Խորագիր:

«Ապագան, իհարկե, ազգային մշակույթի յուրահատկությունները բացահայտող կինեմատոգրաֆի մեջ է». Կիրիլ Ռազլոգով

«Ապագան, իհարկե, ազգային մշակույթի յուրահատկությունները բացահայտող կինեմատոգրաֆի մեջ է». Կիրիլ Ռազլոգով

«Հայկական կինոարտադրությունը հիմա ինչ-որ առումով վերածնունդ է ապրում, որովհետև կար լիարժեք անկում հիշեցնող մի ժամանակահատված, որը համընկավ Սովետական Միության փլուզման վաղ շրջանի հետ: Ընդ որում, այդպիսի իրավիճակ էր նաև նախկին Խորհրդային Միության բոլոր երկրների կինոարտադրության բնագավառում»,- 168.am-ի հետ ունեցած բացառիկ հարցազրույցում անդրադառնալով ժամանակակից կինեմատոգրաֆի խնդիրներին՝ ասում է «Культура» հեռուստաալիքի «Культ кино» հաղորդման հեղինակ, համաշխարհային ճանաչում ունեցող մշակութաբան Կիրիլ Ռազլոգովը։

– Պարոն Ռազլոգով, ինչպե՞ս սկսվեց «Կինոյի կուլտ»-ը:

– Կինոյի պաշտամունքը ամենատարբեր ընկալումներ ունի, թեև, ի սկզբանե դա բոլորովին նոր դրսևորում էր, որ գրեթե փոխարինելու եկավ կրոնական պաշտամունքին: Կինոթատրոնները վերածվեցին նոր վանքերի, կինոաստղերը՝ նոր աստվածների: Ինչպես մի առիթով դիպուկ բնորոշել է Կաննի կինոփառատոնի նախագահը՝ այս ամենի մեջ ինչ-որ կրոնական բան կա՝ կարմիր գորգ, բարձր աստիճաններ, որոնք կարծես դեպի կապույտ երկինք են տանում…

– Քանի որ խոսեցիք Կաննից, հիշենք, որ Դուք մի քանի տարի ապրել եք Ֆրանսիայում և այդ տարիները համընկել են ֆրանսիական «Նոր Ալիք»-ի ստեղծման հետ: Ի՞նչ տվեցին Ձեզ այդ տարիները:

– Այդ տարիներն ինձ ստիպեցին հեռանալ ճշգրիտ գիտություններից, որովհետև երիտասարդ ժամանակ որոշել էի մաթեմատիկոս դառնալ: Հենց այն փաստը, որ ես Ֆրանսիայում հայտնվեցի «Նոր Ալիք»-ին զուգահեռ, այն էլ՝ անցումային տարիքում, ու նայեցի բազմաթիվ ֆիլմեր, ինձ մոտ ցանկություն առաջացավ լրջորեն զբաղվել կինոյով: Իմ կյանքում այդ որոշումը ճակատագրական նշանակություն ունեցավ:

– Ի՞նչ տարբերություններ եք նկատում 90-ականների և այսօր ստեղծվող ֆիլմերի միջև:

– Ողջ աշխարհում արվեստն արդեն տասնամյակներ շարունակ նորություն չի գրանցում: Այս հարցի շուրջ ես ունեմ սեփական թեորիան՝ արվեստը զարգանում է ոչ թե տարիներով, այլ ավելի շուտ՝ սերնդեսերունդ՝ 25, 11, 12 և 6 տարի ցիկլով: Գլխավոր մեկնարկը 70-ականներին էր, երբ Հոլիվուդը՝ գրավելով համաշխարհային կինոշուկան, ամերիկյան ազգային կինեմատոգրաֆից վերածվեց տրանս-ազգայինի: Կինեմատոգրաֆի շրջանակներում ի հայտ եկան բազմաթիվ ու բազմատեսակ սուբ- կուլտուրաներ: Հիմք դրվեց փառատոնային մշակույթին: Արդյո՞ք արտառոց որևէ բան փոխվեց, կամ ինչի՞ն հանգեցրեց այս միտումը. փոփոխվեցին միայն կինոյի ընկալման պահանջները: Առավել արդիական դարձավ ինտերնետային կինոդիտումը, կինոթատրոնները զիջեցին:

Ասում են` 21-րդ դարի արվեսը բիզնեսի անբաժանելի մասն է, ու, եթե ցանկացած արվեստի գործ բիզնեսի սպառման տեսանկյունից արժեք չունի, ապա դա անիմաստ գոյություն է: Ի՞նչ եք Դուք մտածում այս մասին:

– Եթե 21-րդ դարում արվեստը եկամտաբեր չէ, ապա իսկապես հարց է ծագում՝ իսկ պե՞տք է դա մեզ, թե՞ ոչ: Պատասխանը միանշանակ է՝ արվեստը երբեք չի եղել բացառապես բիզնեսի աղբյուր, այն գոյություն ունի՝ անկախ այդ հաշվարկներից: Այլ հարց է, որ կինոն մեծ ծախսեր պահանջող արվեստ է, և խնդիրը հետևյալն է՝ ինչպե՞ս այն կգոյատևի այս պայմաններում: Մեր օրերում կան բազմապիսի էժանագին տեսախցիկներ, նույնիսկ հեռախոսներ, որոնցով կարելի է ֆիլմեր նկարահանել ու մոնտաժել:

Հետևաբար, այդ թեզը չափազանցություն է: Այլ հարց է, որ այդպիսի աշխատանքների կողքին կնկարահանվեն մեծ բյուջեով ֆիլմեր, այնպես, ինչպես Հոլիվուդում է: Այստեղ միջանկյալ հարթակ է ձևավորվում, որ կոչվում է համատեղ կինոարտադրություն: Սա հրաշալի հնարավորություն է, օրինակ, Հայաստանում կամ նմանօրինակ երկրներում կինոարտադրության զարգացման համար: Հայաստանում համատեղ կինոարտադրության զարգացմանը, ինչպեսև կարելի էր ենթադրել, մեծապես նպաստում է Սփյուռքը, ինչպես նաև նախկին սովետական հանրապետությունների հետ ունեցած կապերը: Ապագան, իհարկե, ազգային մշակույթի յուրահատկությունները բացահայտող կինեմատոգրաֆի մեջ է, բայց ֆինանսական տեսանկյունից դա հնարավոր կդառնա միայն համատեղ կինոարտադրության միջոցով:

 – Ծանո՞թ եք հայկական ֆիլմերին:

– Այո, գրեթե ամեն տարի մասնակցում եմ ձեր երկրում անցկացվող «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին, և որպես ժյուրիի անդամ՝ ծանոթանում ծրագրում ընդգրկված բոլոր, այդ թվում՝ նաև հայկական ֆիլմերին:

– Ինչպե՞ս եք գնահատում հայկական կինոարտադրության զարգացման տեմպերն ու որակները:

– Հայկական կինոարտադրությունը հիմա ինչ–որ առումով վերածնունդ է ապրում, որովհետև կար լիարժեք անկում հիշեցնող մի ժամանակահատված, որը համընկավ Սովետական Միության փլուզման վաղ շրջանի հետ: Ընդ որում, այդպիսի իրավիճակ էր նախկին Խորհրդային Միության բոլոր երկրների կինոարտադրության բնագավառում: Եթե սովետական տարիներին հայտնի էին Հենրիկ Մալյանի և Ֆրունզե Դովլաթյանի անունները, ապա այժմ կհիշատակեմ Հարություն Խաչատրյանին ու էլի մի քանիսին:

Հիմա, իմ կարծիքով, ի հայտ է եկել նաև կինոյի նոր՝ երիտասարդ սերունդ, որի ներկայացուցիչները հիմնականում նկարահանում են կարճամետրաժ ֆիլմեր: Թե ի՞նչ տեմպերով կզարգանա հայկական կինոարտադրությունը, դժվար է ասել, սակայն այն հանգամանքը, որ դուք ունեք միջազգային կինոփառատոն և մի քանի հնչեղ անուններ, սրանք արդեն առաջընթացի գրավական են: Թեև ստեղծագործական կոնֆլիկտներն անպակաս են, մեր երկրում էլ այդպես է: Դա ստեղծագործական մթնոլորտի անբաժան մասն է, որովհետև ստեղծագործող մարդիկ գերզգայուն են։ Հույս ունենանք, որ կինոարտադրության զարգացման տեմպերը նկատելի կլինեն: Նոր սերունդն իր հետ թարմ շնչառություն կբերի:

– Վերջին 25 տարիների ընթացքում մեր երկրում տեղի են ունեցել մի շարք պատմական նշանակության իրադարձություններ, բայց կինոարվեստում գրեթե որևէ կերպ չեն արտացոլվել կամ գուցե ուշանում են: Ինչո՞վ կարող է սա պայմանավորված լինել:

– Գիտեք, պատմական իրադարձությունները կինոյի լեզվով արտացոլելու համար երևի 100 տարի է պետք: Մոտ տարածությունից հաճախ լավ չենք տեսնում: Չնայած Սպիտակի երկրաշարժի մասին պատմող հաջողված դոկումենտալ ֆիլմեր ստեղծվեցին: Ինչ վերաբերում է խաղարկային ֆիլմերի ստեղծմանը, ապա իրավիճակը անհամեմատ բարդ է:

Առհասարակ, արվեստի ֆունկցիաների մեջ չի մտնում անհապաղ արձագանքել այստեղ և հիմա կատարվող իրադարձություններին, անգամ, եթե դրանք պատմական նշանակություն ունեն: Իհարկե, լինում են դեպքեր, երբ կինոն շատ արագ է արձագանքում այս կամ այն իրադարձությանը, եթե դա հասարակական մեծ հնչեղություն ունի, բայց առավել հաճախ հեռանում է թեմայից, որովհետև ռիսկային ու վտանգավոր գործոններ կան՝ դժվար է համապատասխան ֆինանսներ հայթայթել, որովհետև այն մարդիկ, ովքեր կատարում են ֆինանսական ներդրումներ, առաջին հերթին՝ հենց իրենք ենք խուսափում ռիսկային իրավիճակներից:

Թեև պետք է նշեմ, որ սարսափելին ոչ թե արվեստի լեզվով գրանցված արձագանքների բացակայությունն է, այլև նմանօրինակ արձագանքների նկատմամբ հոգևոր պահանջի բացակայությունը, երբ ինքնարտահայտման պահանջն է բացակայում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Այսօրվա երիտասարդ ռեժիսորներին առավել հարմար է ֆիլմեր նկարահանել թվային տեխնիկայով: Ինչպե՞ս եք վերաբերվում այս իրողությանը:

– Ժապավենն արդեն անցյալ է, կարելի է ասել նույնիսկ՝ թանգարանային նմուշ: Դրանք պահպանվում են կինոարխիվներում և ծառայում միայն՝ որպես թվային տեխնիկայի վերածման աղբյուր: Նույնիսկ Մոսկովյան կինոփառատոնում ֆիլմերի 80 տոկոսը ցուցադրվում են թվայնացված տարբերակներով: Շուտով գրեթե բոլոր կինոթատրոնները թվային կդառնան: Թեև կինոօպերատորների համար ինչ-որ առումով սա ցավալի իրողություն է, որովհետև կան հատուկ էֆեկտներ, որոնք ընդունակ է վերարտադրել միայն ժապավենի տեսապատկերային հնարավորությունը: Դրանք գրեթե անհնարին են դառնում ժամանակակից տեխնիկայի օգտագործման պարագայում, բայց միևնույն է՝ թվային տեխնիկան առաջատար դիրքերում է:

Ասում են, որ հեռուստատեսությունն արվեստի թերի դրսևորումն է: Ի՞նչ եք Դուք մտածում հեռուստատեսության մասին:

– Հեռուստատեսությունը արվեստի հետ սերտ կապ ունեցող երևույթ է: Գոյություն ունի արվեստի գնահատման 2 ընկալում՝ ըստ մակարդակի, այսպես ասած, բարձր արվեստ, երբ որքան բարձր է նշաձողը, այնքան ցածր է իջնում արվեստը: Ես նախընտրում եմ խոսել օրինակներով: Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկում այցելեցի Ռուբենսի ցուցասրահ: Դեռ երիտասարդ արվեստաբան էի: Նայեցի բոլոր նկարներն ու հասկացա, որ այստեղ միայն երկուսն էին բնօրինակներ՝ արվեստի գործ: Պարզ էր, որ մնացած բոլորը կրկնօրինակներ էին: Արվեստի գնահատման երկրորդ ընկալումը սոցիոլոգիական մակարդակն է, այն, ինչ հասարակությունն է համարում արվեստ:

Այս պարագայում հեռուստատեսությունը կարելի՞ է համարել արվեստ: Ոչ ամբողջությամբ: Ըստ իս, այն ամենն է՝ ինչ մաս է կազմում հասարակությանը, այդ թվում՝ նաև մշակույթի փորձագետներն ինչ-որ չափով կապված են արվեստի հետ: Լա՞վ է սա, թե՞ վատ, հարցի մյուս կողմն է:

– Արդյո՞ք հեռուստատեսային սերիալները կարելի է համարել դասական իմաստով ստեղծված կինոարվեստ:

– Սերիալը դասական կինոյի դրսևորումներից մեկն է: Վաղուց արդեն փոխվել են կինոյի և հեռուստատեսության հարաբերությունները: Այսօր հեռուստատեսային սերիալները հաճախ առավել գերադասելի ու հեղինակավոր են, քան կինոն, թեև, որպես արվեստի յուրօրինակ դրսևորում՝ կինոյի դերը պահպանվում է և, անկասկած, դեռ երկար կպահպանվի: Սա անխուսափելի պրոցես է:

– Ե՞րբ կարող է արվեստը դառնալ վտանգավոր գործիք:

– Արվեստն իր տեսակով պահպանողական երևույթ է ու չի սիրում փոփոխություններ: Նախընտրում է ամեն բան թողնել այնպես, ինչպես կա, որովհետև մարդկային շփումներ ապահովող մեխանիզմ է: Երբ սկսում են փոխվել արվեստի կանոնները, վտանգվում է նաև մարդկային հարաբերությունների որակը, երբեմն անգամ՝ անհնարին դառնում: Միևնույն ժամանակ, այն իր մեջ պարունակում է բարակ մի շերտ, որ կոչվում է՝ ակտուալ արվեստ, համաձայն որի՝ այս դաշտում ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս որոշակի նորարարություններ:

Սա, իհարկե, մշակույթին դուր գալ չի կարող: Հենց այդ պատճառով է, որ ակտուալ արվեստը հաճախ սվիններով է ընդունվում, բայց սա օրինաչափ երևույթ է: Իր հայտնության սկզբում քրիստոնեությունը ևս վտանգավոր էր թվում շատերին:

– Կար ժամանակ, երբ Դուք հոդվածներ էիք գրում հօգուտ զվարճալի ժամանցային ծրագրերի, հետո Ձեր վերաբերմունքը կտրուկ փոխվեց՝ դեպի ինտելեկտուալը: Ինչո՞վ էին պայմանավորված այդ փոփոխությունները:

– Դե դա շատ պարզ է՝ լրացնում ես այն բացը, որ կա տվյալ ժամանակահատվածում: Կար ժամանակ, երբ ժամանցային արվեստի մասին գրելը խենթության պես մի բան էր, և ես գրում էի հենց այդ մասին: Հիմա իրավիճակն այլ է՝ միայն ծույլերն այդ մասին չեն գրում: Բոլորը կարծես լծված են միայն այդ գործին, նույնիսկ համակարգը: Արդեն վաղուց ես գրում եմ միայն ինտելեկտուալ, փորձարարական, էքսպերիմենտալ և ավանգարդ կինոյի մասին: Բոլորովին այլ խնդիր է, որ զվարճալի-ժամանցային ինֆորմացիայի տարածումը վերահսկող գաղափարը մեր մշակույթում դեռևս ներդրված չէ: Ու թեև ժամանցայինն ամենուր ու միշտ հաղթող է, այնուամենայնիվ, գոյություն ունի մշակութային էլիտա, որ այս ամենին նայում է բարձունքից՝ միաժամանակ մնալով աղքատ ու անտեսված:

– Պարոն Ռազլոգով, պատահե՞լ է՝ մասնագիտական կյանքում ռիսկային քայլերի կամ որոշումների գնաք:

– Առանց դրա կյանքը հետաքրքիր չէ: Թեև այլ բան էր՝ ռիսկային քայլերի գնալ Սովետական Միության տարիներին, երբ ամենուր գաղափարական «սահմաններ» էին, բոլորովին այլ բան՝ հետխորհրդային ժամանակաշրջանում: Բայց, ինչպես Ժան Կոկտոն կասեր՝ արվեստը ցույց է տալիս, թե որքան հեռու կարելի է գնալ, երբ քեզ չեն կանգնեցնում: Հետևաբար, ձեր հարցի պատասխանն է՝ այո՛: Վերակառուցման տարիներին ինձ թույլ էի տալիս անել ծայրահեղ ռիսկային քայլեր, օրինակ՝ էկրան բարձրացնել ֆիլմեր, որոնք երբևիցե որևէ տեղ չէին ցուցադրվել: Ես վիրավորված էի միայն այն մտքից, որ տեսնում էի ու գիտեի շատ ճշմարտություններ, որոնց մասին բարձրաձայնելու հնարավորություն կամ իրավունք չունեի: Երևի հենց դա էր պատճառը, որ ես սկսեցի մեծ սիրով ու նվիրումով զբաղվել կինոփառատոներով և անում եմ դա մինչ այսօր: Դա հնարավորություն էր տալիս ցուցադրել ֆիլմեր, որոնք, ըստ իս, չափազանց հետաքրքիր էին: Հենց այդ նկատառումներով ստեղծեցի նաև իմ հեռուստահաղորդումը, որի շրջանակներում թույլատրելիի սահմաններում լուսաբանում եմ այդպիսի թեմաներ:

– Ինչո՞վ է պայմանավորված «թույլատրելիի սահմաններում»- ը՝ ցենզուրայո՞վ:

– Իհա՛րկե: Առանց դրա հասարակությունը գոյատևել չի կարող:

– Տարիներ առաջ Դուք խաղարկային նախագծի ստեղծման փորձ արեցիք: Ինչպե՞ս ավարտվեց այդ փորձը:

– Ես միայն մեկ լուրջ խաղարկային նախագծի նախաձեռնություն ունեցա, որն էլ ինձ ապացուցեց, որ այլևս չփորձեմ: Ինչպես ասում են՝ իմը չէր:

– Ի՞նչն է Ձեզ գրեթե ամեն տարի բերում Հայաստան:

– Հիմա զարմանալի մի բան եմ ասելու: Պապիկս հայ էր, ամեն անգամ Հայաստան գալով՝ կարծես վերադառնում եմ սեփական արմատներիս:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։