«Մենք չենք պատրաստվում որևէ միակողմանի զիջման գնալ». Էդուարդ Շարմազանով

Ըստ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում մի շարք կարևոր սկզբունքներ է նշել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ դրանցից առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն արժեքային համակարգով Եվրոպա է.

«Ի՞նչ ենք մենք հասկանում՝ «արժեքային համակարգ» ասելով․ դա ժողովրդավարական արժեքներին դավանելն է, դա օրենքի գերակայությունն է, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը, համամարդկային և քրիստոնեական արժեքների տարածումը։ Սրանք են մեզ համար եվրոպական արժեքները, և մենք անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով»։

Սերժ Սարգսյանի նշած երկրորդ կարևոր սկզբունքը, ըստ նրա՝ այն է, որ ՀՀ ներքաղաքական օրակարգի գլխավոր գերակայություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է.

«Կոռուպցիան մարտահրավեր է մեր պետությանը, միևնույն ժամանակ այն հատուկ չէ միայն մեզ նման զարգացող երկրներին, այն հատուկ է նաև այնպիսի հեղինակավոր կազմակերպությանը, ինչպիսին է ԵԽ ԽՎ-ն, և ստրասբուրգյան բարձր ամբիոնից ՀՀ նախագահն ափսոսանքով նշեց, որ մենք ականատես ենք եղել ԵԽ ԽՎ-ում արժեքային ճգնաժամի, երբ խավիարը կամ նավթադոլարները շատ ավելի համոզիչ էին, քան ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը»։

Շարմազանովը նկատեց՝ ՀՀ նախագահը Ստրասբուրգում տվեց արցախյան հիմնահարցի պատմական, իրավական և քաղաքական հիմքերը.

«Նախ՝ հստակ նշվեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, որը խաղաղ էր և որևէ անօրինական լոզունգ իր մեջ չէր պարունակում, Ադրբեջանի ղեկավարությունը՝ այն ժամանակվա ԽՍՀՄ-ը, պատասխանեց սումգայիթյան ջարդերով։ Նախագահը հստակ նշեց, որ Արցախի խնդիրն ազատության և մարդու իրավունքների պաշտպանության պայքար է, դա տարածքային վեճ չէ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ, ինչպես ամենուր, ուշ թե շուտ, ցանկացած պայքար, որը միտված է մարդու իրավունքների պաշտպանությանը, ազատությանն ու անկախությանը, պսակվում է հաջողությամբ։ Կասկած չկա, որ Արցախի ժողովրդի պայքարը ևս պսակվելու է հաջողությամբ»։

Նախագահի վերջին մեսիջը, ըստ նրա՝ հայ-թուրքական արձանագրությունների և հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» ճակատագիրն է.

«ՀՀ-ն բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է։ ՀՀ-ն տարածաշրջանային խաղաղության, կայունության կողմնակից է, և մշտապես քայլեր է ձեռնարկել այդ հավասարակշռությանը հասնելու համար, բայց հայ-թուրքական հարաբերություններում մենք չենք անի երբեք քայլ, որը հակասում է մեր ստորագրած փաստաթղթին։ Իսկ պրոտոկոլները, որը մենք 2009 թվականին ստորագրում էինք, առանց նախապայմանների էին, և որևէ միակողմանի զիջում իրենց մեջ չէին պարունակում։ Ուստի մենք չենք պատրաստվում որևէ միակողմանի զիջման գնալ։ Եվս մեկ անգամ վերահաստատվեց Թուրքիայի հանցագործ քաղաքականությունն ապրիլյան պատերազմի ժամանակ, և Թուրքիայի Հանրապետության ղեկավարները 4 օրում 5 հայտարարություն արեցին, որոնք ուղղակի սատարում էին Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ ընդդեմ Արցախի խաղաղասեր հասարակության»։

Տեսանյութեր

Լրահոս