Սփյուռքի ներդրումները Հայաստանում
Սփյուռքի մարդկային, սոցիալական և ֆինանսական կապիտալը հաճախ դիտարկվում է որպես զարգացման ռեսուրս ծագման երկրի կամ հայրենիքի համար, որը ներդրումների կարիք ունի: Տարբեր սփյուռքներ այդ ռեսուրսն օգտագործում են տարբեր կերպ՝ հայրենիքի շահերի լոբբինգ ընդունող երկրում, բարեգործություն, կամավորություն, դրամական փոխանցումներ և այլն: Սակայն սփյուռքի քիչ ներկայացուցիչներ են օգտագործում իրենց հիմնական կապիտալը՝ կատարելով ուղղակի ներդրումներ և ստեղծելով նոր ձեռնարկություններ: Մյուս կողմից, սփյուռք ունեցող տարբեր երկրներ տարբեր կերպ են նպաստում և խրախուսում սփյուռքի ներգրավմանն իրենց տնտեսության մեջ, ուղիներ են փնտրում խթանելու սփյուռքի ուղղակի ներդրումները:
Շատ հետազոտողներ գտնում են, որ սփյուռքի ներդրումները հայրենիքում գործարարության զարգացման ավելի մեծ հնարավորություն ունեն, քան ոչ սփյուռքյան օտարերկրյա ուղղակի ներդրումները, քանի որ սփյուռքի ներդրումները և ձեռներեցությունը հաճախ ոչ միայն պայմանավորված են առավելագույն շահույթ ստանալու ձգտմամբ, այլ նաև սոցիալական ճանաչմամբ (ներդրումը հայրենիքում կարող է պատվաբեր և ողջունելի համարվել սփյուռքի համայնքում և հայրենիքում) և հուզական մոտիվներով (հայրենիքին օգնելու էմոցիոնալ բավարարվածություն կամ ծագման երկրի տնտեսությանն աջակցելու պարտավորվածություն):
Սփյուռքի ներդրումների ազդեցության օրինակներ են Չինաստանի և Հնդկաստանի աճող տնտեսությունները: Ինչպես նշվում է «Foreign Policy» ամսագրում՝ «Սփյուռքի օգնությամբ Չինաստանը հաղթեց համաշխարհային գործարան դառնալու մրցարշավը: Սփյուռքի օգնությամբ Հնդկաստանը կարող է դառնալ աշխարհի տեխնոլոգիական լաբորատորիա»[2]: Սակայն սփյուռքի ներդրումները և ձեռներեցությունն առավել կարևորվում են այն երկրների համար, որոնք գրավիչ չեն օտարերկրյա ուղղակի ներդրումների համար՝ փոքր շուկայի, չզարգացած ենթակառուցվածքների, կոնֆլիկտների, պատերազմի, քաղաքական ու ինստիտուցիոնալ կառուցվածքի և այլ ցուցանիշների պատճառով:
Այս տեսանկունից Հայաստանը նույնպես (ունենալով մեծ սփյուռք և արտագաղթի բարձր ցուցանիշ) սփյուռքի կապիտալի ներգրավման մեծ պահանջ ունի: Մի կողմից՝ Հայաստանի տնտեսական վիճակը և օտարերկրյա ներդրումների պահանջը, մյուս կողմից՝ փոքր շուկայի, տնտեսական շրջափակման, վստահության, ռիսկային և այլ գործոնների հետևանքով ներդրումային ցածր գրավչությունը ստիպում են մտածել այլընտրանքային ռեսուրսի՝ սփյուռքի ներուժի մասին: Ենթադրվում է, որ սփյուռքահայ գործարարները կունենան ներդրումների մոտիվացիայի տարբերություն. ի հավելումն տնտեսական շահի շարժառիթի՝ նրանք կառաջնորդվեն նաև, այսպես կոչված, էթնոսոցիալական մոտիվներով:
Ներգրավման քաղաքականության մեջ, ի թիվս տրանսպորտային և այլ ուղիների, կարևոր է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու մեդիայի դերը, որի միջոցով սփյուռքն ավելի լայն հնարավորություններ ունի հոգեբանական և ֆիզիկական կապ հաստատելու հայրենիքի հետ: ԶԼՄ-ների միջոցով սփյուռքում կարող են տեղեկանալ Հայաստանի ներդրումային միջավայրի և պայմանների, վարվող քաղաքականության, գործարարության հայաստանյան խոչընդոտների մասին, կարող է ձևավորվել պատկերացում սփյուռքահայերի դերի և առաջանալ կարծրատիպեր սփյուռքահայ գործարարների կերպարի վերաբերյալ:
Հայաստանյան մեդիայում ներգրավման քաղաքականության նման դրսևորումների, ինչպես նաև սփյուռքահայ գործարարների կերպարի, նրանց գործունեության շարժառիթների ուսումնասիրության նպատակով «Սփյուռքահայ ձեռներեցները Հայաստանում. նրանց գործունեության փորձը, խնդիրներն ու հեռանկարները» ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանում սփյուռքի ներդրումների և սփյուռքահայ գործարարների մասին հանրային դիսկուրսի ինստիտուցիոնալ ձևերից մեկի՝ առցանց մեդիայի վերլուծություն:
Հետազոտությունն իրականացվել է որակական բովանդակության վերլուծություն մեթոդի ավանդական մոտեցմամբ, ըստ որի՝ ուսումնասիրությունը սկսվել է դիտարկմամբ, կոդավորումն իրականացվել է տվյալների վերլուծության ընթացքում, իսկ կոդերը ստացվել են տվյալներից: Վերլուծության միավոր է ընտրվել թեման: Ուսումնասիրվել է չորս առցանց ԶԼՄ`1in.am, news.am, tert.am, aravot.am: Ընտրված առցանց ԶԼՄ-ներն ունեն հասարակական-քաղաքական ուղղվածություն, բարձր վարկանիշ և մեծ լսարաններ, կապված են սոցիալական ցանցերի հետ, չեն հայտարարում իրենց քաղաքական համակրանքների և նախասիրությունների մասին։ ԶԼՄ-ների հրապարակումները դիտարկվել են մեկ տարվա՝ 2016թ. կտրվածքով: Դրանցից առանձնացվել են բոլոր այն նյութերը, որոնք առնչվել են սփյուռքի ներդրումներին և սփյուռքահայ ձեռներեցների գործունեությանը Հայաստանում ու Արցախում:
Հարկ է նշել, որ չնայած թեմայի կարևորությանը և սփյուռքի ներդրումների անհրաժեշտության հռչակմանը՝ ուսումնասիրված ԶԼՄ-ներից յուրաքանչյուրը 2016թ. ընթացքում հրապարակել է մինչև մեկ-երկու տասնյակ նյութ (տե՛ս աղյուսակ 1):
Աղյուսակ 1. Ուսումնասիրվող թեմայով հրապարակումների քանակը 2016թ. ընթացքում.
ԶԼՄ | Հրապարակումների քանակ |
news.am | 28 |
1in.am | 11 |
aravot.am | 9 |
tert.am | 8 |
Ընդամենը | 56 |
Առանձնացված հրապարակումների մեջ վերլուծության միավոր թեմաները տիպայնացվել են, ապա՝ առանձնացվել ըստ ուղղվածության (տե՛ս աղյուսակ 2):
Աղյուսակ 2. Սփյուռքի ներդրումների և սփյուռքահայ գործարարների մասին ԶԼՄ հրապարակումների խճանկարը
Սփյուռքահայ ձեռնարկատիրոջ գործունեության պատմություն | |
Հաջողված | Ձախողված |
Սփյուռքահայ գործարարի՝ ներդրում կատարելու մտադրություն | |
Դրական | Բացասական |
Միջամտություն սփյուռքահայերի բիզնես նախաձեռնություններին | |
Խթան | Խոչընդոտ |
Ձեռներեցության ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխություններ և պետության քաղաքականություն | |
Նպաստող | Սահմանափակող |
Սփյուռքից հնչեցվող գնահատական սփյուռքի ներդրումների վերաբերյալ | |
Դրական | Բացասական |
Հայաստանից հնչեցվող գնահատական սփյուռքի ներդրումների վերաբերյալ | |
Դրական | Բացասական |
Սփյուռքի գործարար ներուժ. գնահատական Հայաստանից | |
Իրատեսական | Ոչ իրատեսական |
Սփյուռքի գործարար ներուժ. գնահատական սփյուռքից | |
Իրատեսական | Ոչ իրատեսական |
Ներդրումային միջավայր և բիզնեսի պայմաններ. գնահատական Հայաստանից | |
Դրական | Բացասական |
Ներդրումային միջավայր և բիզնեսի պայմաններ. գնահատական սփյուռքից | |
Դրական | Բացասական |
Սփյուռքահայ մասնագիտական խմբերի նախաձեռնություններ | |
Բիզնես միջավայրի բարելավում | Առանց երկարաժամկետ նպատակի |
Սփյուռքահայ գործարարների հարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ | |
Դրական | Բացասական |
Համահայկական գործարար համաժողովներ | |
Բիզնես միջավայրի բարելավում | Առանց երկարաժամկետ նպատակի |
Անդրադառնանք մեդիայում հանդիպող վերոնշյալ դիպաշարերին առանձին:
Հայաստանում սփյուռքի ներդրումների կարևորությունն առավել ակնառու շեշտադրող տեղեկատվությունը սփյուռքահայ ձեռնարկատերերի գործունեության առանձին դեպքերի մասին պատմություններն են, որոնք կարող են ձևավորել գործարարության վերաբերյալ կարծրատիպեր ու գործարարի կերպարի մասին պատկերացումներ: Սակայն գործունեության պատմությունները ոչ միայն ամենաքիչն են ներկայացվում, այլև բևեռային են՝ հաջողված կամ ձախողված (վերջիններս գերակշռում են): Ձախողված պատմությունները հիմնականում ընդհանրացվում են. մեկ դեպքը տարածվում է ողջ իրականության վրա:
«Ես արդեն չորս տարի է, որ վերադարձել եմ Հայաստանից, բայց տեսնում եմ, որ տեղի հայությունը չի հավատում Հայաստան պետությանը, չեն պատրաստվում Հայաստան տեղափոխվել, քանի որ որևէ վստահություն չկա /…/: Եվ որքան էլ պարոն Սերժ Սարգսյանն ասի, որ Սփյուռքի իրավունքը պաշտպանված է, թող նա փաստի օրինակներով, թե այդ որ դեպքում են սփյուռքահայերի իրավունքները պաշտպանվել, /…/, որ սփյուռքը նորից վստահություն ունենա նրանց նկատմամբ: /…/ որևէ սփյուռքահայ ներդրող հաջողել է հայաստանյան շուկայում. ո՞ւր են այդ փաստերը: Ճիշտ հակառակը՝ բազմաթիվ օրինակներ ունենք, երբ սփյուռքահայ ներդրողների, այդ թվում՝ իմ իրավունքները ոտնահարվել են, ինչի արդյունքում էլ վերադարձել եմ Ֆրանսիա, և մինչև այսօր դատական գործընթացները շարունակվում են /…/ Ստացվում է՝ իրենց ընդհանրապես չեն հետաքրքրում սփյուռքահայերի խնդիրները»:
«Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյան
Հաջողված պատմությունները հիմնականում վերաբերում են խոշոր գործարարներին, ովքեր փոխհարաբերություններ ունեն իշխանությունների հետ: Այսպես օրինակ, Սամվել և Կարեն Կարապետյանների՝ Հայաստանում տնտեսական գործունեության մասին հրապարակումները ներկայացվում են որպես առանց խոչընդոտների և միանշանակ հաջողված պատմություններ, որոնք, սակայն, ուղղակի կամ անուղղակի կապվում են իշխանությունների հետ նրանց փոխհարաբերություններով:
«Կարապետյան եղբայրների տնտեսական ազդեցությունը կարող է քաղաքական մարմնավորում ստանալ /…/ Կարապետյանները դարձել են այդ էլիտայի բաղկացուցիչ մասը, և չնայած իրենց կարողության առյուծի բաժինը գտնվում է Ռուսաստանում, սակայն նրանք ավելի ու ավելի են դառնում հայաստանյան գործիչներ՝ ավելի խորը ներգրավվելով Հայաստանի տնտեսական կյանքում»:
««Տաշիր» բարեգործական հիմնադրամը և Կարապետյանների ընտանիքը, ինչպես հանրապետության այլ բնակավայրերում, այդպես էլ Տաշիրում անցած տարիների ընթացքում իրականացրել են միլիոնավոր դոլարների ներդրումներ»:
Մեդիայում ներկայացված միակ հաջողված պատմությունը, որը պայմանավորված է սփյուռքի գործարարության իրական մոտիվներով, չի կապվում իշխանական հարաբերությունների հետ և ոչ միայն պատրաստ է հաղթահարել առկա խոչընդոտները, այլև գործարարության նոր մշակույթ, ենթակառուցվածք և գաղափարներ ստեղծել, ինչպես նաև Հայաստանի բիզնեսը կապել սփյուռքի հետ (ի տարբերություն մշտապես ակնկալվող սփյուռքից Հայաստան ուղու), Ռուբեն Վարդանյանի ձեռնարկատիրական գործունեությունն է:
«… Հայաստանն այն եզակի երկրներից է, որն ունի ազդեցիկ սփյուռքի ներուժ, որը պետք է էականորեն նպաստի այս գործի առաջխաղացմանը: Որպես աշխարհով մեկ սփռված ժողովուրդ, որը տարբեր երկրներում մասնակցել է ամենատարբեր ոլորտների զարգացմանը, մեզ տրված է բացառիկ առիթ մեր ներուժն օգտագործելու ի բարօրություն մեր երկրի»:
«Մենք պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրենք, որպեսզի FAST-ը հետաքրքիր դառնա /…/ առաջին հերթին մեր Սփյուռքի ներկայացուցիչների համար։ Մենք պետք է կրկին մեզ դրսևորենք որպես նորարարների ու գործարարների ազգ /…/։ FAST-ի տեսլականի հիմնական նպատակն է միավորել պետությունն ու մասնավոր հատվածը, եկեղեցին, լայն հասարակությունն ու էլիտան, Հայաստանի քաղաքացիներին ու Սփյուռքը, /…/, որպեսզի միացյալ ուժերով պայմաններ և մեխանիզմներ ստեղծենք Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու համար»:
IDeA հիմնադրամի համահիմնադիր, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյան
Հրապարակումների մեջ չկան առկա խնդիրները հաղթահարած կամ հաղթահարելու պատրաստ իրական դեպքերի պատմություններ: Իսկ գործունեության մոտիվացիայի մեջ շեշտադրվում են հուզական մոտիվները (հիմնականում՝ հայրենասիրություն): Հայրենասիրական մոտիվները, սակայն, չզուգակցվելով սոցիալական և ֆինանսական մոտիվների հետ, կարող են արժեզրկվել և կեղծ հնչեղություն ստանալ:
«… Արյան կանչ էր, թե սառը հաշվարկ, չեմ կարող ասել, երևի առաջինը: Ես շատ չեմ սիրում խոսել: Առհասարակ, սփյուռքում մարդիկ շատ են սիրում խոսել իրենց հայրենասիրության մասին՝ շատ խոսքեր, քիչ գործ: Սիրում ենք սահմանափակվել այստեղ գումար ուղարկելով, սակայն իրական աշխատանքն այստեղ է, պետք է գալ և այստեղ կառուցել այն, ինչ հեռվից հնարավոր չէ անել»:
Iterate hackerspace-ի հիմնադիր Էդգար Հարությունյան
«… Իմ փողերը հայրենասիրության համար թափեմ և ձգեմ երթա՞մ»:
Գործարար Ավո Կարագուլյան
Ընդհանուր առմամբ, սփյուռքի ներդրումների մասին հրապարակումներն ավելի շատ մտադրություն կամ հայտարարություն են, քան իրական գործունեություն:
«Սփյուռքահայ գինեգործ Վահե Քեշգերյանը մտադիր է փրփրուն գինիների գործարան բացել Վայոց ձոր մարզի Խաչիկ սահմանամերձ գյուղում»:
«Սփյուռքը բավականին մեծ ներուժ ունի, և մենք ակնկալում ենք սփյուռքյան ներդրումների աճ՝ պատրաստ լինելով հնարավորինս բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց արդյունավետության համար»:
«Վարչապետը ողջունել է հոլանդահայ գործարարների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական ակտիվության աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը»:
Մի կողմից, այդ հայտարարությունները կարող են ձևավորել դրական սպասումներ, մյուս կողմից, դրանք կյանքի չկոչելը կարող է առաջացնել հիասթափություն և անվստահություն:
Սփյուռքի ուղղակի ներդրումների կարևորության մասին նյութերը նույնպես առավելապես ներկայացնում են հայրենիքում ներդրումներ կատարելու կոչեր կամ խնդրանք սփյուռքին:
Թե՛ Հայաստանից, թե՛ սփյուռքից հնչեցվող գնահատականներն ունեն դրական և բացասական երանգներ: Սփյուռքից ակնկալում են ներդրումների առավել արդյունավետ օգտագործում, ներդրումային միջավայր և խոչընդոտների վերացում, ինչպես նաև անարդարացի են համարում սփյուռքին միայն որպես ֆինանսական կապիտալ դիտարկելու պրակտիկան:
«Սփյուռքը բանկոմատ է Հայաստանի համար, սփյուռքահայերը ձայն չունեն Հայաստանում»:
«Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամ, ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյան
«… պետք է Հայաստանի Ազգային ժողովում մի քանի աթոռ հատկացնել սփյուռքահայերին, որոնք պետք է լինեն ավելին, քան պարզապես նվիրատուներ կամ «կթան կով»… /…/ Աստիճանաբար, երբ օրենքի գերակայությունն ամուր հիմքերի վրա դրվի Հայաստանում և սոցիալական անհավասարությունը նվազի, սփյուռքահայերը վստահություն ձեռք կբերեն ներդրումներ անելու իրենց հայրենիքում, ինչը կհանգեցնի աշխատատեղերի ստեղծման և արտագաղթի կրճատման»:
«The California Courier» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյան
Հայաստանում նույնպես մտայնություն կա սփյուռքի ռեսուրսի շահագործման և սփյուռքի հետ հարաբերությունների նախկին մոտեցումների անարդարացիության, ինչպես նաև սփյուռքի ներդրումների անարդյունավետության շուրջ: Դրա մասին անգամ պաշտոնապես բարձրաձայնել է ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ սփյուռքի հետ Հայաստանի քաղաքականության իր պատկերացումների համատեքստում:
«Պարբերաբար դիմել Սփյուռքին որպես բարեգործության աղբյուր, անհեռանկարային է և ինքնասիրության խնդիրներ առաջացնող»:
«Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ սփյուռքը ցանկանա ներդրումներ անել»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան
«Հայաստանը պետք է հրաժարվի ընչաքաղց մոտեցումներից, կարողանա նպաստել, որ Սփյուռքն այստեղ ներդրումներ անի և ծրագրեր իրականացնի»:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյան
Սակայն սփյուռքին ներգրավելու գործում մոտեցումները մնում են նույնը՝ հայաստանակենտրոն և Հայաստանում ներդրումների «պարտադրմամբ»:
«Կարո՞ղ է Հայաստանը զարգանալ, ապրել առանց Սփյուռքի` այո: Սակայն սփյուռքահայության հետ հնարավորությունները կրկնապատկվում են, տասնապատկվում են: Իսկ Սփյուռքն առանց Հայաստանի կարո՞ղ է` իհարկե ոչ»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան
Իսկ ներգրավման քաղաքականությունը հիմնականում իրականացվում է ներդրումների և բիզնեսի երաշխիքների մասին անձնական հայտարարություններով:
«… մենք պատրաստ ենք քննարկել ձեր կողմից ներկայացված ներդրումային ծրագրերը, նոր գաղափարները, ստեղծարար առաջարկները, դրանք կենսագործելու համար ստեղծել պատշաճ հնարավորություններ ու պայմաններ, որպեսզի դուք հայրենիքում կարողանաք շահութաբեր գործունեություն ծավալել:»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
«Ուզում ենք, որ սփյուռքն առավել ակտիվ մասնակցություն ունենա Հայաստանի տնտեսական կյանքում:»
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան
«Վարչապետը եկավ Ռուսաստանից, /…/ ու բավականին հետաքրքիր նոր ծրագրեր է առաջարկում։ Շատ կոնկրետ է, հետևողական է, և չեմ կարծում, որ կլինի որևէ մեկը, որ կգա այստեղ ներդրում կանի ու վատ վիճակի մեջ կընկնի»:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
«Սփյուռքի նախարարության կարևորագույն խնդիրը, ըստ Կառավարության ծրագրի, կապակցված է ներդրումներ ներգրավելու հետ»:
Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյան
Հարկ է նշել, որ սփյուռքի հանդեպ վարվող քաղաքականության, հարաբերությունների և որոշումների կայացման համար կարիք կա իրատեսական գնահատական տալ սփյուռքի կապիտալին, մասնավորապես՝ գործարար ներուժին: Ինչպես նշում է Արա Սանճեանը. «Եվ քանի որ /…/ սփիւռքին մեծ դեր կը վերապահուի, անոր կարողականութեան գերագնահատումը եւ անստոյգ տուեալներու հիման վրայ քաղաքական որոշումներ որդեգրելը կրնայ նոյնիսկ երկիրը աղէտներու առաջնորդել»:
«… սփյուռքը բավականին մեծ ներուժ ունի, և մենք ակնկալում ենք սփյուռքյան ներդրումների աճ…»:
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյան
«Առաջին խնդիրը կապակցված է ներդրումների ներգրավման հետ։ Այստեղ մեծ է մեր սփյուռքի դերը։ Այն մեծ ներուժ ունի։»
Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյան
«Հայաստանն այն եզակի երկրներից է, որն ունի ազդեցիկ սփյուռքի ներուժ։»
Գործարար Ռուբեն Վարդանյան
«Անհրաժեշտ է միավորել Հայաստանի և Սփյուռքի պոտենցիալը, նրա մտավոր, տնտեսական և ֆինանսական պոտենցիալը:»
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան
Պետության կողմից սփյուռքի գործարար ներուժի օգտագործման մեխանիզմների առարկայական օրինակ է Հայաստան ներգաղթած սիրիահայերի ձեռնարկատիրական գործունեությունը: Որպես արտակարգ պայմաններում առաջացած առանձնահատուկ դեպք՝ սիրիահայերի հանդեպ ցուցաբերվող մոտեցումները կարելի է համարել իրավիճակային և թիրախային: Սակայն այդ հատուկ դեպքի միջոցով նույնպես կարելի է ցույց տալ հայտարարությունների և իրականության համապատասխանությունը:
Սիրիահայերի բիզնես նախաձեռնություններին պետության միջամտությունը ԶԼՄ-ներում հիմնականում ներկայացվում է որպես խթան: Այսպես, սիրիահայերի տնտեսական գործունեությանը և բիզնես նախաձեռնություններին օժանդակող միջոցառումներից ներկայացվել են հետևյալ գործողությունները՝ արտադրանքների ցուցահանդես-տոնավաճառների կազմակերպում, առևտրի կետերի տրամադրում, վարկային արտոնություններ, վերապատրաստումներ և այլն: Սակայն ինստիտուցիոնալ մակարդակով կառավարությունը խուսափում է հատուկ արտոնություններ շնորհել սփյուռքահայ գործարարներին: Հետևապես, խոչընդոտները համընդհանուր են և ոչ ուղղած սփյուռքահայ գործարարներին:
«Մենք չենք կարող հատուկ սիրիահայերի համար հարկային օրենքներ ստեղծել, քանի որ վաղը բոլորն իրենց բիզնեսը կձևակերպեն սիրիահայերի անունով, ու ոչ ոք հարկեր չի վճարի կամ էլ կվճարի ոչ ամբողջական։»։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
Սիրիահայ գործարարներն իրենց հերթին նշում են, որ դժվարությամբ են հարմարվում հայաստանյան բիզնես միջավայրին: ԶԼՄ-ները ներկայացնում են թե՛ հարմարվողների, թե՛ բիզնեսի չկայանալու պատճառով հեռանալու որոշում կայացնողներին:
Սփյուռքի ներդրումների և սփյուռքահայերի գործարարության համատեքստում փոքրաթիվ հրապարակումներ կան նաև ձեռներեցության ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխությունների և պետական քաղաքականության ու նախաձեռնությունների վերաբերյալ: Դրանք ներկայացվում են որպես բիզնես գործունեությանը նպաստող կամ սահմանափակող գործոններ: Այսպես, քննարկվում են հարկային արտոնությունները, հարկային օրենսգիրքը, բարձր հարկերից դժգոհությունները, օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով հարկային և մաքսային արտոնություններ տրամադրող ազատ տնտեսական գոտիների ստեղծումը և այլն:
Հայաստանում ներդրումային միջավայրի և բիզնեսի պայմանների ու երաշխիքների մասին ԶԼՄ-ներում շրջանառվող դրական և բացասական գնահատականները նույնպես կարող են ձևավորել վստահություն կամ անվստահություն: Ուսումնասիրված նյութերը ցույց են տալիս սփյուռքի անվստահությունը՝ չնայած պաշտոնական տարբեր հավաստիացումներին:
ԶԼՄ հրապարակումների միջոցով, մի կողմից, մատնանշվում է սփյուռքի տնտեսական մեծ ներուժը և ցույց է տրվում Հայաստանի իշխանությունների ակնկալիքները՝ ներգրավելու այն երկրի տնտեսության մեջ, մյուս կողմից ներդրումային միջավայրի և բիզնեսի պայմանների մասին հավաստիացումները վստահություն չեն ներշնչում սփյուռքի ներդրողների համար: Հայրենիքի զարգացմանը նպաստող ներդրումների ներգրավումն առավելապես ներկայացվում է զգայական մոտիվների հիմնավորմամբ (ֆինանսական և սոցիալական մոտիվները կա՛մ չեն դիտարկվում, կա՛մ դիտարկվում են որպես երկրորդական):
Սփյուռքի ներգրավման քաղաքականությունը ներկայացվում է միակողմանի՝ դեպի Հայաստան և մեկ գործոնով՝ ֆինանսական կապիտալով, ինչը սփյուռքահայերի մոտ կարող է առաջացնել անվստահություն: Սփյուռքահայերն իրենց հերթին առաջ են քաշում վստահության և երաշխիքների խնդիրներ (ընդհանրապես սփյուռքահայերի տեսակետներն անհամեմատ քիչ են ներկայացվում):
Այսպիսով, սփյուռքի ներդրումների և սփյուռքահայ գործարարների մասին ուսումնասիրված առցանց ԶԼՄ-ների նյութերը ցույց են տալիս.
ա) խիստ անհամաչափություն՝ խնդրի կարևորության և դրա լուսաբանման ծավալների միջև,
բ) մեդիան չի օգտագործվում որպես սփյուռքյան ներդրումների ներգրավման կարևոր գործիք,
գ) հրապարակումները բովանդակային առումով չեն նպաստում սփյուռքահայերի գործարար նպատակադրումներին,
դ) սփյուռքահայ գործարարի կերպարը ներկայացվում է առավելապես հուզական, այսպես կոչված, հայրենասիրական շարժառիթներով, իսկ ձեռներեցության պատմությունները բևեռային են՝ հաջողված-ձախողված (չկան խնդիրների հաղթահարման իրական պատմություններ), ինչն առաջացնում է կարծրատիպեր և ոչ իրական պատկերացում է ձևավորում,
ե) չի ներկայացվում սփյուռքի ներդրումների վերաբերյալ իրատեսական գնահատական, ինչը կարող է այն ըստ արժանվույն չգնահատելու ու չկարևորելու տպավորություն ստեղծել սփյուռքում,
զ) սփյուռքի կապիտալի հանդեպ վերաբերմունքը ձևավորում է անվստահություն:
Սյուզաննա Բարսեղյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի
Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)