«Եթե վարչապետը լինի Արևմուտքի վստահությունը վայելող գործիչ, ապա նախագահ-վարչապետ տանդեմը բավական ազդեցիկ ուժ կլինի թե՛ երկրի ներսում, թե երկրից դուրս». Քաղտեխնոլոգ

«Ինչպես միշտ՝ գործող նախագահի խոսքը գործից տարբերվեց»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունն է առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում:

Քաղտեխնոլոգը նկատեց, որ Սերժ Սարգսյանը որոշակի չափորոշիչներ էր հայտնել, թե ինչին պետք է համապատասխանի ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուն. «Չափորոշիչներից մեկն այն էր, որ նա պետք է քաղաքականությամբ զբաղված չլինի, իսկ նախագահի առաջադրած թեկնածուն ժամանակին եղել է ՀՀ վարչապետը, նշանակում է՝ զբաղվել է քաղաքականությամբ, բացի դրանից, նա նաև դեսպան է աշխատում, ինչը նույնպես նշանակում է, որ նա քաղաքականությամբ է զբաղվում: Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ նա պետք է հեղինակություն ունենա Սփյուռքում: Օրինակ, խիստ կասկածելի է՝ արդյոք նախագահի նոր թեկնածուն հեղինակությո՞ւն է, ասենք, Իրանի Իսլամական Հանրապետության հայ համայնքի համար, Լիբանանի հայ համայնքի համար, Հունաստանի հայ համայնքի համար, և այլն: Միակ մարդը, որը հեղինակություն ունի ողջ Սփյուռքում, Շառլ Ազնավուրն է, իսկ մյուսներն ուղղակի հեղինակություն ունեն համայնքի որոշ հատվածներում, բայց ոչ՝ ամբողջ Սփյուռքի մոտ»:

Ա. Բադալյանի խոսքով՝ առաջադրված թեկնածուն հիմնականում սերտ կապեր ունի անգլոսաքսոնական փորձագիտական շրջանակների և բիզնեսի հետ.

«Իհարկե, մենք չենք ասում, որ նա հակառուս կամ արևմտամետ է, բայց, միգուցե, սա ինչ-որ փոխհամաձայնություն է Արևմուտքի հետ, կամ մեսիջ է Արևմուտքին, որ Հայաստանի թեկուզ խորհրդանշանական գործառույթներ իրականացնող նախագահը լինի Արևմուտքի վստահությունը վայելող ներկայացուցիչ, իսկ վարչապետը լինի գործող նախագահը:

Կարդացեք նաև

Միգուցե, սա նաև այդ մեսիջն է, որ ուղղվում է Արևմուտքին, կամ ինչ-որ փոխհամաձայնության առաջարկություններ է արվում Արևմուտքին: Այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ նախագահը, իհարկե, խորհրդանշական դերակատարություն ունի, սակայն դա կարող է խորհրդանշական չլինել, եթե ապրիլին լինի այլ վարչապետ, քան գործող նախագահն է: Եթե վարչապետը լինի Արևմուտքի վստահությունը վայելող գործիչ, ապա այդ նախագահ-վարչապետ տանդեմը բավական ազդեցիկ ուժ կլինի թե՛ երկրի ներսում, թե երկրից դուրս, իսկ եթե վարչապետ դառնա գործող նախագահը, ապա հնարավոր է՝ այդ նախագահը խորհրդանշական դերից ավելի ոչինչ չկարողանա անել՝ անկախ իր՝ արևմտյան շրջանակների հետ ունեցած կապերից»:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ այն, որ Արմեն Սարգսյանը որոշակի ժամանակ խնդրեց իր համաձայանությունը տալու համար, դա զուտ Արևմուտքում ընդունված էթիկայի կանոններ են.

«Ի տարբերություն Հայաստանի, որտեղ ում ինչ պաշտոն առաջարկում ես, միանգամից համաձայնում է, Արևմուտքում նման բարձր պաշտոններ զբաղեցնելու համար միշտ ընդունված է որոշակի ժամանակ խնդրել՝ ուսումնասիրելու եղած առկա վիճակը:

Այսինքն՝ բնական է, որ նախագահը պետք է հանդիպի նաև ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների հետ, որոշակի ուսումնասիրություն անի՝ ինչ իրավիճակ է Հայաստանում, և արդյոք իր նկատմամբ ինչ-որ թշնամական կամ անհասկանալի վերաբերմունք չկա՞: Սա զուտ նորմալ աշխատանքային էթիկային համապատասխանող գործառույթ է, սրա տակ ինչ-որ ինտրիգային բան փնտրել պետք չէ»:

Տեսանյութեր

Լրահոս