«Հայաստանում ամեն ինչ չէ Մոսկվայի վերահսկողության տակ»

«168 Ժամի» զրուցակիցն է Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին

Պարոն Մենագարիշվիլի, օրերս Բրյուսելում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի գլխավոր իրադարձությունը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը դարձավ: Ինչպես գիտեք, 2013 թվականին Հայաստանը հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը՝ հայտնի պատճառներից ելնելով: Այս փուլում ինչո՞ւ հնարավոր դարձավ այս համաձայնագրի ստորագրումը, և սա ի՞նչ է նշանակում:

– Առաջին հերթին՝ շնորհավորում եմ հայ ժողովրդին այս համաձայնագիրն ունենալու կապակցությամբ: Սրանով Հայաստանը մեկ քայլով մոտեցավ Եվրոպային: Բայց եկեք միամիտ չլինենք: Հեռվից հետևելով՝ կարող եմ մի քանի վարկածներ նշել, թե ինչու այս համաձայնագրի ստորագրումը հնարավոր դարձավ:

Առաջինը` գուցե սա Ասոցացման համաձայնագրի համեմատ այնքան էլ հավակնոտ համաձայնագիր չէ: Ասվում է, որ համաձայնագիրը կազմելիս հաշվի է առնվել Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի ստեղծած միությանը, սա նշանակում է, որ սահմանափակումները հաշվի են առնվել:

Երկրորդ` չի բացառվում, որ սա գործարք է, որի դիմաց ՀՀ իշխանությունները զիջումների պետք է դիմեն ինչ-ինչ հարցերում, կամ գուցե արդեն դիմել են, ես չեմ կարող ասել: Սա պնդում եմ՝ ծանոթ լինելով Ռուսաստանի վարած քաղաքականությանը:

ՌԴ-ն չէր կարող Հայաստանին զիջել Եվրամիությանը: Հակված եմ մտածել, որ այս երկու վարկածներն էլ իրենց տեղն ունեն այս հարցում: Եվ երրորդ` Ռուսաստանը մինչ Վրաստանի և Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրերի ստորագրումը սպառնում էր այս երկրներին ամենաբարձր մակարդակով, կարծում եմ` այն փաստը, որ Ուկրաինան չմիացավ Եվրասիական տնտեսական միությանը և ստորագրեց ԱՀ-ն, շատ բան փոխեց Մոսկվայի քաղաքականության մեջ:

Հարցի երկրորդ մասին անդրադառնալով` կարևոր է, որ Եվրամիության հետ համագործակցությունն անհրաժեշտ էր Հայաստանին, Հայաստանի իշխանություններին, հասարակությանը: Եթե անհրաժեշտ չլիներ, Ասոցացման համաձայնագրից հետո նման համաձայնագիր չէր կազմվի և ստորագրվի, հարաբերությունները կարող էին դոփել իրենց տեղում, ինչպես Բելառուսի դեպքում, երբ Եվրոպան ըստ էության չգիտի` ինչպես վարվել Բելառուսի իշխանությունների հետ:

Տեսակետներ կան, որ ստորագրումից հետո գուցե բարդանա համաձայնագրի վավերացման աշխատանքը, քանի որ ՀՀ իշխանությունները պատրաստ չեն բարեփոխումների, այդ բարեփոխումներն ընդհանուր առմամբ հակասում են եվրասիական արժեքներին: Ինչպե՞ս կընթանա վավերացման աշխատանքը, և Մոսկվայի վերաբերմունքն այս հարցի առնչությամբ ինչպիսի՞ն կլինի:

– Գիտեք` նման տեսակետներ կային նաև Վրաստանում վավերացման գործընթացի մեկնարկային փուլում: Շատ խոսակցություններ կային, որ սա ազնիվ համագործակցություն չի լինելու, իշխանությունները փորձելու են բարեփոխումների անվան տակ գումարներ ստանալ Եվրամիությունից, վստահ եմ` հայաստանյան խոսակցությունները ևս այս տրամաբանության մեջ են տեղավորվում: Երկուսն էլ հնարավոր է:

Հնարավոր է՝ լինեն իրական բարեփոխումներ, բայց հնարավոր է և՝ չլինեն, դժվար է ասել, քանի որ, ինչպես տեսնում ենք, այս համաձայնագիրն առաջիններից է իր տեսակի մեջ, երբ համաձայնագիր է կնքվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի հետ, մեզ հայտնի չէ, թե ինչպես են այս համաձայնագրի վավերացումը պատկերացնում ՀՀ իշխանություններն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությունը:

Հայաստանը չի կարող չվավերացնել համաձայնագիրը ողջ ծավալով, որոշ կետեր գուցե փորձ արվի բաց թողնել, բայց դրանք միանշանակ լինելու է ՀՀ-ԵՄ բանակցությունների թեմա, քանի որ ԵՄ-ում կարծում են, որ այս համաձայնագրով հնարավորություն են տվել ՀՀ-ի իշխանություններին՝ ուղղել իրենց սխալը, սա դիտարկվում է՝ որպես զիջում, կարծում եմ, հաշվի առնելով այս հանգամանքը, համաձայնագիրը կվավերացվի, ԵՄ-ն բացառիկ հնարավորություն է տալիս, բացառիկ ծավալի ներդրումներ է անում այն երկրներում, որոնք անկեղծ են բարեփոխումներ իրականացնելու հարցում:

Ես լսել եմ ՀՀ-ում ԵՄ դեսպանի խոսքը ՀՀ-ում սպասվելիք ներդրումների մասին:

Վստահ եմ, որ ամեն ինչ չէ Ռուսաստանի վերահսկողության տակ Հայաստանում, կան ոլորտներ, որոնցում Հայաստանի իշխանությունները կարող են իրականացնել անհրաժեշտ աշխատանքը: Մոսկվան միայն արհեստական պատրվակ կարող է լինել: Ես այս կարծիքին եմ:

Այս ամենը չի հակասում Եվրասիական տնտեսական միությանը: Ուստի ՀՀ իշխանությունները կիրականացնեն վավերացումը, սա բացառիկ հնարավորություն է, ինչո՞ւ պետք է չանեն:

Ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀ-ԵՄ հարաբերություններն այս համաձայնագրի վավերացումից հետո:

– Կարծում եմ` վավերացման աշխատանքները կձգձգվեն մինչև մեկուկես տարի: Այսինքն` առաջիկա այդ ժամանակահատվածում ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգում վավերացումն է լինելու, որից հետո կողմերը կանցնեն ԱլԳ գագաթաժողովի հռչակագրում ամրագրված կետերին, որոնք վերաբերում են մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածին ընդհանուր առմամբ:

Իսկ ի՞նչ կասեք վիզային ազատականացման մասին:

– Վիզային ազատականացման բանակցությունները սովորաբար բավականին երկար են տևում, այս ոլորտում ևս պահանջվում են լուրջ բարեփոխումներ: Հայաստանի դեպքում ես վստահ չեմ կարող ասել, թե որքանով է ԵՄ-ն պատրաստ բացել իր սահմաններն առանց վիզայի: Այս հարցով բանակցությունների ընթացքը ցույց կտա:

Վիզային ազատականացումը բարդ ձեռքբերում էր նաև ասոցիացված երկրների համար: Այս հարցում Հայաստանին հեշտ ուղի չի սպասվում, Եվրոպան բավականին խիստ է վիզաների ազատականացման առնչությամբ ներկայումս, ինչը հասկանալի է՝ հաշվի առնելով միգրացիոն ճգնաժամի գագաթնակետը վերջին տարիներին՝ պայմանավորված սիրիական հակամարտությամբ:

Լիովին չբարեփոխված երկրների համար վիզաների դյուրացումը մեծ հարված է դառնում, քանի որ շատ են լքում երկիրը: Դա մասամբ տեղի ունեցավ նաև Վրաստանում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումից հետո: Այնպես որ, խորհուրդ չէի տա շտապել: Շատ ավելի կարևոր է օրերս ստորագրված համաձայնագրի առարկայացումը, որը շատ բան կնշանակի ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար:

Պարոն Մենագարիշվիլի, մինչ գագաթաժողովը խոսակցություններ կային, որ գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում ԵՄ-ն անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին՝ նախապատվությունը կտա տարածքային ամբողջականության սկզբունքին՝ հաշվի առնելով կատալոնական իրադարձությունները, որից և ոգևորված էր ադրբեջանական կողմը, այնինչ հռչակագրում ամրագրված էր, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային սկզբունքների և նորմերի հիման վրա: Ըստ Ձեզ` ինչո՞ւ, չնայած Կատալոնիայի հարցի կարևորությանը, հակամարտություններին անդրադարձն այսքան հավասարակշռված դարձավ:

– Համադրելով իմ տեղեկությունները` կարող եմ ասել, որ այստեղ մի քանի գործոններ են աշխատել: Վստահաբար հայկական կողմն աշխատել է և լավ է աշխատել, քանի որ կարողացել է մեծամասնությանն ապացուցել, որ այսպիսի ձևակերպումն ավելի ճիշտ ու տեղին է: Ասում եմ՝ մեծամասնություն, քանի որ ներկայումս շատ երկրներ են նախապատվությունը տալիս տարածքային ամբողջականության սկզբունքին: Բայց մյուս կողմից էլ՝ Եվրամիությունը չէր կարող բաց թողնել մյուս սկզբունքները:

Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ Եվրամիությունը փորձում է ցանկացած հարց Հայաստանի և Ադրբեջանի առնչությամբ դիտարկել հավասարակշռության մեջ: Նույնիսկ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրին` Գերմանիայի կանցլեր Մերկելը զուգահեռաբար խոսել էր Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի մասին, միևնույն հարթության վրա դնելով երկու երկրներին, այնինչ Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվելու է փոքր-ինչ ուշ:

Եվրամիությունը չի ցանկանում, որ հակամարտություն ունեցող երկու երկրներ անհավասարակշիռ մոտեցումը կարգավորման հարցի առնչությամբ օգտագործեն իրենց օգտին: Իմ գնահատմամբ՝ սա ճիշտ մոտեցում է ԵՄ-ի կողմից: Նման դիրքորոշմամբ ԵՄ-ն մեծացնում է նաև իր դերակատարությունը կողմերի նկատմամբ այս հարցում, նախապատվությունը չտալով որևէ կողմի, բայց անդրադառնալով այդ հակամարտության կարգավորման հարցին:

Տեսանյութեր

Լրահոս