Բաժիններ՝

Թանկարժեք մետաղներն ու քարերն օտարելու որոշումը նորմալ պրակտիկա է

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը պետական պահուստներում պահվող թանկարժեք մետաղներն ու քարերը օտարելու որոշումը նորմալ ու անհրաժեշտ պրակտիկա է համարում:

«Կարծում եմ, որ ցանկացած երկրի տեսանկյունից, որը կուտակում է այդ տիպի պաշարներ, ռեզերվներ` թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված գործեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց գրավչությունը, տեսքը, շուկայական գինը, նորմալ է, երբ փորձում է վերածել այլ ակտիվների»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետը:

Ատոմ Մարգարյանը նշեց, որ հասկանում է հանրության որոշակի շրջանակների մտահոգությունները` կապված այս որոշման հետ, երբ նրանք զուգահեռ են անցկացնում 2003 թվականին Հայաստանի` մոտ 1.5 տոննա մետաղական ոսկու իրացման հետ:

«Այս պարագայում խնդիրն այլ է. նպատակ կա այդ իրերն աճուրդով իրացնելուց հետո ձեռք բերել ձուլակտոր մետաղական ոսկի և օգտագործել ըստ նշանակության: Դա պետք է արվի, քանի որ դուք գիտեք, որ մարգարիտը, զմրուխտը ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը, տեսքը»,-ավելացրեց տնտեսագետը:

ՀՀ կառավարությունը հունվարի 11-ին հավանություն է տվել Ֆինանսների նախարարության աշխատակազմի թանկարժեք իրերի օտարման միջոցառումների 2018-2021 թթ. ծրագրին: ՀՀ ֆինանսների նախարարը հիմնավորել է, որ 1996 թվականից ի վեր թանկարժեք քարերն ու պետական գանձերը չեն օտարվել, ինչի արդյունքում կուտակվել են բավականին մեծ քանակությամբ զարդեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը և արժեքը:

Պահուստներից կվաճառվեն 4712 հատ արհեստական քար, 1177 գրամ արհեստական քարերից շարաններ, 256,3 կարատ զմրուխտ, 3575,76 կարատ ադամանդ, ընդհանուր առմամբ ավելի քան 100 կիլոգրամ արծաթյա ու ոսկյա իրեր և այլն:

Նշյալ պահուստների նվազագույն արժեքը շուկայական գներով հասնում է ավելի քան 1 միլիարդ 533 միլիոն դրամի: Ըստ լիկվիդացման ժամանակացույցի՝ օտարումը կմեկնարկի արդեն այս տարվա առաջին եռամսյակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս