Բաժիններ՝

Այս տարի գյուղատնտեսական բոլոր ապրանքները կթանկանան. փոխնախարար

«Ես հույս ունեմ, որ 2018թ. այս անոմալ եղանակներից հետո կլինեն նորմալ տեղումներ, բնակլիմայական պայմանները տհաճ անակնկալներ չեն մատուցի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ խոսելով 2018 թվականից ունեցած անակնկալների մասին:

Նրա խոսքով՝ նախատեսած ծրագրերով իրենք գնում են գյուղատնտեսության զարգացմանը. «Նոր ծրագրեր ունենք կազմած, որ պետք է իրականացնենք՝ կաթիլային համակարգի ներդրում, կարկտապաշտպան ցանցերի ներդրում, ինտենսիվ տեխնոլոգիաներով պտղատու այգիներ, տրակտորային պարկերի ստեղծում, անասնաբուժության ծառայությունների որակի բարձրացում, և այլն: Մենք ունենք գյուղատնտեսության զարգացման ընդհանուր համակարգային մոտեցում»:

Նկատենք, որ անասունների գլխաքանակի կրճատման հետ կապված շատ կանխատեսումներ կան, որ 2018 թվականին կաթի դեֆիցիտ կլինի: Մենք փոխնախարարից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կանխատեսումներ ունեն իրենք այդ առումով:

Ի պատասխան՝ Ա. Հարությունյանն ասաց. «Հանձնարարված է, որ տեղերում նորից հաշվառում կատարեն, Ազգային վիճակագրական ծառայությունն էլ կհրապարակի: Խոշոր եղջերավոր կենդանիները հիմնականում որպես մսատուներ են հանրապետությունից դուրս բերվել, և կաթի հետ կապված՝ հույս ունենք, որ կաթնատու կովերի գլխաքանակը չի պակասել, հակառակ՝ մենք դիտարկում ենք, որ ծերացած կովերը ենթարկվել են հարկադիր մորթի, և հիմա սերնդափոխություն է լինում, և նորերը բալանսը կլրացնեն»:

Հիշեցնենք, որ այս տարի նաև ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը, որի հետևանքով՝ մի շարք ապրանքների թանկացում է նախատեսվում: Հարցին՝ ինչքանո՞վ դա կանդրադառնա գյուղատնտեսական ապրանքների գների վրա, Ա. Հարությունյանն այսպես պատասխանեց.

«Եթե դրա հետևանքով բարձրանում է դիզվառելիքի արժեքը, բնական է, որ գյուղատնտեսական մթերքի արժեքը կբարձրանա, որովհետև հիմնական տրակտորային աշխատանքները կատարվում են դիզվառելիքով, բնական է, իր ազդեցությունը կլինի, բայց թե ինչքանո՞վ, չեմ կարող ասել»:

Մեր ճշտող հարցին էլ՝ բոլո՞ր գյուղատնտեսական ապրանքների գների վրա կանդրադառնա, Ա. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Այո, իհա՛րկե: Հույս ունենք, որ բերքատվությունը կբարձրանա, բերքատվության հաշվին՝ ինքնարժեքը կլինի նորմալ, շուկայի համար մատչելի: Այսինքն՝ եթե մի կողմից ծախսերը բարձրանան, բերքատվությունը նվազի, դա շատ վատ է, բայց եթե ծախսերն ավելանում են, և դրան զուգահեռ՝ բերքատվությունն ավելանում է, գոնե կկոմպենսացնի դա: Ամեն դեպքում, դիզվառելիքի գնի բարձրացումը կազդի գյուղմթերքի արտադրության վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս