Քարիզների վերականգնման դեպքում Գյումրին լրացուցիչ որակյալ ջուր կստանար
Գյումրիում ձյան հալվելու հետևանքով հաճախ փողոցներում՝ ջրերի, իսկ գարնանը՝ անձրևաջրերի կուտակումներ են նկատվում: Քաղաքում առկա ստորգետնյա ջրատարների քանակը մեծ չէ, որպեսզի հնարավոր լինի խուսափել անձրևաջրերի կուտակումից: Բացի այդ, դրանք այդ հնարավորությունը չեն ընձեռում: Լինում են դեպքեր, երբ հորդառատ անձրևների ժամանակ անգամ փողոցն անցնելու հնարավորություն չի լինում:
Օրինակ, Գյումրու Շիրակացի փողոցը, քանի որ թեք է կառուցված, կուտակվող անձրևաջրերը լցվում են Երիտասարդական պալատի մոտ գտնվող ստորգետնյա ջրատարի մեջ, սակայն անձրևները սկսվելուն պես որոշ ժամանակ նկատվում է ջրերի կուտակումներ, ուստի անհրաժեշտ է այս փողոցի սկզբնամասում և վերջնամասում վերգետնյա ջրատարներ կառուցել:
Այս փողոցն ասֆալտապատվել է 2013 թվականին, սակայն նախքան ասֆալտապատվելն այն հաճախակի փոսային նորոգումների էր ենթարկվում, անձրևների գալուն պես այստեղ խայտառակ իրավիճակ էր ստեղծվում, փոսերի մեջ ջրային կուտակումներ էին առաջանում, ինչն էլ անհանգստացնում էր բնակիչներին:
Գյումրիում ստորգետնյա ջրատարների մի մասը խցանված վիճակում է գտնվում, որոնց մաքրման աշխատանքներն իրականացնելու համար Գյումրու քաղաքապետարանը մեծ գումարներ է ծախսելու:
Տաք եղանակներին փողոցներում ջրերի կուտակումից խուսափելու համար անհրաժեշտ է վերգետնյա ջրատարներ կառուցել: Դրանք, իհարկե, ձմռան ցրտի պատճառով կարող են խցանվել, սակայն եղանակների տաքանալուն պես խցանումները կվերանան:
Ինչո՞վ են վտանգավոր ջրերի կուտակումները՝ հատկապես նոր ասֆալտապատված փողոցների պարագայում: Դրանք, առաջին հերթին, նպաստում են ասֆալտածածկույթի քայքայմանը: Նոր ասֆալտապատված փողոցների պարագայում ջրերի հաճախակի կուտակումներն առավել վտանգավոր են:
Վերգետնյա ջրատարների կառուցումը, ինչպես՝ գլխավոր, այնպես էլ՝ երկրորդական փողոցների պարագայում կարևոր նշանակություն ունի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա տարիներին Գյումրու մի շարք փողոցներ բարեկարգվելու և ասֆալտապատվելու են:
«Գյումրու զարգացման ծրագրի» փոփոխված տարբերակի համաձայն՝ առաջիկա տարիներին նախատեսված է Գյումրիում մի շարք փողոցներ հիմնանորոգել 2018- 2021 թվականների ընթացքում:
Այսպես, «Գյումրի համայնքի զարգացման ծրագրում» նշված է, որ 2018 թվականին բարեկարգվելու՝ ասֆալտապատվելու է Աբովյան, Ա.Մանուկյան, Մ. Մկրտչյան, Պուշկինի փողոցները, Հաղթանակից՝ Մուսայելյան, Ղորղանյան փողոցը, Գորկուց՝ Ռուսթավելի, Իսահակյանի փողոցը, Ղանդիլյան 1-ին նրբանցքը, Ղուկասյանից՝ Ղանդիլյան, Շարա-Տալյան փողոցի միջնամասը, Նեկրասովի փողոցը Ստեփանյանից՝ Երևանյան խճուղի: 2019 թվականին՝ Թումանյանի փողոցը՝ Հաղթանակից՝ Մուսայելյան, Հակոբյան փողոցը՝ Գորկուց՝ Ռուսթավելի, Մադոյան փողոցը՝ Տիգրան Մեծից՝ Սպարտակ, Մյասնիկյան փողոցը՝ Տերյանից՝ Գորկի, Սարգսյան փողոցը՝ Շիրակացուց՝ Չերքեզի ձոր, Այվազովսկի փողոցը՝ Շչերբինայից՝ Վ.Սարգսյան: 2020 թվականին ասֆալտապատվելու է Մյասնիկյան փողոցը՝ Ռուսթավելուց՝ հին ծննդատուն, Շինարարների փողոցը՝ Կոշտոյանից՝ Ռ. Դանիելյան, Ջիվանու՝ Տերյանի փակուղի, Տիմիրյազևի՝ Շչերբինայից՝ Վ.Սարգսյան, Հ.Մելքոնյան՝ Շիրակացուց՝ զինառ:
2021 թվականին Անի թաղամասի 5-րդ փողոցը՝ Մ. Ավետիսյանից՝ Տ. Ճարտարապետ, Անի թաղամասի 11-րդ փողոցը՝ Պ. Սևակից՝ Կարմիր Խաչ, Անի թաղամասի Ա. Խաչատրյան փողոցը. Մ. Խորենացուց վերջ, Թամանյան փողոցը՝ Չայկովսկուց՝ Ռեպին, Կուզնեցովի փողոցը՝ Թետչերից՝ Պավլով, Տեքստիլագործների փողոցը՝ Մ. Մկրտչյանից՝ Ն. Շնորհալի:
Ծրագրի բյուջեն, ըստ Գյումրու քաղաքապետարանի, կազմելու է. ընթացիկ ծախսերը՝ 16.1 մլն դրամ, կապիտալ ծախսերը՝ 1262.9 մլն դրամ, ընդհանուր բյուջեն՝ 1279.0 միլիոն դրամ:
Ըստ Գյումրու քաղաքապետարանի, բացի համայնքի ճանապարհներից, նաև նախատեսվում է դրանց հարակից մայթերի կապիտալ վերանորոգում:
Ճանապարհաշինական ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հիմնովին վերանորոգել քաղաքի 16.075 մետր երկարությամբ, 9-18 մետր լայնությամբ թվով տասը փողոց՝ հարակից մայթերով, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 302.274 քառակուսի մետր, համապատասխանաբար՝ 218.176 քառակուսի մետր փողոց, 84.098 քառակուսի մետր մայթ:
Ճիշտ է, հիմնանորոգված փողոցներում նաև անցկացվելու է 15.185 մետր ջրահեռացման համակարգ, սակայն, անկախ այն հանգամանքից, ստորգետնյա ջրահեռացման համակարգ գոյություն ունի՞, թե՞ ոչ վերգետնյա ջրատարների կառուցումը ևս կարևոր նշանակություն ունի:
Որպեսզի վերգետնյա և ստորգետնյա ջրատարները չխցանվեն, անհրաժեշտ է, որպեսզի երկրորդական փողոցներից կուտակվող ցեխը չլցվի հիմնական՝ կենտրոնական փողոցները: Այստեղ արդեն կարևորվում է երկրորդական փողոցների հիմնանորոգման հարցը:
Նշենք որ ձմռանը Գյումրու քաղաքապետարանի իրականացված աշխատանքների արդյունքում Գյումրու գլխավոր սառցակալած փողոցներում աղի փոխարեն՝ ավազ է լցվում: Հասկանալի է, որ աղը, ի տարբերություն ավազի, ավելի թանկ արժե, սակայն իր հերթին՝ ավազն էլ նպաստում է ջրատարների խցանումներին:
Քարիզները որպես ստորգետնյա ջրատարներ չեն գործում
Դեռևս 2008 թվականի N 642-Ա որոշման համաձայն, ՀՀ կառավարությունը որոշել էր գումար հատկացնել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ Գյումրու պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնման ու զարգացման ծրագրի իրականացման համար:
Ծրագրի շրջանակներում դիտարկել էր Գյումրի քաղաքի հիմնախնդիրների շարքում կարևոր տեղ զբաղեցնող` Գյումրի գետակի և 19-րդ դարում կառուցված ստորգետնյա ջրատարների (քարիզների) ներկայիս անմխիթար վիճակը բարելավելու հարցը:
«Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ քարիզների համակարգի որոշ ճյուղեր միանում են երկաթբետոնե կոնստրուկցիաներով ծածկված և հեղեղատարի ու կոյուղաջրերը հեռացնող ջրատարի դեր կատարող Գյումրի գետակին: Ներկայումս գետակի հատակին կուտակված նստվածքների հետևանքով տեղ-տեղ առաջացել են ջրի հոսքն արգելակող պատնեշներ` պատճառ հանդիսանալով հոսող ջրի մակարդակի շուրջ 1.5 մետրով բարձրացման, առաջացնելով բազմաթիվ շինությունների հիմնատակերի թուլացման վտանգ»,- նշված էր կառավարության որոշման մեջ:
Գյումրու վերաբերյալ կառավարության ծրագիրն այդպես էլ չիրականացավ, մնաց թղթի վրա: Գյումրու քարիզների ցանցը, իրենից ներկայացնելով հիդրոտեխնիկական շինարարական մշակույթի բացառիկ օրինակ, որպես համակարգ՝ ներկայումս չի գործում (Տես):
Մինչդեռ պատմական արժեք ներկայացնող ինժեներական կառուցվածքի վերականգնման արդյունքում, նախնական փորձագիտական գնահատականներով, քաղաքը հնարավորություն կունենար ստանալ լրացուցիչ մոտ 200լ/վրկ որակյալ ջուր:
Անահիտ Սիմոնյան