ՀԱՄԱՍ-ի առաջնորդը նոր ապստամբության կոչ է արել պաղեստինցիներին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան դեկտեմբերի 7-ին կոչ է արել նոր ինտիֆադա (պաղեստինյան ապստամբություն) սկսել: Այդ մասին հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
«Մենք կոչ ենք անում Պաղեստինի բոլոր ազատ մարդկանց դեկտեմբերի 8-ին մասնակցել «ցասման օրվան» եւ այդ օրը հայտարարել նոր ինտիֆադայի սկիզբ»,-նշել է նա: Հանիայի խոսքով՝ «ՀԱՄԱՍ-ի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումներին արդեն հրաման է տրված պատրաստ լինել դիմագրավելու ցանկացած սպառնալիք»:
Հանիան հայտարարել է Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացի լիակատար դադարեցման մասին: « Նոր գերակայությունների կապակցությամբ պաղեստինցիների եւ իսրայելացիների միջեւ խաղաղ գործընթացն ընդմիշտ թաղված է, դարի գործարքը չի լինելու»,-ասել է նա:
Հանիայի խոսքով՝ Երուսաղեմը ճանաչելու եւ ամերիկյան դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամի որոշումը «վերջ դրեց Օսլոյի խաղաղ համաձայնագրերին եւ ընդմիշտ թաղեց ՄԵրձավոր Արեւելքի խաղաղ գործընթացը»: Նա նշել է, որ «անարդարացի որոշման դեմ հանդիման Պաղեստինը պետք է վերանայի իր գերակայությունները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: