«ԵԽ ԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորի գլխավոր հանդիսատեսը ոչ թե Ստրասբուրգում էր, այլ Բաքվում». Դենիս Դվորնիկով

Հարցազրույց ՌԴ Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովի հետ

– Պարոն Դվորնիկով, ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Եվրոպա: ԵԽ ԽՎ-ում ելույթի ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարեց, որ վաղուց հասունացել է Ղարաբաղյան հակամարտության լուծման ժամանակը: Ինչպիսի՞  նախադրյալներ եք տեսնում դրա համար:

– Դեռևս ոչ մի: Ադրբեջանի համար Ղարաբաղի թեման ավելի կարևոր է, քան Սահմանադրությունը: Այն ազգային ինքնության առանցքն է, ներքին քաղաքականության հիմքը: Եվ Բաքվում իշխող ռեժիմն այլևս չի կարող առաջարկել միավորող այլ օրակարգ: Իրադրությունը չի կարողանա փոխել անգամ Ադրբեջանում իշխանական էլիտայի փոփոխությունը, քանի որ պատերազմի խաղերն արդբեջանական հասարակությունում շատ հեռուն են գնացել:

Կասպիցի ափին ավտորիտարիզմի ու օլիգարխիկ խնջույքի արդարացումն արտաքին սպառնալիքով չափազանց գայթակղիչ է և չափազանց հեշտ: Միայն համաձայնեցված արտաքին ճնշումը գերտերությունների կողմից, որոնք ադրբեջանական նավթարդյունաբերության պայմանական «բաժնետերերն» են, կարող է փոխել քաղաքական վեկտորը: Սակայն դա էլ առայժմ ուտոպիական է թվում: Խոշոր խաղացողներին բավարարում է կառավարելի և ավտորիտար Ադրբեջանը: Ավելի հեշտ է ֆինանսական կեռի վրա պահել մի մենեջերի, քան թե վազել և փորձել համաձայնություն ձեռք բերել տարբեր կուսակցությունների և ուժային կենտրոնների հետ:

– Ադրբեջանցի պատգամավորի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ Ս.Սարգսյանն իր ելույթում չհիշատակեց Խոջալուի «ցեղասպանությունը», ՀՀ նախագահը հայտարարեց, որ Ադրբեջանում միտում կա` անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը, և դա անթույլատրելի բան է: Սերժ Սարգսյանն ասել էր. «Ինչի՞ համար է ձեզ պետք մի բան անվանել ցեղասպանություն, որ երբեք չի եղել, հատկապես հայերի կողմից չի եղել»: Ձեր կարծիքով` Ադրբեջանում այդ միտումը կարելի՞ է անվանել «հայկական բարդույթ»:

– Ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ Սամեդ Սեիդովը կատարում էր լիովին ավանդական դեր: Նրա խոսելու ձևը, ինտոնացիան, ելույթի ընդհանուր պաթոսը, շաբլոն ձևակերպումները մեղադրանքների ստանդարտ հավաքածու է: Ընդ որում` պարզ էր, որ գլխավոր հանդիսատեսը ոչ թե Ստրասբուրգում էր, այլ Բաքվում: Եվրոպացի քաղաքական գործիչները սովոր են ընկալել բովանդակային հիմնավորումներն ու փաստարկները, և ոչ թե՝ ասիական թատրոնը: Եվ իրականում ի՞նչ հարցեր կարող են լինել Սեիդովին:

Նրա աշխատանքն է այդպիսին: Նա ընդամենը վերարտադրեց այն իմաստային մոդուլները, որոնք իր պետության արտաքին քաղաքականության հիմքն են: Այդ ամենը ձեռագործ իրեր են, որ հորինել են իրենց տեխնոլոգները: Այդ թվում և՝ «հայկական բարդույթի» դրսևորումները, ինչի մասին դուք խոսում եք: Կարելի է ընդամենը խղճալ քաղաքացիներին, որոնց այդ բարիքը հրամցնում են բոլոր տեղերից:

– Եվրոպայի խորհրդի երկրների միջև հակամարտությունների հարցերով ԵԽ ԽՎ ենթահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ենթահանձնաժողովի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ժամանակավոր դադար է առաջանում, և մոտ ժամանակներս Ղարաբաղյան հակամարտությունն օրակարգում չի լինի, դա բացատրելով նրանով, որ ԵԽ ԽՎ-ն կենտրոնացել է Մերձդնեստրի խնդրի վրա: Հաշվի առնելով նաև, որ Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններ են լինելու և նախատեսվում է իշխանության փոփոխություն, ե՞րբ կավարտվի այդ դադարը բանակցություններում:

– Աշխարհում իրադրությունը չափազանց բարդ և փոփոխական է: Այդ պատճառով կանխատեսումները, թե ինչպես կփոխվի եվրոպական պատգամավորների ուշադրության կենտրոնացումը, իմ կարծիքով, անիմաստ են: Կցանկանայի հուսալ, որ բանակցությունների նոր փուլը կմեկնարկի քաղաքական խաղաղ նախաձեռնությունների արդյունքում, և ոչ թե՝ նոր լարվածության ֆոնին ի հայտ եկած արտակարգ պայմաններում:

– Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր մոտեցումների փոփոխություններ հնարավո՞ ր են:

– Հնարավոր են: Մոտավորապես երկու սերունդ հետո:

Տեսանյութեր

Լրահոս