Կրթության 2017 թվականի օրացույցը
2017 թվականը շատ հագեցած տարի էր կրթության համակարգում։ Երբեք մամուլում, հանրայինի տարբեր հարթակներում կրթության մասին այդքան չէին խոսել և գրել, որքան այս տարի։ Պատճառներից մեկն այն էր, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո շատերը եկան այն եզրահանգման, որ երկրում փոփոխությունները պետք է սկսել կրթության ոլորտից։ Փորձենք ամփոփել 2017 թվականին կրթության ոլորտում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները։
Տարեսկզբին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության գրեթե բոլոր նիստերին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարում էր ներկայացնել տարբեր հարցերի շուրջ հայեցակարգեր և ծրագրեր։ Դրանցից երկուսը հանրային մեծ քննարկումների առարկա դարձան։
Առաջինը դպրոցների օպտիմալացման ծրագիրն էր։ Սկզբում նախարարությունն առաջարկեց օպտիմալացնել մինչև 300 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցները, եթե դրանք թաղամասի միակ դպրոց չեն։ Վարչապետը, իր հերթին, առաջարկեց օպտիմալացնել մինչև 450 աշակերտ ունեցող դպրոցների թիվը։ Հասկանալի էր, թե ինչ ցնցման կարող էր բերել նման օպտիմալացումը։
Ի վերջո, նախարարությունն օգոստոսի վերջին հայտարարեց 13 դպրոցների օպտիմալացման մասին։ Այդուհանդերձ, դպրոցների օպտիմալացման հարցը մնում է օրակարգում։ Քննարկվում է այն տարբերակը, որ մի քանի դպրոցներ կառավարվեն մեկ տնօրենի կողմից, ինչը կբերի վարչական ծախսերի նվազման։ Վարչապետի երկրորդ հանձնարարականը, որը մեծ աղմուկ առաջացրեց, կապված էր օտար լեզուների հայեցակարգի հետ։ Հունիս ամսին նախարարության կայքում հայտնվեց օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը։
Բայց պարզվեց, որ նախարարությունը նախապատրաստել է նաև ռուսաց լեզվի դասավանդման առանձին հայեցակարգի նախագիծ։ Հանրության շրջանում մեծ դժգոհություն առաջացավ ռուսերենի առանձին հայեցակարգ ունենալու հարցի շուրջ։ Վարչապետը հայտարարեց, որ ինքը չի հանձնարարել ռուսերենի հայեցակարգն առանձնացնել մնացած օտար լեզուներից։ Ի վերջո, հայեցակարգերի ճակատագիրը մնաց անորոշ։
Մյուս մեծ թեման բուհերի ընդունելության քննություններն էին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2006 թվականին Հայաստանի դպրոցներն ընդունել էին 2 առաջին դասարան, 2017 և 2018 թվականներին շրջանավարտների թվի էական նվազումը կանխատեսելի էր։ Բայց բուհերում առաջացած հազարավոր թափուր տեղերի խնդիրը քննարկվեց ավելի լայն ձևաչափով։ Թափուր տեղերի թվի աճը կապվեց նաև արտագաղթի և բուհական կրթության ցածր որակի հետ։ Սեպտեմբերին բազմաթիվ բուհերում եղան կրճատումներ, ինչի արդյունքում դասախոսներ կրճատվեցին, իսկ շատերի աշխատավարձերը նվազեցին։
Ամենամեծ անակնկալը եղավ Միջնաժամկետ պետական ծախսերի ծրագրի հրապարակումը։ Պարզվեց, որ կառավարությունը նախատեսում է 2018-2020 թվականներին աստիճանաբար նվազեցնել ՀՆԱ-ից կրթությանը հատկացվող մասնաբաժինը՝ 2020-ին այն դարձնելով 1.85%։ Սա՝ այն դեպքում, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր վերջին հետազոտություններում նշել էր, որ կրթությանը ՀՆԱ-ի 4%-ից քիչ հատկացնելը զարգացման հնարավորություն չի ընձեռում, իսկ Ինչհոնի հռչակագրում նշվել էր, որ երկրները մինչև 2030 թվականը կրթությանը պետք է հատկացնեն ՀՆԱ-ի առնվազն 3%-ը։
ԱԺ-ի կողմից ընդունված 2018 թվականի բյուջեով հաջորդ տարի կրթության շուրջ կես միլիարդ դրամով պակաս գումար կտրվի, քան 2017-ին էր նախատեսված։ Սա՝ այն դեպքում, երբ հաջորդ տարի Հայաստանն անցնում է 12-ամյա պարտադիր կրթության և ունենալու է աշակերտների թվի աճ։
Մեծ քննարկումներ ծավալվեցին նաև տարկետման հետ կապված։ Այսուհետ բուհերն այլևս չեն ունենա զինծառայությունից տարկետում տվող տեղեր։ Տարկետում կունենան միայն այն ուսանողները, ովքեր պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ և բակալավրիատն ավարտելուց հետո կմեկնեն բանակ՝ որպես սպա։
Տևական ձգձգումներից հետո վերջապես հանրային քննարկման ներկայացվեց Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը։ Ծրագրում կրթությունն ամրագրվում է՝ որպես մարդու իրավունք, հանրային արժեք, և կարևորվում է կրթության ներառական ու համաչափ զարգացումը։ Ծրագրում նշված չեն, թե որոնք են Հայաստանի կրթության հիմնական խնդիրները։ Դեռևս հրապարակված չէ ծրագրի ամբողջական ճանապարհային քարտեզը։
Տարեվերջին հանրային քննարկման ներկայացվեց նաև Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նոր նախագիծը։ Այս նախագծով փորձ է արվում ավելի ճկուն դարձնել բուհական համակարգը։ Փոփոխություն կա կառավարման խորհուրդների մասով։ Եթե նախագիծն ընդունվի այս բովանդակությամբ, ապա բարձաստիճան պաշտոնյաներն այլևս չեն կարող լինել կառավարման խորհրդի անդամ։
Այս տարի ակնկալվում էր, որ նախարարությունը կներկայացնի Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը։ Մինչև տարեվերջ պետք է հրապարակվեին TIMSS միջազգային ստուգատեսում Հայաստանի դպրոցականների արդյունքները։ Վերջապես, պետք է հրապարակվեր Ուսուցիչ նախաձեռնության բովանդակությունը։ Բայց այս ամենը տեղափոխվում է 2018 թվական։
Առաջիկա տարիները դժվարին են լինելու կրթության համար։ Կառավարությունը նվազեցնում է կրթությանը հատկացվող միջոցները։ Շեշտակիորեն նվազում է հասարակության վստահությունը կրթության համակարգի հանդեպ։
Նման իրավիճակում միակ լուծումն այն է, որ կրթության համակարգի մասնագետները համախմբվեն և առաջարկեն իրավիճակը բարելավելու ստեղծագործական լուծումներ։ Բայց որպեսզի սա հնարավոր լինի, կրթական համակարգը պետք է կուսակցականացված չլինի։ Կուսակցականացված համակարգում որոշում կայացնողները դառնում են հարմարվող։
Իրավիճակը բարելավելու փոխարեն՝ հարմարվողները փորձում են արդարացնել այն կամ կոծկել առկա խնդիրները։ Պետք են իրավիճակին չհարմարվող մարդիկ։ Հարմարվողները չեն կարող իրավիճակ փոխել։ Իսկ եթե իրավիճակը չփոխվի, շարունակվելու է կրթության անկումը։