«Թանկացումները մարդկանց փողոց դուրս չեն բերի». Քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը համաձայն չէ, որ Հայաստանում մարդիկ սոցիալական խնդիրներից ելնելով են փողոց դուրս գալիս և պայքարում: 168.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին, թե արդյոք թանկացումների խնդիրը կստիպի՞ մարդկանց դուրս գալ փողոց՝ Ա. Բադալյանն ասաց, որ Հայաստանի հասարակությունը սոցիալական թեմաներով գրեթե երբեք ոտքի չի ելել և փողոցային պայքար չի մղել: Ըստ նրա՝ միակ պայքարը, որ մարդիկ մղել են, քաղաքական պայքարն է եղել:
Քաղտեխնոլոգին հիշեցրեցինք տրանսպորտի, էլեկտրաէներգիայի թանկացումների արդյունքում հասարակության կազմակերպած բունտերը վերջին տարիներին: «Ձեր նշած օրինակները՝ «Էլեկտրիկ Երևան», տրանսպորտի թանկացում, դրանք ոչ թե հասարակության կողմից կազմակերպված սոցիալական բողոքներ էին, այլ կարճաժամկետ PR պրոյեկտներ էին, որոնք իրականացնում էին, այդ թվում՝ իշխանության մեջ եղած տարբեր խմբավորումներ՝ ելնելով իրենց տնտեսական շահերից, ուղղակի դա Հայաստանի հասարակության համար մի քիչ լավ էր մատուցվում, ու ստեղծվում էր այն տպավորությունը, թե դա հասրակության պայքարն էր իր իրավունքների համար»,- նշեց Ա. Բադալյանը:
Մեր զրուցակիցը համոզված է՝ ներկայիս և առաջիկա թանկացումները նույնպես հասարակությանը ոտքի չեն հանի.
«Ստրատեգիական պատճառն այն է, որ գրեթե մարդ չի մնացել, շատերը հեռանում են, և մարդիկ գտել են թանկացումների և սոցիալական անարդարությունների դեմ պայքարի հիմնական ձևը՝ արտագաղթը: Դա, բնականաբար, բողոքող զանգվածի ծավալային մասը փոքրացնում է: Երկրորդ պատճառն այն է, որ մարդկանց մոտ այլևս հավատ չկա, որ Հայաստանում պայքարի միջոցով ինչ-որ բանի կարող են հասնել, որովհետև տեսել են և՛ Մարտի 1-ը, երբ իշխանությունները գնդակահարեցին պայքարող հասարակությանը, և՛ ապրիլի 2-ը, երբ դժգոհությունը գնվեց գումարով, այսինքն՝ այլևս հավատ չկա ոչ մի ինստիտուտի նկատմամբ»:
Ա. Բադալյանի խոսքով՝ կա նաև տակտիկական պատճառ, թե ինչու մարդիկ փողոց դուրս չեն գա թանկացումների պատճառով. «Դա այն է, որ «Ելք» դաշինքի կողմից ձեռնարկվելիք թանկացումների դեմ պայքարը՝ պայքար է հետևանքի դեմ, որովհետև ապրանքները թանկացել են ինչ-որ մի բանի հետևանքով: Այդ ինչ-որ մի բանը կառավարության կողմից մղված սխալ տնտեսական քաղաքականությունն է: «Ելքը» փոխանակ հենց պատճառի դեմ պայքարի՝ փորձում է պայքարել նրա հետևանքների դեմ: Ստացվում է, թե պայքարը կոնկրետ է՝ թանկացումների դեմ է, բայց, ըստ էության, նա թիրախ չունի, իսկ եթե թիրախ չունի, քաղաքացիները դուրս գան, երթ անեն, որ ի՞նչ: Եթե դու դուրս ես գալիս բողոքի, պետք է այդ բողոքը հասցեատեր ունենա, իսկ «Ելքը» հասցեատիրոջը ցույց չի տալիս, նա հետևանքն է ցույց տալիս, հետևաբար, այդ նախատեսվող միջոցառումն ընդամենը կլինի «Ելքի» PR ակցիան և որևէ հաջողություն չի ունենա»:
Քաղտեխնոլոգը գտնում է՝ անգամ, եթե մի քանի հարյուր մարդ դուրս գա պայքարելու, դա ոչ մի բան չի տալու, փոփոխություն չի մտցնելու իշխանությունների կողմից վարվող տնտեսական քաղաքականության մեջ: