
Դուբայում աղբից ստացված էլեկտրականություն կմատակարարեն տներին

Դուբայի քաղաքապետարանը գործարկել է աղբից էլեկտրականություն ստանալու ընդգրկուն ծրագիր՝ Waste to Energy (WTE)-ը, դրա կարողությունները կբավականացնեն տարեկան 120 հազար տուն «մաքուր էներգիայով» ահպահովելու համար:
Այդ մասին հայտնել է Khaleej Times հրատարակությունը: Ծրագրի շրջանակներում տարեկան կվերամշակեն 1,82 միլիոն տոննա թափոններ, տեխնոլոգիան թույլ կտա արտադրել 171 մեգավատ էլեկտրականություն:
Դա կբավականացնի տարեկան 120 հազար տուն «մաքուր էներգիայով» ապահովելուն: Ինչպես գրել է հրատարակությունը, այդ ծավալը կարող է ամբողջ տարին ապահովել երկու հազար այնպիսի երկնաքերերի էլեկտրաէներգիայի կարիքները, ինչպիսին Բուրջ Խալիֆա աշտարակն է (դրա բարձրությունը 828 մետր է, այն աշխարհում ամենաբարձր կառույցն է): Ծրագիրը կավարտվի մինչեւ 2020 թվականը:
Այն Դուբայի Մաքուր էներգիայի ռազմավարության իրագործման մի շարք նախաձեռնությունների մաս է կազմում, որի համաձայն 2050 թվականին քաղաք-Էմիրության ընդհանուր մուտքային հզորության 75 տոկոսը կապահովվի էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: