Բաժիններ՝

Աշխարհում խոսքի ազատությունն ամենից շատ սահմանափակող երկիրը Թուրքիան է

2006-2016թթ. ընթացքում աշխարհում մամուլի և խոսքի ազատությունը ամենից շատ ոտնահարվել է Թուրքիայում: «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել մարդու իրավունքներով զբաղվող «Article 19» և «V-Dem» սոցիալ-քաղաքական կառույցների անցկացրած համատեղ հետազոտության արդյունքում:

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հետազոտությունն անցկացվել է 172 երկրում՝ շեշտը դնելով իշխանամետ մեդիա-կառույցների, օրինախախտումների, ինտերնետի սահմանափակումների, արդարության, լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումների, հասարակական խավերի և սեռերի միջև անհավասարության ու նմանատիպ այլ ոլորտների վրա:

Ուսումնասիրության հիման վրա կազմված զեկույցում հեղինակները մտահոգություն են հայտնել Թուրքիայում Էրդողանին քննադատողների դեմ ուղղված մեղադրանքների և սպառնալիքների կապակցությամբ: «Ընդդիմադիրները պնդում են, որ ապրիլի դրությամբ Թուրքիայում 152 ազատազրկած լրագրող կա: Անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո ընդհանուր առմամբ փակվել է ավելի քան 170 մեդիա-կառույց, այդ թվում՝ թերթեր, ինտերնետային կայքեր, հեռուստաալիքներ և լրատվական գործակալություններ: Աշխատանքից հեռացվել է 2500 լրագրող», – ասված է զեկույցում:

Համեմատության համար նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ողջ աշխարհում ազատազրկվել է 259, սպանվել՝ 79 լրագրող:

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի թղթակից Այդըն Էնգինը «BBC Türkçe»-ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայում այլևս չեն մնացել այնպիսի լրատվական ծառայություններ, որոնց նկատմամբ հնարավոր լինի գրաքննություն կիրառել:

«Հայտնի է, որ ողջ աշխարհում կառավարությունները, խոշոր կազմակերպությունները, բանկերը փորձում են գնել լրագրողներին: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ավելի խելացի է վարվել և լրագրողների փոխարեն գնել է թերթերն ու հեռուստաալիքները», -ասել է Էնգինը:

Հավելենք, որ ըստ զեկույցի՝ 2006-2016թթ. ընթացքում խոսքի ազատության ոտնահարումները սաստկացել են նաև Բրազիլիայում, Բուրունդիում, Եգիպտոսում, Լեհաստանում, Վենեսուելայում և Բանգլադեշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս