Երբ ես կծերանամ…
Ես որոշեցի այս նամակն ապագայի համար ինձ գրել ոչ այն պատճառով, որ այդպիսով ուզում եմ խաբել սկլերոզին կամ կանխարգելել ծերունական թուլամտությունը:
Դրանում այն դժվար թե օգնի, սակայն հնարավոր է՝ կօգնի խուսափել որոշ սխալներից: Գիտեք, թե մանկության ու պատանեկության տարիներին, լսելով մեծերի հարատև բարոյախրատական ճառերը, հետևելով, թե ինչպես են վիճում ծնողները, կամ թե ինչպես են իրենց պահում ծերերը, ես մտածում էի, որ երբ մեծանամ, երբեք այդպես չեմ վարվի երեխաներիս հետ, այդքան ծիծաղելի տեսք չեմ ունենա ու երբեք չեմ կրկնի այդ բոլոր սխալները:
Իսկ հետո՝ տարիներ անց, ես սարսափով ինձ բռնում էի այն մտքի վրա, որ երբեմն հենց նույն կերպ էլ վարվում եմ՝ գոռում եմ երեխայի վրա, հիմար, անհետաքրքիր բաներ եմ ասում, համառորեն ուշադրություն ու երախտագիտություն եմ հայցում: Իսկ եթե ես ճիշտ ժամանակին հիշեի, թե որքան էր դա ինձ ժամանակին զայրացնում, նման բան չէի անի, թերևս: Ահա թե ինչու ես այժմվանից նախապատրաստել եմ այս ցուցումներն ինքս ինձ համար՝ ելնելով իմ այժմյան փորձից ու սեփական դիտարկումներից: Հուսով եմ, որ տասնամյակներ անց, եթե կենդանի լինեմ, և եթե այդ ժամանակ այս խելացնոր աշխարհն ինքն իրեն վերջնականապես ոչնչացրած չլինի, այս գրառումներն իմ աչքով կընկնեն և կօգնեն խուսափել հիմար արարքներից ու իրավիճակներից:
Եվ այսպես, հարգելիս, երբ դու կծերանաս`
1. Երբեք ոչ ոքի բարոյախրատական դասեր մի տուր: Անգամ, երբ հաստատ գիտես, որ ճիշտ ես լինելու: Հիշիր, թե դա ինչպես էր քեզ նյարդայնացնում ժամանակին, և արդյո՞ք դու հետևում էիր մեծերի խորհուրդներին:
2. Մի ձգտիր օգնել, երբ քեզ այդ մասին չեն խնդրում: Ոչ մեկին մի պարտադրիր քո անձը: Մի փորձիր մտերիմներիդ հեռու պահել այս աշխարհի չարիքներից: Պարզապես սիրիր նրանց:
3. Մի բողոքիր ոչ առողջությունից, ոչ հարևաններից, իշխանությունից, կենսաթոշակային ֆոնդից, ու առհասարակ ոչ մի բանից մի բողոքիր: Մի վերածվիր բակում նստարանի վրա նստած բամբասող ու փնթփնթացող պառավի:
4. Մի սպասիր, որ երեխաներդ շնորհակալ լինեն քեզ: Հիշիր՝ չկան անշնորհակալ երեխաներ, կան երեխաներից շնորհակալության խոսքերի սպասող հիմար ծնողներ:
5. Երբեք մի արա հետևյալ արտահայտությունները՝ «Ես քո տարիքում…», «Ես քեզ եմ տվել կյանքիս լավագույն տարիները», «Ես մեծ եմ ու դրա համար էլ ավելի լավ գիտեմ…», և այլն: Դա անտանելի է:
6. Եթե դու թոռներ ունենաս, մի պնդիր, որ նրանք քեզ ոչ թե տատիկ ասեն, այլ անունով դիմեն: Դա հիմարություն է:
7. Վերջին դրամդ մի վատնիր երիտասարդացնող պրոցեդուրաների վրա: Դա անմտություն է: Ավելի լավ է՝ դա ծախսիր ճանապարհորդությունների վրա:
8. Մի նայիր քեզ հայելու մեջ և մի դիմահարդարվիր մութ սենյակում: Ինքդ քեզ մի շողոքորթիր ու աշխատիր հնարավորինս էլեգանտ տեսք ունենալ: Այո, հենց էլեգանտ, այլ ոչ՝ ավելի երիտասարդ: Հավատա, այդպես ավելի լավ կլինի:
9. Փայփայիր քո տղամարդուն՝ անգամ, երբ նա կնճռոտվել է, անօգնական ու փնթփնթան ծերունի դարձել: Մի մոռացիր, որ ժամանակին նա երիտասարդ, ուժեղ ու ուրախ տղամարդ է եղել, և այժմ հավանաբար մեկն է այն քչերից, ով հիշում է, որ դու երիտասարդ, բարեկազմ ու գեղեցիկ աղջիկ էիր: Եվ հնարավոր է՝ նա միակն է, ում դու իսկապես պետք ես:
10. Մի փորձիր ցանկացած գնով ընկնել ժամանակի հետևից՝ գլուխ հանել նոր տեխնոլոգիաներից, անընդհատ հետևել նորություններին, շարունակ ինչ-որ նոր բան ուսումնասիրել, որպեսզի կյանքի հոսքի մեջ մնաս: Դա ծիծաղելի է: Արա այն, ինչ քեզ դուր է գալիս: Որքա՞ն կարելի է:
11. Ոչ մի բանում քեզ մի մեղադրիր: Ինչպես էլ որ քո ու քո երեխաների կյանքը դասավորվի, հիշիր, դու արել ես այն ամենը, ինչ կարողացել ես:
12. Ցանկացած իրավիճակում պահիր արժանապատվությունդ: Մինչև վերջ: Աշխատիր այդպես անել, դա շատ կարևոր է: Եվ հիշիր. եթե դու մինչև այժմ կենդանի ես, նշանակում է՝ դա ինչ-որ մեկին պետք է:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը