Կրթությունն այլևս չի կարող սպասել
Հայաստանում շատ է խոսվում կրթության կարևորության մասին։ «Կրթությունը մեր առաջնահերթություններից է», «Մենք պետք է բոլոր երեխաների համար ապահովենք որակյալ կրթություն», «Հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել կրթության հանդեպ յուրահատուկ վերաբերմունքով»… Այսպիսի արտահայտություններ լսելուց արդեն հոգնել ենք։ Անգլիացի գրող Ջորջ Օրուելը «Քաղաքականությունը և անգլերեն լեզուն» ակնարկում գրում է, որ, երբ որոշակի արտահայտություններ հաճախակի ենք օգտագործում, դրանք դառնում են անգիտակցական, և այդ արտահայտություններն արտասանողը չի խորանում իր ասածի իմաստի մեջ։ Իսկապես, եթե կրթությունը Հայաստանում այդքան կարևոր է, ինչո՞ւ ենք կրճատում կրթության բյուջեն, ինչո՞ւ են բազմաթիվ երեխաներ սովորում կիսափուլ և կիսացուրտ շենքերում, ինչո՞ւ են մանկավարժները վատ ապրում։
Հիմա հասել ենք մի հանգրվանի, երբ կրթությունն այլևս չի կարող սպասել, երբ կրթության համակարգը բարձրագոչ խոսքերով կերակրելու կարիք չկա։ Առաջարկում եմ՝ Հայաստանում կրթությունը դարձնել հանրային օրակարգի գլխավոր հարց։ Խնդիրն այն է, որ, եթե մենք լուրջ քայլեր չձեռնարկենք կրթության ոլորտում, ոչ մի հնարավորություն չունենք ապահովելու տնտեսության կայուն զարգացում։
Օրերս Համաշխարհային բանկի (ՀԲ) տնօրեն Ջիմ Յոնգ Կիմը հետաքրքիր միտք արտահայտեց։ Ըստ Կիմի՝ շատ երկրների ղեկավարներ և ֆինանսների նախարարներ ասում են, որ նախ՝ պետք է տնտեսությունը զարգացնենք, հետո նոր՝ ներդրումներ անենք մարդկային կապիտալի վրա։ ՀԲ տնօրենն առաջարկում է նախևառաջ ներդրում անել մարդկանց վրա. «Երկրները չեն կարող մրցունակ լինել, եթե ներդրումներ չանեն մարդկանց վրա, հատկապես՝ առողջապահության և կրթության ոլորտներում»։
Ինչպե՞ս պետք է զարգանա Հայաստանի տնտեսությունը, եթե ձախողվել է մարդկանց մեծ մասի ուսումը, և նրանք անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ չունեն։ Փող բերելով՝ հարց չի լուծվի։
Ժամանակի պահանջներին համապատասխանող գիտելիքներ և հմտություններ ունեցող մարդիկ են պետք, ովքեր փող կստեղծեն ու փող կբերեն։ Եթե այս ամենին գումարենք նաև այն իրողությունը, որ արհեստական ինտելեկտի տարածման արդյունքում առաջիկա տարիներին բազմաթիվ աշխատանքներ վերանալու են, ապա կրթությանը լուրջ վերաբերվելը դառնում է անհետաձգելի։
Այսպիսով, կրթության հարցը հանրային օրակարգ բերելու առաջին հիմնավորումն այն է, որ առանց որակյալ կրթության՝ տնտեսության զարգացում հնարավոր չէ։
Մյուս հիմնավորումն այն է, որ կրթության ճգնաժամն այսօր այնքան է խորացել, որ կրթության համակարգը միայնակ չի կարող իրավիճակը կարգավորել։ Սխալ է այն տեսակետը, որ ուսումնական ծրագրեր փոխելով, ուսուցիչներ վերապատրաստելով, տեխնոլոգիաներ զարգացնելով՝ հնարավոր է կրթության վիճակը բարելավել։
Կրթությունը պետք է բերել հանրային օրակարգ, քանի որ ներկա ճգնաժամը ստեղծվել է կյանքի մասին թյուր ընկալման և կրթության դերի խաթարման արդյունքում։ Կրթության ամենամեծ խնդիրն այն է, որ երեխաների մեծ մասը չի ուզում սովորել։ Չի ուզում սովորել, որովհետև բիզնես ինդուստրիայի կողմից ներարկվել է այն գաղափարը, որ կյանքը զվարճանք է և սպառում։
Մինչդեռ սովորելը և ցանկացած լուրջ աշխատանք ենթադրում է համբերատար, շատ դեպքերում՝ միապաղաղ, ձանձրալի աշխատանքի կատարում։ Մենք պետք է փոքրուց երեխաներին բացատրենք և օրինակ ցույց տանք, որ կյանքը չի կարող զարգանալ միայն զվարճանքով ու սպառումով։ Ոչ մի երաժիշտ կամ դերասան հաջողության չի հասնի, եթե ամեն օր միապաղաղ փորձեր չանի։ Ոչ մի մարզիկ հաջողության չի հասնի, եթե ամեն օր մարզումների ռեժիմը չկրկնի։
Ոչ մի գիտնական արդյունքի չի հասնի, եթե տարիներ շարունակ գրքեր չկարդա, չմտածի, փորձեր չանի։ Ցանկացած ձեռքբերման, այդ թվում՝ ուսուցման հետևում ձանձրալի, տևական աշխատանքն է։
Բայց արդյո՞ք այսօրվա երեխային մենք ասում ենք այդ մասին, թե՞ նրան փոքրուց դարձնում ենք զվարճանքի և սպառման ինդուստրիայի ակտիվ խաղացող՝ խաթարելով նրա ապագան։ Անգլիացի գրող Օլդոս Հաքսլին տասնամյակներ առաջ կանխատեսել էր, որ առաջիկայում լինելու է գիտելիքի աղբյուրների առատություն, ոչինչ չի արգելվելու, բայց մարդիկ չեն ցանկանալու կարդալ ու սովորել։
Դպրոցի տնօրենն ու ուսուցիչը, դասագիրք գրողն ու ուսուցիչ վերապատրաստողը միայնակ չեն կարող այս հարցերը լուծել։ Անիմաստ կլինեն մեր բոլոր կրթական ծախսերը, եթե մեծ խնդիրները չենք լուծում։ Այս խնդիրները հնարավոր է լուծել միայն միջավայր և արժեքներ փոխելու դեպքում։ Երեխաների հերոսներն այսօր զվարճացնողներն են, սպառման մղող կերպարները։
Նրանք երեխայից չեն պահանջում մտքի լարում, համբերատարություն, տոկունություն։ Նրանք ընդամենն ուզում են, որ դուք թուլանաք, անզգայանաք և գրպանից հանեք ձեր փողերը։ Ժամանակին ֆրանսիական հեռուստատեսություններից մեկի տնօրենն անկեղծորեն ասել էր. «Ես «Կոկա-կոլային» վաճառում եմ իմ հեռուստադիտողների ուշադրությունը»։ Իսկ ով տանում է ձեր ուշադրությունը, նա էլ տանելու է ձեր փողերը։