Ղարաբաղյան բանակցային գործընթացում ոչինչ չի փոխվում

Վիեննայում մեկնարկած ԵԱՀԿ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 24-րդ նիստի շրջանակում դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպման վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ են հայտնում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ԱԳ նախարարությունները:

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, բացի ընդլայնված ավանդական ձևաչափից, շարունակվել է նաև առանձնազրույցի ձևաչափով, ինչը նման հանդիպումներում ոչ միշտ է տեղի ունենում: ՀՀ արտաքին գերատեսչության համաձայն` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։

«Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև՝ առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ»,- ասված էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Իր հերթին՝ Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը տևել է 8 ժամ: Ըստ նրա՝ դա մի կողմից լավ է՝ քանի որ խաղաղ բանակցային գործընթացները կարևոր են. «ԵԱՀԿ համանախագահներն այն դիտարկում են օպտիմիզմի տեսանկյունից, մյուս կողմից` Հայաստանը շարունակում է խախտել միջազգային իրավունքի նորմերն ու Ադրբեջանի ամբողջականությունը` Ղարաբաղը չճանաչելով որպես ադրբեջանական հող»,- նշել է Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիևի խոսքով՝ բանակցությունների ընթացքում տեղի են ունեցել ինտենսիվ և կոնկրետ քննարկումներ, որոնք առաջարկներ են պարունակում:

Վիեննայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ևս անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ ասելով, որ ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին: «Մենք աջակցում ենք ԼՂ խնդրի լուծում գտնելուն ուղղված՝ ՄԽ ջանքերին:

Մեզ գոհացնում են այն հանձնառությունները, որոնք հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, մասնավորապես՝ աշխուժացնել բանակցային գործընթացը, նվազեցնել լարվածությունը շփման գծում: Կարևոր առաջընթաց կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք: Մենք ողջունում ենք երեկ կողմերի կայացրած որոշումը՝ խոսելու խնդրի մասին»,- ասել էր Թիլերսոնը:

«ԼՂ հարցով ՌԴ-ն, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է հետագայում էլ աջակցել կողմերին փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում՝ համաձայն այն սկզբունքների, որոնք բազմիցս հավանության են արժանացել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից»,- իր հերթին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ԵԱՀԿ Նախարարական խորհրդի Վիեննայում կայացած հանդիպման առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ի դեմս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականի, հայտարարություն էին տարածել, որ շարունակում են միասնաբար հանդես գալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդության հարցում՝ հիմնված Հելսինկյան Եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, ներառյալ՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը:

«Հղում անելով շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ հավելյալ միջոցներ ձեռք առնելու երկու նախագահների հանձնառությանը՝ մենք Բաքվին և Երևանին կոչ ենք անում ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը: 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված մյուս որոշումները ևս պետք է իրականացվեն:

Մենք ողջունում ենք կողմերի՝ համանախագահների առաջարկների դիտարկումը, որոնք նպատակ ունեն վերականգնելու հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև շփումները և աջակցելու Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ջանքերին՝ անհետ կորածների հետ կապված տեղեկության փոխանակման հարցում առաջ շարժվելու համար: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այս կարևոր մարդասիրական քայլերի ոչ անհրաժեշտ քաղաքականացումից: Մեր երկրները պատրաստ են սերտորեն աշխատել կողմերի հետ՝ տևական և խաղաղ կարգավորման հասնելու համար»,- նշել էին համանախագահներն իրենց հայտարարության մեջ:

«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի կովկասագետ, եվրոպագետ Ալեքսանդր Ռարը հատկապես դրական որակեց այն, որ բանակցությունները շարունակվել են մի քանի ժամ, ինչը կարևոր հանգամանք է: Ըստ նրա` դա նշանակում է, որ նախարարները քննարկումների հարցում կառուցողական արդյունքի են հասել և ընդհանուր թեմաներ գտել, ինչը բացառիկ երևույթ կարելի է համարել վերջին մի քանի ամիսների ընթացքում:

«Ցուցիչ է նաև այն, որ հայկական և ադրբեջանական կողմերը կրկին բանակցությունների արդյունքները ներկայացնում են միակողմանի, այսինքն` դիրքորոշումներում փոփոխություն չկա, սակայն երկու դիրքորոշումներն էլ վստահաբար քննարկվել են: Հենց դրա արդյունքում է որոշում կայացվել հանդիպել մյուս տարվա սկզբին ևս:

Սա նաև համանախագահների միասնական աշխատանքի արդյունքն է, որոնք կարողացան և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ ճնշում բանեցնել: Այս անգամ ևս կասեմ, որ հանդիպումներն այս ձևաչափով կարևոր են, շփումները կարևոր են, որպեսզի շփման գծում իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից: Նման հանդիպումների արդյունքը լավագույնս բնութագրել է ՀՀ փոխարտգործնախարարը՝ նշելով, որ շփման գծում համեմատաբար խաղաղ է:

Այս շփումները լծակ են երկու կողմերի և միջնորդների համար, այնպես որ, պետք է պահպանել այս լծակի առկայությունը, քանի դեռ չկան շատ ավելի կառուցողական քննարկումներ, և միգուցե այդ քննարկումները հենց այս հանդիպումների ընթացքում սկսվեն: Ադրբեջանական կողմն ամեն դեպքում խոսում է քննարկումների մասին, հուսանք՝ դա այդպես է»,- ասաց Ալեքսանդր Ռարը: Նա նաև կարևորեց այս ձևաչափի շրջանակում նման հանդիպման առկայությունը Թուրքիայի Ղարաբաղյան հավակնությունների ֆոնին:

Ռարի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահները ցույց տվեցին, թե որ հարթակում պետք է ընթանան և շարունակվեն բանակցությունները:

«Այս հարցում իր դերակատարությունն ունեցավ նաև ԵՄ դիրքորոշումը, որն ամրագրված էր թե՛ ԱլԳ հռչակագրում, թե՛ ՀՀ-ԵՄ համաձայնագրում: ԵՄ-ն չունի մասնակցություն այս հակամարտությանը, բայց խաղացող է այս տարածաշրջանում և ավելի մեծ հավակնություններ ունի: Դա հնարավոր չէ չնկատել և հաշվի չառնել: Այս ազդեցությունն ավելի ակնհայտ է դառնում, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանում մեկնաբանություններ կան, որ Ադրբեջան-ԵՄ համաձայնագիր գուցե չստորագրվի»,- ասաց Ալեքսանդր Ռարը:

Ըստ գերմանացի քաղաքագետի՝ եթե նախարարական բանակցությունները շարունակվեն, ապա օրակարգը միանշանակ երկու կողմին բավարարող է լինելու, այլապես նախարարներն իրենց կարծր դիրքորոշումների պատճառով չեն բանակցի. «Այսինքն` հաջողության դեպքում առաջիկա օրակարգը Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործումն է, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փաթեթային առաջարկների քննարկումները»:

Մեզ հետ զրույցում ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլը ևս նշեց, որ ներկայումս թեև Ռուսաստանին ձեռնտու է ունենալ գերակա առավելություն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, Թուրքիայի մասնակցությունը կարգավորման գործընթացում խիստ անցանկալի է, քանի որ Թուրքիան և՛ անկանխատեսելի է, և՛ կարող է խլել Ռուսաստանից այդ գոտում մենաշնորհային նախաձեռնողականությունը:

«Թուրքիան կշարունակի միջամտել: Ամենայն հավանականությամբ, այդ միջամտությունը կհաջողվի միայն այնպիսի դեպքերում, ինչպիսին ապրիլյան դեպքերն էին, այսինքն` եթե լինեն բախումներ, այլապես բանակցային գործընթաց, որը և ՌԴ-ի, և ԱՄՆ-ի ազդեցության տակ է, նման միջամտություն չի թույլատրվի»,- նկատեց Գոբլը:

Նա կարևորեց ԱՄՆ պետքարտուղարի վերջին մի քանի հայտարարությունները, որոնք վերաբերում են հակամարտության կարգավորմանը: Նա նշեց, որ ԱՄՆ վերջին շրջանի պասիվության ֆոնին կարևոր էր ամերիկյան կողմի աջակցությունը շփման գծում հատուկ միջոցառումների իրականացմանը:

«Կարևոր եմ համարում նաև երեք երկրների միասնական դիրքորոշումը, որը զսպիչ դերակատարություն ունի կողմերի համար: Բեկման հնարավորություն դեռ չեմ տեսնում: Այնուամենայնիվ նախարարները և նախագահները պետք է հանդիպեն, Մինսկի խումբը պետք է աշխատի, որպեսզի առանձին երկրների նախաձեռնությունների արդյունավետությունը պակասի: Այդ ձգտումների մասին ես շատ եմ խոսել, ոչինչ չի փոխվել: ՌԴ-ն դեռ փորձելու է ստանալ Ադրբեջանը, այդ ժամանակ պետք է աչալուրջ լինել»,- ընդգծեց Փոլ Գոբլը:

Տեսանյութեր

Լրահոս