Ֆինանսների նախարարը 30 տարի մարման ժամկետով պարտատոմսերի թողարկումն առաջընթաց է համարում երկրի համար
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պարտքի կառավարումն ու ներքին պարտքի շուկայի խորացումը գերակա նպատակ է համարում: Այս մասին ասաց նա նախարարությունում կայացած միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին ֆինանսական ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Լավ ու խորը պարտքի շուկա ունենալը ոչ միայն մեզ` Ֆինանսների նախարարությանը, հնարավորություն է տալիս կանխիկ հոսքերն արդյունավետ կառավարել, այլև դա այն կարևորագույն սեգմենտն է, որի շրջանակներում գնանշվում են տարբեր գործիքակազմերը, որոնց տիրապետում են ֆինանսական շուկայի մասնակիցները: Այսինքն` ուղղորդիչ գները պետք է ճշգրիտ ներկայացվեն պարտքի շուկայում, և պարտքի շուկայի միջոցով արդեն գնագոյացումը կատարվի շուկայի տարբեր սեգմենտներով»,- ասաց նախարարը` հավելելով, որ Կենտրոնական բանկի հետ իրենց ջանքերը միավորում են, որպեսզի պարտքի շուկան ավելի կայացած դառնա:
Նախարարը ընդգծեց, որ թե տարածաշրջանում, թե ԱՊՀ երկրների շարքում և թե Արևելյան Եվրոպայի կամ անցումային երկրների շարքում Հայաստանը լավ դիրքերում է պարտքի շուկայի կառավարման տեսանկյունից:
Անդրադառնալով վերջերս 30 տարի մարման ժամկետով արժեթղթերի թողարկմանը` նախարարը նկատեց, որ դա համարձակ քայլ էր: Նա նշեց, որ բազմիցս քննարկել են, թե որ ձևաչափով առաջ շարժվեն, ի վերջո կանգ են առել պարտքի կյանքը երկարացնելու տարբերակի վրա: «Գնայինք այն տարբերակով, որ խնայողական ֆունկցիան կատարեր 20 տարի ժամկետով պարտատոմսը և 10 տարիանոցը զոհաբերեինք, ավելի կարճացնեինք պարտքի կյանքի տևողությունը, թե գնայինք 30 տարի ժամկետով պարտատոմսերի թողարկման ճանապարհով, որը բավականին համարձակ քայլ էր: Այդպիսով 20 տարիանոցը աստիճանաբար դրսից հանեինք, որ եկամտաբերության կորը ճիշտ արտացոլեր մեր էական պատկերը: Եվ մենք գնացինք համարձակ քայլի, թողարկեցինք 30 տարի ժամկետով պարտատոմսերը: Դա երկրի համար մեծ առաջընթաց էր»,- ասաց Վարդան Արամյանը: