ԵՄ «գորշ ցուցակում»

Նոյեմբերի 15-ին հայտարարվեց, որ Եվրամիության անդամ երկրների վարչապետների խորհրդի հանձնարարությամբ հատուկ տնտեսական փաստաթուղթ է մշակվում: Պատճառը Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումի՝ օֆշորային գոտիների հետ կապված փաստաթղթերի հրապարակումն էր:

«Օֆշորային» փաստաթղթերի նախորդ` «Պանամական փաստաթղթեր» անվանված հրապարակման մեջ Հայաստանին առնչվող նյութեր կային: Մեր Հետաքննող լրագրողների միության հրապարակումից հետո հրաժարական տվեց ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարը:

Իսկ օֆշորային ֆինանսական փաստաթղթերի երկրորդ հրապարակման մեջ Հայաստանին առնչվող փաստաթղթեր կարծես չկային: Մինչդեռ փաստաթղթերի երկրորդ բաժնում տվյալներ կային, որ հարկերից խուսափելով՝ օֆշորային կազմակերպություններում ֆինանսական հաշիվներ ունեն միջազգային հանրահայտ ու ազդեցիկ բազում գործիչներ:

Օրինակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Ոչ ոք չէր սպասում, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք Եվրամիության անդամ երկրների խորհրդի նիստում կհիշատակվի Հայաստանը: ԵՄ վարչապետների խորհուրդը քննարկելուց հետո հրապարակեց երկու ցուցակ: Առաջին` «Սև» անվանված ցուցակում ընդգրկված են 17 երկիր և տարածք, որոնք իրենց հարկային վարչարարությամբ ֆիզիկական ու իրավաբանական անձանց հնարավորություն են տալիս իրենց երկրների հարկային մարմիններից թաքցնել իրական եկամուտները և խուսափել հարկեր մուծելուց:

Այդ ցուցակում ընդգրկվել են Ամերիկյան Սամոան, Բահրեյնը, Բարբադոսը, Գրենադան, Գուամը, Մակաոն, Մարշալյան կղզիները, Մոնղոլիան, Նամիբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պալաուն, Պանաման, Սենտ-Լուչիան, Սամոան, Տրինիդատ և Տոբագոն, Թունիսը և Հարավային Կորեան: ԵՄ-ն սպառնում է, որ այս երկրների նկատմամբ որոշակի քայլեր կմշակի: Ժամանակակից քաղաքական բառապաշարով դրանք կոչվում են «պատժամիջոցներ»:

Ամենայն հավանականությամբ, առաջին հերթին այս երկրների առաջ կփակվեն ԵՄ-ի բոլոր հիմնադրամները: Նույնիսկ հայտնի է, թե երբ կհայտարարվի պատժամիջոցների ցանկը: Մի շտապեք ուրախանալ, թե այս ամենի հետ Հայաստանն աղերս չունի: ԵՄ Վարչապետների խորհուրդը երկրորդ ցուցակ էլ է հրապարակել: Այն կոչվում է «Գորշ ցուցակ»: Սրանում 47 երկիր է ընդգրկված:

Այդ երկրների ղեկավարություններին առաջարկվում է փոխել հարկային օրենսդրությունն ու կանոնները, որպեսզի բացառվի այդ երկրների ֆինանսական կազմակերպությունների միջոցով փողերի լվացումը և հարկերից խուսափելը: Փորձագիտական տարբեր գնահատականներ կան, թե համաշխարհային տնտեսությունը որքան գումար է «կորցնում» օֆշորներում ու համապատասխանեցված հարկային օրենսդրություն ունեցող երկրներում:

Միջազգային փորձագետների գնահատականով, օրինակ, Ռուսաստանից օֆշոր է տեղափոխվում ու հարկերից ազատվում այդ երկրի ՀՆԱ-ի առնվազն 25 տոկոսին համադրելի գումար: Այն, որ ԵՄ անդամ պետությունների ղեկավարությունն է սկսել ակտիվ հետաքրքրվել օֆշորային գոտիներով ու «կասկածելի» երկրների ցանկեր կազմելով, նշանակում է, որ այդ երկրների տնտեսությունները ևս հսկայական գումարներ են կորցնում չմուծված հարկերի տեսքով:

Մենք նոր-նոր ենք ստորագրել Համապարփակ գործընկերության մասին պայմանագիրը ԵՄ-ի հետ: Եվ ահա անսպասելիորեն մեր երկիրը հայտնվում է «գորշ ցուցակում», և հայտարարվում է, որ մեր երկիրը չի համապատասխանում ֆինանսական գործարքների թափանցիկության ԵՄ չափանիշերին, և, որ մենք բավարար չափով չենք պայքարում հարկային անթույլատրելի արտոնությունների դեմ:

Այլ կերպ ասած, շատ մոտ ապագայում` ընդամենը առաջիկա շաբաթների ընթացքում, ԵՄ Վարչապետների խորհուրդը կհրապարակի այն պահանջները, որոնք կներկայացվեն թե՛ «Սև», թե՛ «Գորշ» ցուցակներում ընդգրկված երկրների ու տարածքների ղեկավարությանը՝ հարկային օրենսդրությունը, կանոններն ու վարչարարությունը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու համար: Մյուս երկրների ղեկավարության համար վստահ չեմ, բայց կարծում եմ, որ մեր երկրի ղեկավարությունը սիրով կընդուներ ԵՄ այդ առաջարկները:

Կընդուներ ու կիրագործեր: Եթե դրանք չսպառնային երկրում ձևավորված կոռուպցիոն համակարգին ու կաշառակերության ավանդույթներին: Իսկ ով էր կասկածում, որ Եվրամիության հետ համագործակցելը հեշտ է լինելու:

Տեսանյութեր

Լրահոս