«Գտնված երազ»-ի հեղինակներ Դիլլաքյան եղբայրները Հայաստանում են
Գիշերվա կեսին փոքրիկ աղջիկն ուղևորվում է՝ գտնելու պապիկի կորած քունը, հայտնվում է նկարների կախարդական աշխարհում, ծանոթանում հեքիաթային արարածների հետ, իսկ երբ վերադառնում է, պապիկն արդեն քնած է լինում։
Մեր, մեզնից էլ առաջ ու, թերևս, այսօրվա մանկահասակ սերնդի սիրված մուլտֆիլմի՝ «Գտնված երազ»-ի հեղինակներ Դիլլաքյան եղբայրները (Dilakian Brothers) 42 տարի անց կրկին Հայաստանում են՝ հիշելու և պատմելու ֆիլմի ստեղծման պատմությունը, դրա հետ կապված հիշարժան ու անմոռանալի դրվագները, եղբայրներ, ովքեր ավելի քան չորս տասնամյակ առաջ գտան կորած երազն ու մեծահոգաբար դարձրին այն բոլորինը:
Պարզվում է՝ մուլտֆիլմի ստեղծման առաջին տարիներին դրա վերաբերյալ արձագանքներն այնքան էլ հուսադրող չեն եղել: Դիլլաքյան եղբայրները պատմում են՝ պատճառը սովետական գաղափարախոսությանն անսովոր սյուժեն էր.
«Հիշում եմ՝ փակ ցուցադրություն եղավ, ու ֆիլմն ի սկզբանե շատ սառն ընդունելության արժանացավ: Հավանաբար այնտեղ չկար այն, ինչ սպասում էին տեսնել ժամանակի գրաքննադատները՝ երգող նապաստակներ, խոսող ագռավներ, պիոներներ կամ վզկապներ: Մենք, իհարկե, հուսահատվեցինք, բայց հոգու խորքում հավատում էինք, որ ինչ-որ լավ բան ենք արել: Հետո, երբ ֆիլմը տարանք Մոսկվա, ի տարբերություն Երևանի, շատ ջերմ ընդունելության արժանացավ, զգացինք, որ ստացվել է»,- պատմում է Գ. Դիլլաքյանը:
«Գտնված երազ»-ի մոտիվներով նոր մուլտֆիլմ ստեղծելու հեռանկարներ Դիլլաքյան եղբայրների ստեղծագործական առաջիկա պլաններում դեռևս չկա՝ դեռ ժամանակը չէ, որ ծերուկն արթնանա, ասում է Հ. Դիլլաքյանն ու հավելում՝ առաջարկություններ կան, բայց նպատակահարմար չենք գտնում.
«Հետո ո՛չ Ֆրունզիկը կա, ո՛չ Էլբակյանը, Հախվերդյանն էլ, հայտնի չէ՝ հավես կունենա՞ միանա, թե՞ ոչ: Մոսկվայից առաջարկություն կա մուլտֆիլմի հիման վրա սերիալ ստեղծելու, բայց այդ մասին մտածելու համար ևս դեռ վաղ է»:
Արդեն երկար տարիներ Նյու Յորքում ապրող Դիլլաքյան եղբայրները Հայաստանում են երկու նոր՝ «Գտնված երազ» և «Հորս արև, մորս արև» գրքերի շնորհանդեսն իրականացնելու համար: Վերջին գիրքը պատկերավոր կերպով ներկայացնում է հայկական ասույթների և թևավոր խոսքերի լայն տեսականի, որն իր մեջ նաև հումորի և ծիծաղի մեծ ու կրեատիվ չափաբաժին է պարունակում.
«Ստացվել է այնպես, որ Նյու Յորքում մենք ամերիկյան միջավայրում ենք ապրում, և ամեն անգամ Լոս Անջելես այցելելուց տպավորություն է, թե Երևանում ենք հայտնվել: Մենք այնտեղից ենք լսում հայկական հին ու նոր թևավոր խոսքերը: Հիմա ամենատարածված խոսքը, որ գրեթե ամեն քայլափոխի լսում ենք՝ «սրտիդ մեռնեմ»-ն է:
Սկսել ենք պատկերավոր խոսքերը վիզուալացնել: Մեկ-մեկ արդյունքում շատ դաժան տեսարաններ են ստացվում, գրեթե զոմբիանման իրականություն է բացահայտվում, բայց կարծում եմ՝ հագեցած շատ հետաքրքիր, վիզուալ պատկերներով՝ այնուամենայնիվ»:
Դիլլաքյան եղբայրներն առանձնացնում են՝ տպավորված են տեղի՝ հայաստանցի երիտասարդների և երեխաների վառ ու բացառիկ երևակայությամբ, արդեն վեցից ավելի հանրակրթական դպրոցներում են եղել ու շարունակում են այցելել, ծանոթանալ հատկապես դպրոցահասակ պատանիների հետ.
«Հրաշալի երիտասարդություն է մեծանում Հայաստանում՝ պայծառ դեմքերով, ճիշտ հարցադրումներով: Այնպես չէ, որ ավագ սերնդից հույսներս կտրել ենք, բայց հատկապես նոր սերնդի այս որակները շատ հուսադրող են»:
Դիլլաքյան եղբայրները, ովքեր այսօր զարմանալի կերպով նմանվել են իրենց ստեղծած հայտնի հերոս ծերուկին, շարունակում են ստեղծել մեզ համար անչափ զվարճալի և բացառիկ գործեր, որոնք տեսնելով՝ բացականչում ենք՝ «թո՜ւյն», «կա՜յֆ»՝ առանց մի կաթիլ անգամ կասկածելու, որ նույնիսկ այս բառերը, իրենց այժմյան նշանակությամբ, մեր բառապաշար են մտցրել դարձյալ իրենք։
Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում։