«Դա կոպիտ սխալ է». Ալեքսանդր Մանասյան
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ օրեր առաջ ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի գնահատումը պետք է կատարվի գլոբալ քաղաքական զարգացումների իրողությունների վրա. «Այդ իրողություններն ասում են այն մասին, որ այսօր աշխարհում կա 4 հզոր ուժային կենտրոն՝ ԱՄՆ, Եվրոպա, Չինաստան և Ռուսաստան։ Իհարկե, այդ խոշոր ուժային և գլոբալ քաղաքական կենտրոնների հարաբերությունները պարզ չեն, հասարակ չեն, և նրանց միջև բացահայտ պայքար է գնում, որի կենտրոնում հայտնվում են փոքր երկրները»։
Հետևաբար՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, ըստ քաղաքագետի՝ վաղ թե ուշ պետք է տեղի ունենար, մի կողմից՝ Եվրոպայի ձգտումների համատեքստում, մյուս կողմից՝ մեր ցանկությունների համատեքստում. «Պաշտոնական Մոսկվան համաձայնեց, որպեսզի Հայաստանն ավելի սերտ կապերի մեջ մտնի ԵՄ-ի հետ։ Ռուսական հեռուստաալիքների քննարկումներին չպետք է ուշադրություն դարձնենք, որովհետև կա Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը, և ինչքան ես եմ կռահում՝ Ռուսաստանը նախապես տվել է իր համաձայնությունը Եվրոպայի հետ մեր այդպիսի կապերի հաստատման համար»։
Մանասյանի համար Եվրոպայի քայլն ու նպատակները պարզ են. «Նա իր քաղաքակրթական սահմանների ընդլայնման խնդիր ունի և ակտիվորեն դա առաջ է տանում, ընդ որում՝ այնպիսի մեթոդներով, որ վերջում այդ երկրները կախման մեջ ընկնեն։ Ռուսաստանի հետ մեր կապերն այնքան խորն են՝ և՛ ռազմական, և՛ տնտեսական ոլորտներում, որ Ռուսաստանը մտահոգություններ չունի այն հարցում, թե շուտով Հայաստանը տնտեսապես կինտեգրվի Եվրոպային։ Թե՛ մեր ատոմակայանի հարցում, թե՛ տնտեսության, թե՛ կապի, թե՛ այստեղ ռազմաբազա ունենալու հարցում Ռուսաստանն այնքան առարկայական քաղաքական ներկայություն ունի Հայաստանում, որ վտանգներ նույնիսկ չի էլ զգում։ Մանավանդ, որ Հայաստանը հավաստիացումներ է տվել Ռուսաստանին այն մասին, որ դա չի վերաճի այլ գլխացավանքի ՌԴ-ի համար։ Եվրոպան, իհարկե, կցանկանա, որ ՌԴ-ի հետ կապված երկրներին աստիճանաբար իր կողմը քաշի՝ ՌԴ-ին մենակ թողնելու համար»։
Քաղաքագետը «և՛-և՛» բանաձևը կոպիտ սխալ է համարում. «Երբ ընդգծվում է «և՛-և՛» բանաձևը, մենք ընդունում ենք մի երկրի կարգավիճակ, որը և՛ այստեղ է, և՛ այնտեղ, և ռուս քաղաքագետը պատահական չի ասում, որ երկու աթոռի վրա նստել չի կարելի, վաղ թե ուշ մեկ աթոռի վրա պետք է նստել։ Ես կարծում եմ, որ մեր այդ քայլը պետք է փաթաթենք և այլ քարոզչական, գաղափարախոսական, քաղաքակրթական փաթեթում դնենք։ Դա այն է, որ Հայաստանն այդ երկու ուժային կենտրոնների միջև կարող է դառնալ կամուրջ։ Երբ մենք ասում ենք՝ «և՛-և՛», նշանակում է՝ մենք կարող ենք մեկը թողնել, մյուսում մնալ, իսկ երբ ասում են՝ մենք կամուրջ ենք, թողնելու խնդիր չի առաջանում։ Դրանք տարբեր դերակատարություններ են, դա մի շանս է, որը տրված է մեզ, և մենք պետք է պատվով կարողանանք այդ բանն անել, ոչ թե ամբողջ օրը խոսենք «և՛-և՛»-ի մասին»։