«Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի պահանջներն էլ մասնակիորեն պետք է բավարարվեն». Տարասով
«Սերժ Սարգսյանի բացահայտումը բացասական հանգամանք էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի այն հատվածի մասին, որտեղ նախագահն անդրադառնում է ԼՂ հակամարտությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ժամանակ կոնկրետ կետերի շուրջ չի խոսվում:
«Բայց եթե տեսնեք, թե այս երկու տարիներին ինչ է տեղի ունեցել, ապա այդ պրոցեսը պետք է բնական համարել: Վերջին երկու տարվա ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, ունեցել ենք պայմանավորվածություններ, և հիմա, այսպես ասած, պրոցեսը գնում է երկու ուղղությունով»,- նշել է նա։
Ս.Սարգսյանի խոսքով՝ առաջին ուղղությունն այն է, որ պետք է լարվածությունը թուլացնել, պետք է հետաքննության մեխանիզմներ ստեղծել, որը կբերի փոխվստահության որոշակի մթնոլորտի, և որից հետո հնարավոր կլինի ավելի խորանալ փաստաթղթի դրույթների շուրջ:
«Հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել: Բանակցությունները կրակոցներ չեն սիրում: Եվ այդպիսի պայմաններում հնարավոր չէ գալ համաձայնության: Կրակոցները միշտ խանգարում են, մարդկային զոհերը միշտ ցավալի են և նյարդային մթնոլորտ են մտցնում բանակցային պրոցեսում: Հանդարտ մթնոլորտում պետք է կշռադատել յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր դրույթը, որպեսզի հնարավոր լինի գալ համաձայնության»,- ընդգծել է նախագահը։
Ստանիսլավ Տարասովն ասաց, որ իր համար բացահայտում էր այն, որ ոչ մի կոնկրետ կետի շուրջ կողմերը չեն բանակցում: Սա, փորձագետի գնահատմամբ, բացասական հանգամանք է, քանի որ գործընթաց դեռ չի սկսվել:
«Այն փաստը, որ նախարարները մեկ շաբաթ առաջ Վիեննայում հանդիպեցին, և հանդիպումը տևեց ութ ժամ, տպավորություն ստեղծեց, թե նախարարները, ինչպես այդ մասին բացահայտ ադրբեջանական կողմն էր նշել հանդիպումից հետո, քննարկելու թեմաներ, կետեր ունեն, և այդ քննարկումները դրական հունով են ընթացել:
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել էր, որ կողմերն էական հարցեր են քննարկել միմյանց դիրքորոշումները մոտեցնելու նպատակով: Դրանից ավելի վաղ թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջանում, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նշել էին, որ սեղանին կան փաստաթղթեր, դրույթներ, որոնք կողմերը կարող են քննարկել:
Սակայն տրամաբանությունն ուղղորդում է մտածել, որ առանց վստահության մթնոլորտի՝ հնարավոր չէ քննարկել խաղաղ համաձայնագրի առանձին դրույթները, ինչպես և ՀՀ նախագահն է նշում: Իսկ դա կարող է տեղի ունենա, եթե Ադրբեջանը համաձայնի Կասպրչիկի թիմի ընդլայնմանը, որը, ինչպես Նալբանդյանն էր նշել, անընդհատ հետաձգվում է ԵԱՀԿ-ի կողմից, քանի որ Ադրբեջանը խուսափում է այդ հարցի քննարկումից»,- ասաց Տարասովը:
Նրա խոսքով, եթե վստահության մթնոլորտ չձևավորվի, ինչպես Հայաստանն է ակնկալում, և չսկսվեն բանակցություններ դրույթների շուրջ, ինչպես Ադրբեջանն է ցանկանում, իրավիճակը բանակցություններում կրկին կբախվի փակուղուն:
Տարասովի կարծիքով՝ պետք է երկու կողմի պահանջները մասնակիորեն ընդունվեն, իրականացվեն, որպեսզի հետագա բանակցություններն արդյունավետ լինեն: Ըստ նրա՝ հակառակ դեպքում պատերազմի վտանգը կա, և դա երևում է կողմերի հայտարարություններում: «Յուրաքանչյուր կողմ փորձում է իր ցանկություններն առաջ մղել՝ կրկին առանց որևէ զիջման ցանկության, իրավիճակը շփման գծում գուցե ավելի վատթարանա: Բայց այդ էջն իրենց վերջին հաղորդագրությամբ Մինսկի խմբի համանախագահները փորձել են փակել, վերջակետ դնել պատերազմի վերսկսման հնարավորությանը: Ինտենսիվ բանակցությունների ընթացքում գուցե նոր գաղափարներ առաջանան, որոնց արդյունքում Արցախը կվերադառնա բանակցային սեղան: Այդ դեպքում բանակցությունները կարող են հանգեցնել կարգավորման»,- ասաց նա: