Բաժիններ՝

Ընտանիքը՝ օրենքի և սիրո միջև

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» անունով օրենքի նախագիծը շաբաթներ առաջ հանձնվել է հասարակական քննարկման: Դրա մասին մասնագիտական ու հուզական բազմաթիվ կարծիքներ են հնչել, այս հիմքի վրա կազմակերպվել են մի շարք բանավեճեր, և այսօր կարող ենք արձանագրել, որ օրենքի՝ անհրաժեշտ կամ ավելորդ լինելու մասին տեսակետները բավարար համոզիչ չեն: Այս 37 էջանոց տեքստում ինձ համար էլ բազմաթիվ մտահոգիչ դրույթներ կան, սակայն ես այսօր կկամենայի ուշադրություն դարձնել այս օրենսդրական նախաձեռնության՝ օրենքի ուժով ընտանեկան կառույց մտնելու փաստին:

Ի՞նչ է օրենքը. խնդրի լուծման բանաձև: Սյունյակով շարում ենք առկա տվյալները, ստորև նշում ենք հարցը՝ այն խնդիրը, որ մենք այդ պարամետրերի շրջանակում ցանկանում ենք լուծված տեսնել, և որևէ ողջամիտ, հիմնավոր, տրամաբանական բանաձևի շրջանակում առաջին, երկրորդ, երրորդ և մյուս հարցերի միջոցով գտնում ենք մեր խնդրի պատասխանը:

Հնարավո՞ր է արդյոք այս սկզբունքով խնդիր լուծել ընտանիքում: Հնարավո՞ր է արդյոք ընտանիքում ծագած որևէ խնդրի համար մի սյունյակով շարադրել առկա բոլոր տվյալները, կամ դրանց մեծ մասը, կամ գոնե մի քանիսը: Քանի՞ տվյալ կարող է բավարար համարվել խնդրի ճիշտ լուծման համար: Արդյո՞ք շարադրված տվյալները սուբյեկտիվ ընտրության արդյունք չեն լինի, և հետևաբար՝ ոչ ճիշտ լուծման պատճառ: Արդյո՞ք ընտանիքում առկա որևէ խնդիր կարող է դիտարկվել առանձին՝ անկախ մյուս բոլոր խնդիրներից կամ տվյալներից՝ անկախ այդ ընտանիքում գործող համակարգից: Բնականաբար՝ ոչ: Հետևաբար, նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում օրենքը՝ նույնիսկ լավագույն օրենքը, չի կարող կարգավորել ներընտանեկան հարաբերությունները, քանի որ օրենքով հնարավոր չէ աշխատանքից եկող հոգնած մարդուն հարկադրել կողք դնել վայրկյան առաջ հանգստանալու ցանկությունն ու ինչ-որ բանով օգնել ոչ պակաս հոգնած կնոջը, համբերությամբ ստուգել երեխաների տնային աշխատանքները: Հնարավոր չէ հարկադրել կնոջը մոռանալ իր հոգսերն ու չհասցրած գործերը և ջերմ ու բարի մթնոլորտ ստեղծել տանը: Հնարավոր չէ հաշվարկել հայացքի այն փափկությունը, որով կարելի է մարել զայրույթի հուրը, հնարավոր չէ պարտադրել ձայնի այն երանգը, որի մեջ անհամաձայնության հետ համահավասար հնչում է հարգանքն այլ կարծիքի հանդեպ, որովհետև հնարավոր չէ սահմանել սերը ու պարտադրել այն, մինչդեռ հենց իրական սերն է հիմքն ու շաղախը մարդկային հարաբերությունների՝ թե՛ ընտանիքում, թե՛ այլուր:

Հոգուց բխող սեր-բարությունը պահպանել սովորեցնելը դժվար է. մանկուց ներքին-հոգևոր աշխատանքին է պետք վարժեցնել, սեփական «ուզում եմ»-ը «պետք է»-ին ստորադասելու կամքի ուժը զորացնել, սեփական սխալները խոստովանելու, ընդունելու և ներում ակնկալելու խոնարհությունը ներդնել: Շատ դժվար է: Ավելի հեշտ է դիտել, թե չկանոնակարգված տեսաաղբի ու ինֆորմացիոն աղմուկի մեջ ինչպես է ձևավորվում զոհ-բռնարարների հերթական սերունդը, ընդունել մի օրենք և դրանով սահմանված պատժի զսպաշապիկը հագցնել ընտանիքներին: Իսկ հետո՞. մի՞թե այս վախի ուրվականով կարելի է ստիպել սիրել: Ի՞նչ սեր պիտի լինի այդ սերը:

Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր գալուստով փակեց օրենքի դարաշրջանն ու տվեց սիրո շնորհը: Այստեղ դատապարտության ենթակա է ոչ թե չարագործը, այլ չարամիտը: Սա հարաբերությունների առավել նուրբ ու բարձր մակարդակ է, ուր մարդն իր ընկերոջը պիտի սիրի իր անձի պես, ների յոթանասուն անգամ յոթ, աղոթի իր թշնամիների համար ու համբերի, նվիրվի, սիրի: Այս համակարգն առավել բարդ է, քանի որ այստեղ, ինչպես Փոքրիկ իշխանն է ասում, «Ամենակարևորը աչքով չես տեսնի»:

Սիրո համակարգն այսօր գործում է միայն ընտանիքում և հազվադեպ՝ այլ միջավայրերում (աշխատանքային թիմեր, ընկերներ, հարևաններ), որոնք էլ, հպարտությամբ ընդգծելով իրենց հարաբերության բացառիկությունը. ասում են. «Մի ընտանիքի պես ենք»: Այսօրինակ հարաբերություններում ոչ թե ամեն մեկն իր իրավունքն ու շահն է դիտարկում, այլ փորձում է օգնել, սովորեցնել, խրախուսել. այստեղ հեշտ է լինում սեփական սխալը տեսնելն ու ընդունելը, ներում հայցելը ու ստանալը, միասին զարգանալն ու զորանալը: Այսպիսի միջավայրերում են իրապես փայլում աչքերը, բարևն ու ժպիտը լինում են ի սրտե, և մարդկային հոգիների ջերմությունից ծնվում են իրական առօրյա հրաշքներ:
Քրիստոնյա մարդու համար մի մեծ ընդհանուր օրգանիզմ է աշխարհը, ու ամենքս մի-մի բջիջն ենք նրա: Ցավող ձեռքի կամ աչքի պատճառով մարդը հիվանդ է համարվում և ձգտում ամեն կերպ առողջացնել իր այդ մասնիկը՝ առողջանալ: Մեր ընտանիքում, գերդաստանում, երկրում, աշխարհում ամեն մեկի ցավը ցավ է ամեն զգայուն սրտի համար: Օրենսդրական, կրթական, բոլոր պետական ծրագրերի հիմքում պետք է դրվի ոչ թե մարդկանց բռնությունները բացահայտնելն ու պատժելը, այլ հոգևոր սննդով ապահովելը, որ մարդը չարը չանի, որովհետև չկամենա չարն անել, որ մարդը կամենա բարին անել, արարել:

Եվ առավել մարդկային, բնական ու տրամաբանական կլինի, որ ոչ թե ընտանիքը վերցնի «ոճիր և պատիժ» սկզբունքն ու ներընտանեկան հարաբերությունների կարգավորման հիմքում դրվի պատժելու լիազորություններ ստացած ոստիկանի կերպարը, այլ մեր հանրության՝ մարդկության զարգացման բանալին դառնա հրաշքակիր մասնիկի՝ սիրող ընտանիքի մոդելը: Որ մի օր էլ աշխարհն ապրի մի ընտանիքի պես:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սկզբնաղբյուր` «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս