, որը դարձավ Համաշխարհային ձմեռային օլիմպիադայի երրորդ մրցանակակիր: Նա ևս ներկա էր միջոցառմանը և հանդիսանում է հանրապետության թիվ մեկ դահուկորդը: Միքայելը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտը մեկնել են Կորեա՝ օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և մասնակցելու համար»:

Ըստ Վ.Վարդանյանի՝ դահուկորդների մարզումները կատարվում են ոչ միայն ձյան վրա, այլև ամառային, աշնանային, գարնանային ցիկլերում անվավոր դահուկներով են մարզումներ կատարում:

«Մեծ մասամբ նրանք ձյան վրա են մարզումները կատարում: Սկզբնական շրջանում մեկնում են սկանդինավյան երկրներ՝ ուսումնամարզական հավաքների՝ Ֆինլանդիա, Շվեդիա, Նորվեգիա, իսկ արդեն հունվարից, երբ այստեղ ձյուն է լինում, ուսումնամարզական հավանքերը շարունակում են այստեղ»:

168.am-ի հարցին՝ արդյո՞ք այս սպորտաձևի մարզիչների աշխատավարձը բարձր է, Վ.Վարդանյանը պատասխանեց. «Մարզադպրոցները հանրապետությունում բաժանվում են երկու խմբի՝ պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ: Ցավոք սրտի, աշխատավարձերի տարբերություն կա: Եթե ՊՈԱԿ-ներում մարզչական աշխատավարձը կազմում է մեկ դրույքը 120.000-130.000 դրամ, ցավոք սրտի նույնը չի կարելի ասել համայնքային ենթակայության մարզադպրոցների համար, որտեղ մարզիչների աշխատավարձերը 40-45%-ով ցածր են: Այս հարցը քննարկում է կառավարությունը՝ հանձինս սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, մեզ ուղարկվել էին գրություններ, որպեսզի մենք ներկայացնենք առաջարկություններ, որ նույն ծանրաբեռնվածության աշխատող մարզիչների դրույքաչափերը հավասարեցվեն»:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս