«Մենք այսօր հայտնաբերել ենք բրինձներ, որոնք տարբեր կառույցների կողմից առաջարկվող թեստերով խնդրահարույց են». Դավիթ Պիպոյան
Քաղաքացիներն ահազանգում են, որ շուկայում հայտնվել է տարօրինակ բրինձ, որը ուշ է եփվում, գարշահոտ է, պարունակում է պլաստմասսա։ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Եվրոպայի սննդամթերքի անվտանգության լիազոր մարմինը 2016թ. պլաստիկե բրինձների խնդիրը ներառել է ԵՄ-ի ահագնացող ռիսկերի մեջ։
«Բրնձի հետ կապված բողոքը ստացել ենք քաղաքացիներից, այսինքն՝ քաղաքացիներն արձագանքել են, որ տհաճ հոտով բրինձ են հայտնաբերել, որը բոցավառվում է, պարունակում է պլաստմասսա, այսինքն՝ պլաստիկե բրինձներ են։ Մենք չենք գնացել նոր խմբաքանակներ նմուշառել, այլ քաղաքացիների նմուշները փորձաքննության ենք ենթարկել՝ հասկանալու համար՝ դրանք խնդրահարո՞ւյց են, թե՞ ոչ։ Քաղաքացիներից մեկի կողմից ներկայացված նմուշը չի բորբոսնել, բայց կեղծ բրինձ և պլաստիկե բրինձ հասկացությունները տարբեր են։
Մենք կապվեցինք Եվրոպայի մեր գործընկերների հետ, որովհետև Եվրոպայի սննդամթերքի անվտանգության լիազոր մարմինը 2016թ. պլաստիկե բրինձների խնդիրը ներառել է ԵՄ-ի ահագնացող ռիսկերի մեջ և նշել, որ իրենց մոտ կա տվյալ խնդիրը»,- ասաց Պիպոյանը։
Ըստ մասնագետի՝ մեծ խնդիր է այն, որ կեղծ բրինձները բացահայտելու անալիտիկ մեթոդաբանության մեջ բացեր կան, որովհետև այդ նյութի ծագումը պարզ չէ.
«Մեկն ասում է, որ դրանք սինթետիկ նյութեր են, մեկն ասում է՝ պլաստմասսա է, մյուսն ասում է՝ ռեզին է, հետևաբար՝ այդ կեղծ բրինձները պատրաստվում են ոչ բրնձի ալյուրից, այլ կարտոֆիլի ալյուրից և ինչ-որ նյութերից։ Մարդկանց մոտ խուճապ են առաջացրել յութուբյան թեստերը, բայց գիտական կառույցը չի կարող յութուբյան մեթոդների վրա հիմնվելով՝ տալ վերջնական գնահատական։
Մենք այսօր հայտնաբերել ենք բրինձներ, որոնք տարբեր կառույցների կողմից առաջարկվող թեստերով վիզուալ խնդրահարույց են։ Մասնավորապես, շատ է շեշտվում միկրոալիքային վառարանի թեստը. բրինձը թողնում եք ջրի մեջ, և այն պետք է կլանի ջուրը, կամ, եթե ուզում եք պրոցեսն արագացնել, միկրոալիքային վառարանում եք թողնում։
Հիմա մենք անում ենք այդ թեստը, և միկրոալիքային վառարանում ջուր մնում է, բայց ասել, որ դա պլաստիկ է, ոչ պրոֆեսիոնալ կլինի մեր կողմից։ Եթե այդպես է, ապա դա մենք փորձում ենք լուծել լուծիչում, բայց չի լուծվում»։
Դավիթ Պիպոյանը նկատեց՝ եթե ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմինը չի կարողացել դեռ վերջնական գնահատական տալ և ունենալ լաբորատոր փորձաքննության մեթոդ, մի կենտրոն, որն ունի ընդամենը մի քանի աշխատող և չունի ֆինանսավորում, ինչպե՞ս անի այդ փորձաքննությունը.
«Մենք չունենք ֆինանսական միջոցներ, մեզ ընդամենը քաղաքացիներն են խնդրել, և սա իմ կողմից եղել է ընդամենը բարի կամքի դրսևորում։ Մենք չունենք նաև համապատասխան միջոցներ, որ կարողանանք նմուշներ ուղարկել փորձաքննության, որովհետև տարին արդեն ավարտվում է, հիմա մեզ որևէ մեկը գումար չի տա փորձաքննության։ Սա պետք է ՍԱՊԾ-ն վերահսկի»։
Լրագրող Նարինե Կիրակոսյանը մայրաքաղաքի խանութներից մեկից գնված բրինձն ամբողջ երեկո փորձել է եփել, իսկ որոշ ժամանակ անց բրնձից վատ հոտ է զգացել։ Հաջորդ օրը լրագրողը վերցրել է մնացած բրինձն ու տարել Սննդի անվտանգության պետական ծառայություն։ Այնտեղ բրինձը հանձնել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները պարզ կլինեն օրեր անց։