Բաժիններ՝

«Երևանում երթուղային մեքենաների թվի կրճատումը կբերի ոչ թե՝ վարորդների թվի կրճատման, այլ՝ ավելացման». Բաբկեն Պիպոյանը կողմ է նախատեսվող փոփոխություններին

«Այն, ինչ մոդելային բերված է, այն է, ինչ ես 2013 թվականին ասում էի, բոլորն ասում էին՝ չէ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ խոսելով Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի ներդրման մասին:

Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ նախատեսվում է գործող 2039 տրանսպորտային միջոցի փոխարեն՝ երթուղային մեքենաների թիվը դարձնել 939: Այս թվի մեջ են մտնում ավտոբուսները, տրոլեյբուսներն ու մետրոյի գնացքները: Նշենք նաև, որ 11 հիմնական երթուղիները սպասարկվելու են մեծ՝ միակցված ավտոբուսներով, որոնց երկարությունը 18 մետր է լինելու:

«Դեռևս 2013 թվականին ես այն քիչ մարդկանցից էի, որն ասում էր՝ տրանսպորտի ինքնարժեքի մեջ շարժակազմերը մեծ նշանակություն ունեն: Երբ մենք նայում էինք ցանցի ծանրաբեռնվածությանը, հասկանում էինք, որ շատ ավելի քիչ շարժակազմերով կարելի է ապահովել նույն ուղևորահոսքի փոփոխությունը, քիչ շարժակազմերն իրենց հերթին՝ բերելու էին ինքնարժեքի մեջ ավելի նվազման, որովհետև կան ծախսեր և կան մուտքեր:

Բնականաբար, ինչքան քիչ շարժակազմ է ապահովում մուտքը, այնքան ինքնարժեքը լինում է ավելի ցածր: Ինքնարժեքի վրա ազդելու էր համապատասխան շարժակազմերի գները, որովհետև, բնականաբար, ավելի փոքր շարժակազմն ավելի էժան էր, քան ավելի թանկ շարժակազմը: Այն, ինչ մենք բարձրացնում էինք 2013 թվականին, և քաղաքապետարանն այս հարցերի պատասխանը չուներ ու ասում էր՝ «ո՞վ է ասում, որ սա ճիշտ է», հիմա իրենց միջազգային խորհրդատուն ասել է, որ մենք ժամանակին ճիշտ էինք, ու լավ բան են բերել: Ուրախ եմ, որ Երևանի քաղաքապետարանն էլ է սա ընդունել, ու նորմալ գնում է գործընթացը: Մնացած ամեն ինչը պետք է կյանքի մեջ տեսնել, որ ավելի ճիշտ գնահատական տրվի: Կարող եմ պնդել մեկ բան՝ եթե այն, ինչ թղթի վրա գրված է, ունենանք, շատ լավ է»,- նշեց Բ. Պիպոյանը:

Դիտարկմանը, թե տեսակետներ են հնչում, որ այդ մեծ ավտոբուսները Երևանի նեղ փողոցների համար չեն և խցանումներ կառաջացնեն՝ Բ. Պիպոյանն այսպես պատասխանեց. «Մեր երկրի խնդիրներից մեկն այն է, որ բոլորն էքսպերտ են, այն մակարդակի էքսպերտ են, որ իրենց ժամանակ էլ պետք չէ ինչ-որ բանի պատրաստվելու համար: Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Երևանում կան փողոցներ, որոնք նեղ են, այդ մարդիկ գիտե՞ն՝ այդ 18 մետրանոց ավոտբուսները որ փողոցներով են անցնելու: Երբ մարդն այնքան չգիտի, որ չի տարբերում հիմնական գիծը սնուցող գծից ու որոշում է կարծիք հայտնել, ես այդ մարդու ասածը մեկնաբանե՞մ: Իհարկե, կան նեղ փողոցներ, իսկ ո՞վ ասեց, որ այդ նեղ փողոցով 18 մետրանոց ավտոբուսն անցնելու է»:

Հարցին, թե՝ ի՞նչ եք կարծում՝ երթուղային մեքենաների թվի կրճատումը կբերի՞ վարորդների թվի կրճատման, մեր զրուցակիցը պատասխանեց, որ տարրական տրամաբանությունն ասում է, որ չի բերի. «Այսօր վարորդներն աշխատում են՝ խախտելով ՀՀ օրենսդրությունը, այսինքն՝ ոչ թե վարորդն է խախտում, այլ գծի տերն է խախտում: Վարորդն առավոտը նստում է, գիշերը մեքենան հանձնում է: Կհավատա՞ք, որ նոր ցանցով, նոր օպերատորով մի մեքենան վարելու է մի մարդ՝ առավոտը ժամը 6-ից մինչև գիշերվա 12-ը: Մարդը ֆիզիկապես չի կարող սա անել, հերթափոխ է լինելու, այսինքն՝ մի մեքենային առնվազն 2 վարորդ է լինելու, եթե անգամ 2 վարորդ լինի, էլի է օրենք խախտվելու, որովհետև աշխատաժամն 8 ժամն է, բայց ինքը պետք է աշխատի 9 ժամ, որ ամբողջ չվերթը փակի:

Ես անգամ ասել եմ՝ եկեք ժամերը վերանայենք, որ օրենք չխախտենք, որ վարորդն 8 ժամ աշխատի, որովհետև այս մեր ժամերով կա՛մ պետք է 3-րդ վարորդը պահենք, որը լրացուցիչ ծախս է, կա՛մ պետք է օրենքը խախտենք, որ կարողանանք ինքնարժեքը ճիշտ հաշվենք: Մենք ունեինք 2000 մեքենա, 2000 վարորդ, այսօր ունենք 1000 մեքենա, մեզ պետք է 2300 վարորդ, հիմա մեր վարորդները պակասեցի՞ն, թե՞ ավելացան»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե այս փոփոխությունները տրանսպորտի սակագնի վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ: Ի պատասխան՝ Բ. Պիպոյանն ասաց. «Այս փուլում սակագնի վրա ազդելու է՝ դեպի նվազում: Բայց այլ գործոններ ևս կան, որոնք տանելու են դեպի թանկացում: Սակագինը որոշվում է չափորոշիչներից, որոնք սահմանելու են, օրինակ, ինչ շարժակազմ լինի, որ ֆիրման ներկայացնի, շարժակազմը բենզինո՞վ, թե՞ գազով աշխատի, և այլն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս