Բաժիններ՝

Մուամար Քադաֆիի որդին մտադիր է առաջադրվել Լիբիայի նախագահի պաշտոնում

Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին, մտադիր է մասնակցել երկրի նախագահական ընտրություններին: Այդ մասին դեկտեմբերի 17-ին Քադաֆիների ընտանիքի մամուլի քարտուղար Բասեմ ալ Հաշիմի ալ Սուլը պատմել է Egypt Today անգլալեզու եգիպտական հանդեսին:

«Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին իր թեկնածությունն է առաջադրելու առաջիկա նախագահական ընտրություններում, որոնք կարող են կայանալ 2018 թվականի կեսին»,-հայտարարել է նա, հավելելով, որ ապագա թեկնածուն իր ծրագիրը կներկայացնի մոտ ժամանակներս: Դրանում, մամուլի քարտուղարի խոսքով, կներառվեն «այն ընթացակարգերը, որոնց, ինչպես հուսով է Սեյֆ ալ Իսլամը, հավանություն կտա ՄԱԿ-ը, եւ որոնք կարող են օգնել Լիբիային՝ ներկայիս անցումային շրջանից շարժվել դեպի կայունություն»:

Լիբիայի տարածքում Սեյֆ ալ Իսլամի քաղաքական գործունեության սկսվելու մասին հայտնի Է դարձել հոկտեմբերի կեսին: Քադաֆիների ընտանիքի փաստաբան Հալեդ ազ Զայիդին «Ալ Արաբիա» հեռուստաալիքին պատմել է, որ Քադաֆիի որդին մասնակցում է լիբիական հասարակության կյանքին, շփումներ է պահպանում հասարակական գործիչների եւ լիբիական ցեղերի ղեկավարների հետ համապարփակ ծրագրեր կազմելու նպատակով: 44-ամյա Սեյֆ ալ Իսլամը՝ Մուամար Քադաֆիի ավագ որդին երկրորդ ամուսնությունից, հոր կողմից որպես հավանական իրավահաջորդ էր դիտվում:

Նա կրթությամբ ճարտարապետ է եւ ինժեներ, սովորել է Ավստրիայում եւ Մեծ Բրիտանիայում: Ավարտել է Լոնդոնի տնտեսական ու քաղաքական գիտությունների դպրոցը, որտեղ նրան շնորհվել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Գլխավորում էր իր հոր անվան միջազգային բարեգործական հիմնադրամը: Սեյֆ ալ Իսլամը Զինթան քաղաքի աշխարհազորայինների կողմից ձերբակալվել էր 2011 թվականի նոյեմբերին, երբ ավտոմեքենայով ուղեւորվում էր Նիգերի հետ սահմանի կողմը:

Տրիպոլիի վճռաբեկ դատարանը 2015 թվականի հուլիսի 24-ին հեռակա կարգով նրա նկատմամբ մահվան դատավճիռ էր կայացրել «Լիբիայի ժողովրդի դեմ հանցագործությունների» մեղադրանքով, որոնք կատարվել են այսպես կոչված փետրվարի 17-ի հեղափոխության ժամանակ:

Սակայն զինթանցիները կտրականապես հրաժարվել էին կալանավորին հանձնել մայրաքաղաքի իշխանություններին, որոնց նկատմամբ թշնամաբար էին տրամադրված նախկին ռեժիմի անկումից հետո, եւ հունիսի սկզբին Սեյֆ ալ Իսլամը ազատվել էր Զինթանի բանտից: Մուամար Քադաֆին, որը Լիբիան կառավարում էր 1969 թվականից, ապստամբների կողմից բռնվել ու սպանվել է 2011 թվականի հոկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս