«Այսուհետ դատավորների համար գործելու են վարքագծի և էթիկայի կանոններ». Փոփոխություններ ՀՀ դատական օրենսգրքում
«Եթե որևէ մեկը հարց ուղղեր ինձ, թե ո՞ր երեք հիմնական կոնցեպտուալ հարցերն են լուծված այս օրենքով, ես կասեի՝առաջին հերթին՝ դատավորի արտաքին և ներքին անկախությունը: Դա նշանակում է՝ անկախություն դատական իշխանությունից դուրս գտնվող որևէ այլ մարմնից»,- այսօր Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Դ. Հարությունյանի խոսքով՝ դատավորի վարքագծի կանոն է սահմանված, որ իր գործունեության միջամտության ցանկացած փորձի մասին նա պարտավոր է հայտնել բարձրագույն դատական խորհրդին, իսկ բարձրագույն դատական խորհուրդը պետք է անմիջապես դիմի համապատասխան մարմնին միջնորդությամբ, որպեսզի այն անձին, որը փորձել է դատավորի վրա ճնշում գործադրել, ենթարկեն պատասխանատվության: Նախարարն ընդգծեց, որ, եթե անպատասխան մնա միջնորդությունը, բարձրագույն դատական մարմինը պետք է հայտարարությամբ հանդես գա, որպեսզի հանրությունն իմանա՝ ինչ է տեղի ունեցել:
«Քննարկման առարկա ենք դարձրել նաև ներքին անկախությունը, որն ամենակարևոր տարրն էր: Այն մարմինը, որն այսօր գործում է դատական իշխանության համակարգում՝ դատարանների նախագահների խորհուրդը, իսպառ վերացվում է: Դատական խորհուրդն է լինելու այն մարմինը, որը ստանձնում է իր վրա բոլոր կարևորագույն ֆունկցիաները՝ ապահովելու դատական իշխանության անկախությունը: Էապես փոխվել են դատարանի դատավորի լիազորությունները: Դրանք սահմանափակվել են զուտ դատարանի բնականոն գործունեությունն իրականացնելով, ինչպես նաև՝ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում ներկայացնելու հարցերով: Եթե վճռաբեկ դատարանի նախագահը նախկինում դիտվում էր՝ որպես դատական իշխանության ներկայացուցիչը, տվյալ պարագայում նա ընդամենը ներկայացնելու է վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում»,- նշեց Դ. Հարությունյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ ամրագրում են՝ ինչ է նշանակում՝ «գործի քննությունը ողջամիտ ժամկետում»՝ մանրամասն տալով այն չափանիշերը, թե ինչպես պետք է այն գնահատվի. «Ամենակարևր տարրն այն է, որ մենք նախատեսում ենք մեր դատական համակարգում հնարավորություն՝ դիմելու դատարան, որպեսզի դատարանը ճանաչի արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը, այսինքն՝ ողջամիտ ժամկետում գործը քննելու և լուծելու հարցը»:
Դ. Հարությունյանը նկատեց, որ ամենաքիչ դատավորները Հայաստանում են. «Սա չի նշանակում, որ մենք պետք է անմիջապես մեծացնենք դատավորների թիվը, այլ նշանակում է՝ պետք է գտնենք ներքին ռեսուրսներ՝ բարձրացնելու արդյունավետությունը, բայց, իհարկե, որոշ դեպքերում, բնականոն զարգացումների հետևանքով՝ պետք է նաև մեծացնեն դատավորների թիվը: Առաջարկվում է սահմանել դատավորների նվազագույն թիվը, միայն վճառաբեկ դատարանում սահմանել՝ հստակ քանի հոգի պետք է լինեն, և հնարավորություն ընձեռել Բարձրագույն դատական խորհրդին, չխախտելով օրենսդրական պահանջը, եթե անհրաժեշտ է, կատարել նաև դատավորների թվի ավելացում»:
Հիմնական զեկուցողը նաև նշեց, որ քայլեր են ձեռնարկվել նաև դատավորների որակը բարձրացնելու ուղղությամբ. «Մանրամասն ներկայացրել ենք, թե ինչ փուլեր պետք է անցնի դատավորը, և ինչ պահանջներ ենք մենք ներկայացնում դատավորի թեկնածուի նկատմամբ: Մենք ավելի հստակ ենք կարգավորել երկու կարևոր տիրույթ՝ վարքագծի կանոնները, որոնք պետք է օրենքով հստակ սահմանված լինեն, և որոնց խախտման դեպքում դատավորը ենթակա է պատասխանատվության, ընդհուպ՝ մինչև նրա լիազորությունների դադարեցումը: Ամրագրում ենք նաև էթիկայի կանոններ, որոնք նրանք ստանձնում են կամովին, և իրենց մեջ պարունակում են անձնական և վարքագծային կանոններ: Սա վերջին ամենաժամանակակից մոտեցումն է, որը առկա է ժողովրդավարական երկրներում»: