«Երևանի կենտրոնում հանք է գործում, իսկ մենք ուզում ենք տուրիզմը զարգացնել». Կարինե Դանիելյան
«Այս հայեցակարգի և ռազմավարության մեջ չի ասվում, որ բնապահպանությունը գերակա շահ է. դա ինձ վախեցնում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Բնապահպանական և բնօգտագործման վերաբերյալ հայեցակարգին՝ այս մասին ասաց «Տապան էկո-ակումբ» հ/կ նախագահ Հրանտ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ փաստն այն է, որ, երբ կառավարության անդամները դրական որոշումներ են կայացրել՝ հասարակական կազմակերպությունները միշտ կանգնած են եղել նրանց կողքին. «Բայց հիմա էլ փաստն այն է, որ և բնական պաշարների կառավարման հայեցակարգում, և էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության մեջ խոսվում է այն ամենի մասին, ինչին ժամանակին դեմ ենք կանգնել, փորձել ենք մեր հիմնավորումներով արգելել այդ գործընթացները»։
Ըստ նրա՝ հայեցակարգում և ռազմավարության մեջ նշվում է՝ պետական կառույցները՝ միջազգային կառույցների հետ, իսկ հասարակական կազմակերպությունների մասին գրեթե չեն նշում. «Օրինակ՝ պետությունն էկոկրթության ոլորտում ոչինչ չի արել, ինչ էլ որ արել են, արել են հասարակական կազմակերպությունները, և լուրջ արդյունքներ ունենք»։
«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն էլ հույս հայտնեց, որ հայեցակարգն ու ռազմավարությունն իրականություն կդառնան, ինչը ենթադրում է արմատական փոփոխություններ. «Եթե հայեցակարգի ու ռեալ կյանքի տարբերությունը մեծանա, ապա մենք դարձյալ պետք է դուրս գանք բողոքի, որովհետև Հայաստանը գնալով ընկնում է էկոլոգիական ճգնաժամի մեջ»։
Բնապահպանը նկատեց, որ հանքարդյունաբերությունը հիմքից քանդում է գյուղատնտեսությունը. «Ուսումնասիրություններ կան, որ այդ տարածքներում աճող սննդամթերքը հագեցած է ծանր մետաղներով, և այդ սննդամթերքը ոչ երկրին է պետք, ոչ էլ կարող ենք արտահանել։ Նույն տուրիզմը. եթե դու անմիջապես Տաթևի կողքին հանք ես բացում, դա ուղղակի անհեթեթություն է։ Երևան ես բերում տուրիստին, իսկ փոշին բարձր է, որովհետև Երևանի կենտրոնում հանք է գործում, Երևանի շրջակայքում 11 հանք է գործում, իսկ դու տուրիստ ես բերում քաղաք։ Անհնար է դրանք համատեղել, մտածենք գոնե տնտեսական վնասի մասին»։