«Չեմ կարծում, որ Հայաստանի որևէ պաշտոնյա դեմ է գնալու Արցախի ժողովրդի կամ իշխանությունների ցանկություններին». Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ,  ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով 168.am-ի հարցին՝ թե աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Արցախի հիմնահարցի շուրջ ի՞նչ փոփոխություններ են հնարավոր, քանի որ տարբեր հայտարարություններ են հնչում, ասաց, որ բոլոր համանախագահող երկրների կոչը մեկն է՝ նախ՝ ուժի չկիրառումը, հետո նոր շեշտվում են տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ըստ Իսագուլյանի՝ ուժի չկիրառման վրա շեշտադրումը բավականին լուրջ է.

«Ուժային կենտրոնները, որոնք միայն Արցախի հարցով չեն զբաղվում՝ Վաշինգտոն, ԵՄ՝ ի դեմս Ֆրանսիայի, և Ռուսաստան, շատ են կարևորում այս սեղանը, որովհետև այդտեղ բախումները, փոփոխությունները կամ հարցի վերջնական հանգուցալուծումը զրկելու է իրենց այդ հնարավորությունից։ Բոլորը միաձայն հայտարարում են, որ Արցախյան խնդրում այս երեք երկրները որևէ տարաձայնություն չունեն։ ԵՄ ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում, խոսելով տարբեր հակամարտությունների մասին, նշեց՝ ղարաբաղաադրբեջանական հակամարտություն․ Հայաստանը չի շեշտվում, և դա պատահական չէ։ Այդ մակարդակի գործիչները պատահական չեն նման շեշտադրումներ անում։ Ըստ էության, Արցախը՝ որպես անկախ պետականություն, սուբյեկտ, որը կայացել է, և որի հետ հաշվի չնստել չեն կարող, կայացած է, մնում է վավերացումը լինի»։

Մեր ճշտող հարցին՝ հնարավո՞ր է՝ առաջիկայում բանակցային գործընթացում Արցախն էլ ներգրավվի, նա այսպես պատասխանեց.

«Այս փուլում, չեմ կարծում, որ Արցախին ներգրավեն բանակցություններին, որովհետև Ադրբեջանը դրան կատոգորիկ դեմ է լինելու։ Բայց ես բազմիցս ասել եմ, որ մեզ այդ իրավիճակը ձեռնտու է։

Երբ Արցախը ներգրավված չէ, բայց բոլորն ասում են, որ վերջնական որոշումը լինելու է Արցախի ժողովրդինն ու իշխանություններինը, սա շանս է տալիս, որ, երբ բանակցությունները մտնեն մի իրավիճակ, որը բավականին բարդ է, Հայաստանը կարող է ասել, որ ինքն այլևս չի ներկայացնում Արցախի տեսակետը, կամ Արցախը կարող է ասել, որ Հայաստանն ամբողջությամբ չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդի տեսակետը։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի որևէ պաշտոնյա դեմ է գնալու Արցախի ժողովրդի կամ իշխանությունների ցանկություններին։ Պատահական չէ, որ ՀՀ նախագահը ցանկացած արտագնա այցից հետո անպայման մի քանի օրով մեկնում է Արցախ, այնտեղ բավականին լուրջ խնդիրներ են քննարկվում։ Ամեն ինչ արվում է, որ Արցախը կայանա և հզորանա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս