«Հայաստանը հետաքրքված է տեղական շուկայում տեսնել ղազախական կապիտալը». ԱԳ փոխնախարար
Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը 2013թ.-ից ի վեր աճում է, սակայն առկա ներուժը դեռ լիարժեք չի իրականացվել: Այն մասին, թե Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի միջև երկխոսությունը ինչպես պետք է նպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճին, «abctv.kz»-ի հետ հարցազրույցում խոսեց հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի ղեկավար, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
– Առևտրատնտեսական համագործակցության հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստի արդյունքներով, որը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերին Երևանում, ստորագրվել է արձանագրություն համագործակցության զարգացման հետագա քայլերի մասին՝ առևտրատնտեսական, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի և գիտության, զբոսաշրջության, տրասնպորտի և միգրացիայի ոլորտներում: Ինչպե՞ս են իրականացվում այդ պայմանավորվածությունները:
– Ինչպես ձեզ հայտնի է, Հայաստանն ու Ղազախստանը համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Հայաստանը և Ղազախստանը անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը: Իսկ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը ենթադրում է ամենօրյա աշխատանք՝ անդամ երկրների տարածքներում բիզնես վարելու ընդհանուր կանոնների և ընթացակարգերի մշակման, ինչպես նաև շուկայական կարգավորումների վերաբերյալ քաղաքականության ոլորտում համակարգման առումով՝ մեր ինտեգրացիոն միավորման հիմքում ընկած հիմնարար ազատությունների ապահովման համար:
Կարծում եմ, որ հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովը, որի նիստը կայացել է սույն թվականի սեպտեմբերին, հիմնված էր նաև վերոհիշյալ համագործակցության արդեն իսկ ձեռք բերված արդյունքների վրա, առանձնացնելով միևնույն ժամանակ առավել հեռանկարային ուղղությունները, որոնք առանձնահատուկ ուշադրություն են պահանջում, այդ թվում և երկկողմ ձևաչափով:
Մենք կարծում ենք, որ մեր երկրների միջև տնտեսական համագործակցության ներուժը լիովին չի իրականացվել և, համապատասխանաբար, փորձել ենք բացահայտել հնարավոր ուղղությունները, որտեղ մենք կարող ենք որոշակի առաջընթաց գրանցել: Հայաստանը հետաքրքված է տեսնել ղազախական կապիտալը մեր շուկայում, ինչպես նաև հայկական ապրանքները՝ Ղազախստանի շուկայում:
Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, սպորտը, մշակույթը և գիտությունը, անկասկած, կլինի հետաքրքիր և փոխշահավետ երկու երկրների համար, ինչպես նաև կբարձրացնի առկա հնարավորությունների մասին իրազեկվածությունը, կնպաստի նոր, այդ թվում և բիզնես ծրագրերի իրականացմանը:
Մեր կողմից շատ մեծ ուշադրություն է դարձվում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, որոշված են համապատասխան կատարողները, կազմվել է իրականացման ծրագիրը, և ստեղծվել է հաշվետվողականության հստակ համակարգ:
-Ինչի՞ հաշվին հնարավոր եղավ 38%-ով բարձրացնել ապրանքաշրջանառությունը Ղազախստանի և Հայաստանի միջև 2017թ. յոթ ամսվա ընթացքում: Արդյո՞ք այս աճի միտումը պահպանվում է:
– Իսկապես, ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների վիճակագրական տվյալները վկայում են Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճի մասին: Միևնույն ժամանակ, եթե ուսումնասիրենք վերջին մի քանի տարիների վիճակագրական տվյալները, ապա, 2013թ.-ից սկասծ մենք ունենք երկու երկրների միջև ապրանքաշրջանառության կայուն աճ: Ինչը, ըստ իս, վկայումմ է կայուն զարգացող առևտրատնտեսական հարաբերությունների մասին։ Չնայած, ինչպես արդեն ես նշեցի, առևտրատնտեսական հարաբերությունների բնագավառում առկա ներուժը զգալիորեն բարձր է, և մենք կաշխատենք դրա լիարժեք օգտագործման ուղղությամբ:
Ապրանքաշրջանառության ծավալների նման արագընթաց աճի պատճառը, առաջին հերթին, դեպի Հայաստան ղազախական արտահանման ցուցանիշների աճն էր: Մյուս կողմից, 2016թ. Հայաստանից դեպի Ղազախստան ապրանքների արտահանումը նախկին տարվա համեմատ նույնպես աճել է 19,4%-ով: Մասնավորապես, աճել է սննդամթերքի, գյուղատնտեսական մթերքների արտահանումը, իսկ տեքստիլի և կոշկեղենի արտահանումն աճել է 25 անգամ: Այս համատեքստում կցանկանայի հատուկ նշել այն փաստը, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանից Ղազախստան արտահանվող ապրանքների տեսականին ընդլայնվել է, ներառելով մի շարք նոր ապրանքատեսակներ, ինչպիսիք են ծխախոտը և դրա փոխարինողները, կաշվե իրերը, թեթև արդյունաբերության ապրանքները և այլն:
Հաշվի առնելով այս բոլոր գործոնները, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման և ակտիվացման համար անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրելու մեր մտադրությունը, կարելի է ակնկալել, որ այս աճի միտումը կշարունակվի:
– Արդյո՞ք հայկական կողմն ունի 2018թ. Ղազախստանում հայկական առևտրային առաքելություն իրականացնելու մտադրություն:
– Ինչպես արդեն ասացի, մենք շատ հետաքրքրված ենք Ղազախստանի շուկայում հայկական ապրանքները խթանելու հարցում: Դրանք կարող են լինել ինչպես ավանդական և մեր ղազախ ընկերներին ծանոթ ապրանքներ, ինչպիսիք են հայկական կոնյակը կամ ոսկյա զարդերը, այնպես էլ նոր՝ գյուղատնտեսական ապրանքներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն: Հայաստանի կառավարությունն արդեն երկար ժամանակ է, ինչ իրականացնում է տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականություն՝ փորձելով նպաստել նոր կամ խոստումնալից ոլորտների զարգացմանը:
Մեծ ուշադրություն է դարձվում նորարարություններին, սպասարկման ոլորտի զարգացմանը, ֆինանսական ոլորտին: Այս առումով կարծում ենք, որ տեղին է Ղազախստանում առևտրային առաքելության կազմակերպումը ոչ միայն 2018թ., այլ նաև հետագա տարիներին: Կարծում եմ, որ շուտով մենք այս նախաձեռնությանն աջակցելու համար կնախաձեռնենք մեր գործարարների հետ երկխոսություն:
Իհարկե, կան մի շարք գործոններ, ինչպիսիք են լոգիստիկան, որոնոք որոշ չափով նվազեցնում են մեր գործարարների՝ Ղազախստան արտահանման շահութաբերության և հեռանկարների նկատմամբ վստահությունը, բայց մենք այդ ներուժը տեսնում ենք և կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ:
– Կարո՞ղ եք նշել այդ ներուժի իրականացման համար հստակ ծրագրեր:
– Ինչպես արդեն ես նշացի, մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության ներուժը տարբեր բնագավառներում, բայց մասնավորապես, առևտրատնտեսական ոլորտում լիարժեք չի իրականացվում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է աշխատել հստակ ծրագրերի մշակման ուղղությամբ, ինչպես մեր գործարար շրջանակների, ձեռնարկատերերի, այնպես էլ մեր ղազախ գործընկերների հետ:
Հեռանկարային ուղղություն կարող է դառնալ երկու երկրներում գործող ազատ տնտեսական գոտիների շրջանակներում ընկերությունների համագործակցությունը: Հեռնկարային եմ համարում նաև երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու համար համատեղ ձեռնարկությունների ստեղծումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սննդամթերքի, թեթև և քիմիական արդյունաբերության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառները:
Մենք նաև պատրաստ ենք խթանել հայկական ընկերությունների մասնակցությունը Ղազախստանում անցկացվող տարբեր ցուցահանդեսներում և տոնավաճառներում: Բացի այդ, ուրախ կլինենք տեսնել ղազախական ընկերություններին Հայաստանում անցկացվող ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսներին:
Տուրիզմի ոլորտում համագործակցությունը կարող է շատ խոստումնալից դառնալ: Համոզված եմ, որ թե Հայաստանը և թե Ղազախստանը մեր երկրների զբոսաշրջիկներին բան ունեն առաջարկելու, և, անկասկած, այս բնագավառում համագործակցության ընդլայնումը հնարավորություն կընձեռի մեր ժողովուրդներին ավելի լավ հասկանալ միմյանց մշակույթն ու սովորույթները, ինչը, ի վերջո, կստեղծի անհրաժեշտ նախադրյալներ բոլոր ոլորտներում մեր երկկողմ համագործակցության հետագա խորացման համար:
Համագործակցությունը գյուատնտեսության, երկրաբանության և հանքարդյունաբերության, առողջապահության, մշակույթի, տրանսպորտի, միգրացիայի ոլորտներում՝ բոլոր այս հարցերը գտնվում են մեր համագործակցության երկկողմ օրակարգում:
Կրթության և գիտության բնագավառում մենք պատրաստ ենք զարգացնել համագործակցությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև, այդ թվում ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի մշակման և իրականացման միջոցով: Ավելին, որքան գիտեմ, 2018թ.-ին Երևանում նախատեսվում է անցկացնել «Ղազախստանի կրթության օրեր» ցուցահանդես՝ ներկայացնելու Ղազախստանի բարձրագույն կրթական համակարգի ներուժը:
– Ինչպե՞ս է զարգանում երկու երկրների միջև համագործակցությունը միջտարածքային բիզնեսի բնագավոռւմ, որի կարևորությունը քննարկվել է վերջին հանդիպման ժամանակ:
– Պետք է նշեմ, որ փորձը ցույց է տալիս միջտարածքայինն մակարդակով, երկու երկրների մարզերի մակարդակով համագործակցության հեռանկարային լինելը, քանի որ այս դեպքում հասցեավորված աշխատանք է իրականացվում տարածքային վարչակազմերի և ընկերությունների կողմից, որոնք շատ ավելի լավ են պատկերացնում տնտեսական համագործակցության տեսանկյունից տարածքի առանձնահատկություններն ու հնարավորությունները:
Այս ձևաչափը մենք ունենք Ռուսաստանի հետ և արդեն մի քանի տարի է, ինչ միջտարածքային ֆորումներ ենք անցկացնում, որտեղ հիմնական դերակատարներն են Հայաստանի և Ռուսաստանի մարզերի ընկերությունները: Համագործակցության այս ձևաչափի արդյունքում մենք ունենք հսկայական թվով միջտարածքային համձայնագրեր, որոնք նպաստում են երկկողմ համագործակցությանը, ամրապնդում են կապերը տարածաշրջանների միջև, թույլ են տալիս ձեռնարկություններին ճիշտ և համապատասխան գործընկերներ գտնել:
Կցանկանայինք այս ձևաչափը զարգացնել նաև Ղազախստանի հետ, ինչը և ամրագրված է միջկառավարական հանձնաժողովի արձանագրությունում: Կարծում եմ, անհրաժեշտ է, որ կողմերը մշակեն հստակ առաջարկություններ տարածքների մակարդակում համագործակցության համար և անցկացնեն հայ-ղազախական միջտարածաշրջանային համաժողով՝ հայ-ռուսական համաժողովի օրինակով: Համաժողովի շրջանակներում հնարավոր կլինի մշակել հստակ քայլեր տարածաշրջանային մակարդակում հետագա փոխգործակցության համար, ինչը, ի վերջո, կնպաստի երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը:
– Ինպե՞ս է պետությունը մտադիր լուծել տրանսպորտային խնդիրները Հայաստանի և Ղազախստանի միջև ավելի սերտ համագործակցության համար՝ հաշվի առնելով երկու երկրների միջև ընդհանուր սահմանների բացակյությունը և երկու պետությունները կապող ճանապարհների անմխիթար վիճակը:
– Ցավոք սրտի, ընդհանուր սահմանների բացակայությունը և, հետևաբար, բարդ լոգիստիկան ոչ պակաս կարևոր նշանակություն ունեն Հայաստանի և Ղազախստանի միջև արտահանման-ներմուծման գործառնությունների զարգացման գործում: Հավանաբար, կարելի է ասել, որ այսօր սա ամենակարևոր խնդիրն է:
Ինչպես գիտեք, Հայաստանը կարևորում է իր տրանզիտային հնարավորությունների զարգացումը, հաշվի առնելով նաև իր աշխարհագրական դիրքը՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում: Մեր երկրի ղեկավարությունը նախաձեռնել է «Հյուսիս-հարավ» նախագիծը, որը ներառում է երկրի հարավային և հյուսիսային սահմանները կապող արագընթաց մայրուղու կառուցում, այդպիսով ապահովելով ժամանակակից ենթակառուցվածք՝ Պարսից ծոցում և Կասպից ծովում Իրանի նավահանգիստներից դեպի Սև ծովում վրացական նավահանգիստներ և այնուհետև Եվրոպա ապրանքների տարանցման համար:
Մենք կարծում ենք, որ այս նախագիծը կարող է դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի մաս և ապահովել ավելի մեծ տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության զարգացումը՝ հատկապես հաշվի առնելով Ղազախստանի ներգրավվածությունը նշված նախագծում:
Մենք դիտարկում ենք դեպի Ղազախստան հայկական ապրանքների տեղափոխման հնարավորությունը իրանական երկաթուղիով, սակայն դրա համար պետք է երկու ուղղություններով էլ ապահովենք անհրաժեշտ բեռնվածության ծավալները, և, արդեն նշված առևտրային առաքելություները, համապատասխանաբար, մեծ կարևորություն են ստանում:
– Որքանո՞վ է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նպաստել հայ-ղազախական գործարար կապերի զարգացմանը:
– Ինչպես արդեն նշեցի, Հայաստանը և Ղազախստանը բավականին սերտորեն համագործակցում են ԵԱՏՄ-ի շրջանակներում: Միությունը կոչված է ապահովել ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ընդհանուր շուկաներ՝ իրավա-պայմանագրային բազայի, կանոնակարգերի, չափանիշների ստեղծման միջոցով: Սակայն, մենք պետք է հասկանանք, որ միասնական իրավական դաշտը երկկողմ տնտեսական հարաբերութունների զարգացման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար գործոն է:
Անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել երկու երկրների գործարարների միջև երկխոսությանը, օգնել նրանց իրենց մտադրությունների իրականացման գործում: Այս տեսանկյունից շատ կարևորում եմ ԵԱՏՄ-ի շրջանակներում ստեղծված Գործարար խորհրդի աշխատանքը, որի անդամներն են ինչպես Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը, այնպեսլ էլ Ղազախստանի խոշորագույն գործարար ասոցիացիան՝ Ղազախստանի գործարարների ազգային պալատ (ԳԱՊ) «Աթամեկենը»:
Գործարար խորհրդի ձևաչափը ենթադրում է մշտական երկխոսություն մասնակիցների միջև, ինչը ոչ միայն թույլ է տալիս բիզնեսին միասնական դիրքորոշում ձևվորել ԵԱՏՄ կանոնակարգերի և իրավական նորմերի վերաբերյալ, այլև հնարավորություն է տալիս բացահայտել մեր երկրների գործարարների համագործակցության հեռանկարային ուղղությունները: