Արդյո՞ք դուք կարող եք ձեր կողմից գնված կրիպտոարժույթը վերածել դրամի. ԿԲ դիրքորոշումը «ֆինանսական փուչիկ» որակվող երևույթի մասին
Ավելի քան 1000 տարատեսակ ունեցող կրիպտոարժույթները, որոնք մեր կյանք են ներխուժել ու խաղի նոր կանոններ են թելադրում, չեն կարող մրցակից լինել ազգային արժույթներին։ Մեկ պարզ պատճառով՝ դրանք չափազանց մեծ ռիսկեր են պարունակում և չեն համապատասխանում ազգային արժույթների հիմքում դրված չափանիշներին։ Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցազրույցը ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանի հետ՝ կրիպտոարժույթների առնչությամբ ՀՀ ԿԲ-ի դիրքորոշման, այդ դաշտի կարգավորման և վերահսկողության մոտեցումների, համաշխարհային տնտեսության վրա դրանց հնարավոր ազդեցության մասին։
– Բիթքոինը տարեսկզբի իր արժեքի համեմատ գրեթե տասներկու անգամ թանկացել է: Դեկտեմբերի 11-ի դրությամբ` 1 բիթքոինի գինը հատել է 16 հազար դոլարի սահմանը: Ի՞նչ դիրքորոշում է որդեգրել ՀՀ կենտրոնական բանկը կրիպտոարժույթների առնչությամբ:
-Կրիպտոարժույթը, կարելի է ասել, հետաքրքիր, մոդայիկ ու տարածված տերմին է դարձել հատկապես վերջին ժամանակներս` հաշվի առնելով, թե ինչ արագությամբ են աճում այդ արժույթի գները և չասեմ հեղինակությունը: Այդ սրընթաց աճը պատճառ է հանդիսացել, որ այն բոլոր լրատվամիջոցների և նաև մարդկանց ուշադրության կենտրոնում է: Նախ ասեմ, որ այսօր աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ կրիպտոարժույթներ՝ 1000-ից ավելի։ Իհարկե, դրանցից ամենահայտնին ու հանրաճանաչը բիթքոինն է, որը ամբողջ կրիպտոարժույթների շուկայի մոտ 50 տոկոսն է զբաղեցնում: Ամենամեծ աճը, ըստ էության, բիթքոինն է գրանցել: Եթե նայենք վերջին մեկ տարվա զարգացումներին, դրա գինը, ֆինանսների լեզվով ասած, մոտ 1500 տոկոսով աճել է: Եվ իհարկե կան մի շարք կրիպտոարժույթներ, որոնց գինը նվազել է: Աշխարհում տարբեր զարգացումներ են տեղի ունենում կրիպտոարժույթների շուրջ, այդ թվում` կարգավորման մասով։ Մի բան կարող եմ նշել, որ այսօր աշխարհը դեռևս գտնվում է ճանաչողական, ուսումնասիրության և մոնիտորինգի փուլում։ Ըստ էության, կրիպտոարժույթները նոր երևույթ են մեր բոլորի կյանքում: Երկրների զգալի մեծամասնությունը վերջնական դիրքորոշում կարգավորման, վերահսկողության առումով դեռևս չունի։
Որոշ երկրներ տարբեր փորձարկումներ են անում, որոշները կարգավորում են, որոշները` արգելում, որոշները զգուշացնում են իրենց քաղաքացիներին, սպառողներին, որ կրիպտոարժույթների հետ կապված էական ռիսկեր կան ու հորդորում են զերծ մնալ հնարավոր ռիսկերից, կորուստներից:
Սրա հետ կապված երկրների փորձն էլ զանազան է ու տարբեր` անկախ զարգացվածությունից, երկրի մեծությունից: Չինաստանն ընդհանրապես արգելել է կրիպտոարժույթների որևէ գործառնությունը` չնայած Չինաստանն այսօր համարվում է կրիպտոարժույթ ստեղծող երկրներից ամենախոշորը: Այս առումով մի կարևոր բան հիշատակեմ, որ մոտ երկու ամիս առաջ տարածաշրջանային մեծ միջոցառում էր, որտեղ ներկա էին մոտ 22 երկրի կենտրոնական բանկերի նախագահները, և օրակարգային հարցերից մեկը կրիպտոարժույթներն ու դրանց հետ կապված զարգացումներն էին: 22 երկրի ներկայացուցիչներից որևէ երկիր դրական ու օպտիմիստական տեսանկյունից չէր խոսում կրիպտոարժույթների մասին, այլ հակառակը բոլորը խոսում էին դրանց հետ կապված ռիսկերի, անորոշության վերաբերյալ: Այսինքն` միանշանակ կարող ենք ասել, որ միասնական մոտեցում աշխարհը չունի այսօր, դեռևս սպասողական և ուսումնասիրման փուլում են գտնվում։ Այդ թվում` մեր ուշադրության կենտրոնում է այս հարցը գտնվում, ուսումնասիրում ենք, մոնիտորինգի ենք ենթարկում դրանց վերաբերյալ հարցերը: Զարգացումներին հետևելով՝ մեր քաղաքականությունն ունենալու համար։
Շատ այլ կենտրոնական բանկերի ու կառավարությունների հետ մեր դիրքորոշումն է՝ հորդորել մեր քաղաքացիներին զերծ մնալ նման տիպի գործարքներից, որոնք շատ մեծ ռիսկեր են պարունակում։ Իհարկե, նման գործարքներ կատարելիս ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա է մնում՝ կախված բոլոր ռիսկերից՝ փողերի լվացում, ահաբեկչության ֆինանսավորում, հարկերից խուսափում, ոչ թափանցիկություն, տատանողականություն, ֆինանսական կորուստներ և այլն։ Մենք էլ ենք հորդորում հնարավորինս զերծ մնալ այդպիսի գործարքներից։
-Ասացիք կան երկրներ, որոնք կարգավորում են այս դաշտը, ի՞նչ մոտեցումներ են որդեգրվում, ի՞նչ ուղղությամբ է դա իրականանում:
-Կարգավորել դեռևս չի նշանակում թույլատրել կամ արգելել, կարգավորելով կարող ենք նաև արգելել։ Օրինակ, Ճապոնիան առաջին երկիրն էր, որ կրիպտոարժույթները՝ հատկապես բիթքոինը, ճանաչեց որպես վճարման միջոց։ Այնուհետև, երբ դրա հետ կապված գործընթացներ տեղի ունեցան, Ճապոնիայի բանկը վերջերս հրապարկեց մի հոդված, որում ակնհայտ խնդիրներ էր տեսնում բիթոինի հետ կապված գործարքների կարգավորման և վերահսկման առումով: Իրենք ինչ-որ դրական քայլ արեցին, բիթքոինը ճանաչեցին որպես վճարամիջոց, բայց դրան հաջորդեցին բազմաթիվ խնդիրներ։ Իրենք այս առումով կանոնակարգման ու վերահսկման շատ խիստ դաշտ են բերում, որ կարողանան կառավարել: Շվեյցարիայում ինչ-որ փոքր քաղաքում փորձարկման նպատակով թույլատրել են հարթակ ստեղծել, որ կարողանան բիթքոինով վճարումներ իրականացնել և բիթքոինի առևտուր կատարել։ Նույնիսկ այդ փոքր քաղաքի հարկերը հնարավոր է բիթքոինով վճարել։ Աշխարհում կարգավորող, վերահսկող մարմինները փնտրտուքների մեջ են, ահագին ժամանակ կպահանջվի, ինձ թվում է, հստակ դիրքորոշում ձևավորելու համար։
-Կրիպտոարժույթների էլ ավելի ամրապնդման պարագայում համաշխարհային տնտեսությունը ի՞նչ վտանգների, ռիսկերի կամ միգուցե հնարավորությունների կհանդիպի։
-Եվ զարգացող, և զարգացած երկրներում, չնայած գները սրընթաց աճում են, դեռևս շատ փոքր ծավալներով են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Չինաստանի տնտեսության մեջ կրիպտոարժույթների տեսակարար կշիռը նոր բիզնեսների ֆինանսավորման մեջ կամ որպես վճարման միջոց չափազանց փոքր է, ու չեմ կարծում, որ այն շատ մեծ ռիսկեր է ներկայացնում համաշխարհային ֆինանսական տնտեսության համար։ Բայց, հաշվի առնելով աճի տեմպերը, հետագայում այն կարող է խնդիրներ ստեղծել։ Բազմաթիվ հայտնի մարդիկ, տնտեսագետներ, բանկիրներ, իհարկե միանշանակ չէ դիրքորոշումները, հիմնականում բացասական ու ռիսկային են համարում այս գործարքները։ Բայց բլոկչեյնի՝ որպես նոր տեխնոլոգիայի կիրառման հետ կապված զարգացումներ կան։
Կրիպտոարժույթները որակվում են որպես ֆինանսական փուչիկ (bubble), ինչը ենթադրում է, որ տվյալ ապրանքի կամ ծառայության գինը շատ ավելի չափազանցված և ուռճացված է, քան իր իրական գինը։ Օրինակ, 2008-2009 թթ. ֆինանսական ճգնաժամի պատճառներից մեկն այն էր, որ ֆինանսական ակտիվները չափից ավելի գերագնահատված էին, քան դրանց իրական արժեքն էր։ Շատ-շատ մասնագետներ նշում են, որ կրիպտոարժույթների գները ևս չափազանց գերագնահատված են, ու այն շատ նման է ֆինանսական փուչիկի, որը մի օր կարող է պայթել։ Այդ մի օրը վաղը կլինի, թե մեկ տարի, կես տարի հետո, դժվար է գնահատել։
-Այն, որ երկրները ոչ արգելում են, ոչ թույլատրում, ոչ էլ կարգավորման դաշտ ստեղծում, դա, ըստ Ձեզ, տանո՞ւմ է նրան, որ ավելի է տարածվում կրիպտոարժույթը։ Արդյո՞ք արգելելով կկանխվի կրիպտոարժույթի զարգացումը, թե՞ հակազդեցությունը կարող է բերել ավելի աճի։
-Իհարկե խրախուսումը բերելու է ավելի լայն տարածման ու ավելի շատ մարդիկ ներդրումներ կկատարեն դրանցում, որն ի վերջո մարդկանց կարող է ֆինանսական կորուստների տանել։ Ներդրումներ են կատարվում ակտիվում, որն ունի չափազանց մեծ տատանողականություն, օրվա ընթացքում 10-20 տոկոս կարող է բարձրանալ կամ իջնել, ու մարդիկ կարող են ֆինանսական կորուստներ կրել։ Արգելելը ավելի շատ նպատակ ունի տվյալ երկրի քաղաքացիներին զերծ պահել հնարավոր ֆինանսական կորուստներից։
– Կարգավորման դաշտից դուրս գտնվելով՝ կրիպտոարժույթները պարարտ հող են ստեղծում փողերի լվացման և ահաբեկչական ֆինանսավորման (ՓԼԱՖ) առումով, սա կանխարգելելու համար ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել:
-Դուք, ինչպես շատ իրավացի նշեցիք, կրիպտոարժույթներին բնորոշ շատ ռիսկեր կան, որոնցից գլխավորը ՓԼԱՖ-ի հետ կապված ռիսկն է։ Այսօրվա կրիպտոարժույթների գործարքների սխեման այնպիսին է, որը հնարավորություն չի տալիս կիրառել ՓԼԱՖ-ին վերաբերող օրենսդրության պահանջները, այսինքն՝ հնարավոր չի լինում նույնականացնել տվյալ գործարքների մասնակիցներին։ Կա ՖԱԹՖ (FATF) միջազգային կազմակերպություն, որը փողերի լվացման և ահաբեկչական ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային ստանդարտներն է մշակում։ Իրենց հայտարարության մեջ նրանք ողջունում են ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումը, բայց միաժամանակ փաստում են, որ կրիպտոարժույթների գործարքների ժամանակ կիրառվող տեխնոլոգիաները, ցավոք, թույլ չեն տալիս ամբողջությամբ բացահայտել ու կիրառել ՓԼԱՖ-ի պահանջները։
Կարծում եմ՝ կրիպտոարժույթների հանրաճանաչությունն ու տարածումը պայմանավորված են նրանով, որ այն անանունության սկզբունքի վրա է հիմնված։ Այսինքն՝ եթե անանունությունը չլինի, չեմ կարծում, որ այնքան գրավիչ կլինի։ Անանունությունը ենթադրում է տարբեր տիպի չարաշահումներ՝ փողերի լվացում, հարկերից խուսափում և այլն։
-Բարձրաձայնվում է նաև այս արժույթի լիկվիդայնության խնդրի վերաբերյալ: Ինչպե՞ս դա հնարավոր կլինի։
-Լիկվիդայնությունը շատ կարևոր ֆինանսական կատեգորիա է, այն ցույց է տալիս, թե դու որքանով կարող ես տվյալ ապրանքը կամ ծառայությունը վերածել կանխիկ փողի և հակառակը։ Այսօր կրիպտոարժույթներ ձեռք բերելու հնարավորությունը բավականին մեծ է, նույնիսկ առցանց կարող եք բանկային քարտի օգնությամբ գնել որևէ կրիպտոարժույթ։ Բայց այ հակառակ գործարքների մասով ես մեծ վերապահում ունեմ, արդյո՞ք դուք կարող եք ձեր կողմից գնված կրիպտոարժույթը վերածել դրամի։
Եթե նույնիսկ կարող եք անել, ապա շատ մեծ դիսկոնտով։ Եթե այսօր բիթքոինը վաճառվում է մոտ 17 հազար ԱՄՆ դոլարով, դա չի նշանակում, որ դուք 17 հազար դոլարով կարող եք ձեր 1 բիթքոինը կանխիկացնել։ Հնարավոր է իրացնեք 10 հազարով, 5 հազարով, իսկ դա նշանակում է, որ չի կարող խոսք լինել դրա իրացվելիության մասին։ Եթե այն բարձր իրացվելի ակտիվ լիներ, ապա իր շուկայական գնին շատ մոտ պիտի լիներ գինը, որով դուք կարող էիք փոխանակել։ Ես չեմ կարծում, որ կրիպտոարժույթներն իրացվելի են։
– Կան հրապարակումներ, ըստ որոնց՝ որոշ ապրանքների և ծառայությունների առքն ու վաճառքը կատարվել է բիթքոինով: Արդյո՞ք, սա ինդիկատորն է նրա, որ կրիպտոարժույթն իր դիրքերն է ամրապնդում ավանդական դրամային համակարգերի շարքում։
-Միգուցե փորձ արվում է, բայց այն չի կարող մրցակցել ազգային արժույթների հետ այն պարզ պատճառով, որ կրիպտոարժույթը չի համապատասխանում ազգային արժույթների հիմքում դրված չափանիշներին։ Այն գործառույթը, որ կատարում են ազգային արժույթները, չեն կարող կատարել կրիպտոարժույթները՝ դրան գումարած այն ռիսկերը, որոնք կան այդ արժույթների հետ կապված։ Դա վստահությունն է, թափանցիկությունը, հուսալիությունը։ Տատանողականության մասին ենք խոսում, օրական կարող է գինը 20 տոկոս տատանվել։ Միգուցե հավակնություններ կան, բայց վստահ եմ, որ կրիպտոարժույթները չեն կարող մրցակից լինել ազգային արժույթներին։
-Հայաստանում այդ արժույթը տիրապետողների թվաքանակի, ծավալի մասին ունե՞ք տեղեկատվություն։
-Կարծում եմ՝ չկա պաշտոնական վիճակագրություն այդ մասին, բայց ենթադրում եմ, որ որոշակի ծավալ կա, բայց շատ աննշան։
Պատրաստեց Անի Նազարյանը