«Իրենց փոխարեն՝ Հանրապետության նախագահն է աշխատում, ինչն անընդունելի է». Հրաչ Բերբերյան
«Հանրապետության նախագահը շատ տեղին նկատողություն արեց բնագավառի պատասխանատուներին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ հունվարի 11-ին, խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով:
Նա հանձնարարել է սոցիալապես կարևոր գյուղատնտեսական ապրանքների համար մշակել և ներկայացնել տեղական արտադրության զարգացման և ներմուծվող ապրանքների փոխարինման համալիր միջոցառումների ծրագիր, ինչը հնարավորություն կտա ապահովել գների հնարավորինս մատչելի մակարդակ՝ միևնույն ժամանակ՝ խրախուսելով տեղական արտադրությունը: Կառավարությանը հանձնարարվել է նաև մշտադիտարկում իրականացնել սեղմված գազի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում և հայտնաբերված խնդիրները փոխանցել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ կտրուկ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Բերբերյանի խոսքով՝ Գյուղատնտեսության նախարարությունն իր տեղում չէ, քանի որ, երբ գյուղացուն պետք է ժամանակին պարարտանյութ հասցնել, նախարարությունը դա անում է ուշացումով, երբ հանրապետությունում երաշտային իրավիճակ էր, և պետք էր քայլեր ձեռնարկել, նախարարությունը, ըստ նրա՝ դարձյալ իր տեղում չէր, ինչի արդյունքում ունեցանք թանկացումներ, հատկապես՝ մսամթերքի շուկայում։
«Մայիսի վերջին, հունիսին, երբ արդեն ցանքն ավարտվել է, գյուղացուն պարարտանյութ են տալիս, դա սխալ է։ Պարարտանյութի հետ կապված մենք ունեցանք խնդիր, որն ազդեց բերքատվության վրա։ Հետո ունեցանք մոտ 100-օրյա երաշտ, դա էլ վնասեց գյուղատնտեսությանը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նախագահի հանձնարարականը հստակ է, ուղղակի ոլորտի պատասխանատուները պետք է մասնագիտական գիտելիքներ ունենան՝ դա կատարելու համար։
«Նախագահի հանձնարարականն իրատեսական է, կատարելի է, և հետևողական պետք է աշխատանք կատարել։ Դրա համար մեծ ռեսուրսներ պետք չեն։ Պետք է, օրինակ՝ պարարտանյութի շուկան ազատականացնել, մրցակցություն լինի այդ ոլորտում։ Կարծես թե կառավարությունը հաշվի չի առել, որ հանրապետությունում դիզվառելիք օգտագործում է հիմնականում գյուղացին, և այսօր 60 դրամով թանկացնել դիզվառելիքի 1 լիտրը… Արդյո՞ք դա Հայաստանին հարիր կառավարություն է։ Եթե գյուղատնտեսության մասին են հոգում, ապա այդ վարկերն ինչո՞ւ են գնում գինու գործարաններին, այդպես էլ չենք հասկանում մենք։ Մենք արդեն մեկ շաբաթ է՝ շատ վրդովված ենք դիզվառելիքի և գազի թանկացումից»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց միավորման հաշվարկներով՝ 1 հեկտար հողի մշակումը մոտ 100 հազար դրամով թանկացել է։
Հետևաբար, գյուղմթերքը, ըստ նրա՝ կթանկանա, արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա։
Բերբերյանը նկատեց՝ արդեն հասել է նրան, որ նախագահն է ստիպում ոլորտի պատասխանատուներին աշխատել. «Փոխանակ իրենք նախագահի առաջ հարցեր բարձրացնեն, իրենց փոխարեն՝ հանրապետության նախագահն է աշխատում, ինչն անընդունելի է։ Եթե նախագահի այս հանձնարարականն էլ ձախողեցին, մենք մոտ ապագայում գյուղատնտեսություն չենք ունենա»։