«ԵԱՏՄ-ի ընդհանուր մաքսային ռեժիմը չի խոչընդոտի Հայաստան-ԵՄ համագործակցությանը». Տնտեսագետ
Տնտեսագետ Գագիկ Մակարյանը գտնում է՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը բավականին հետաքրքիր կառուցվածք ունի: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դրա բաժիններում ներառված են բավականին կարևոր գլուխներ, որոնք վերաբերում են տնտեսությանը և առևտրին:
Տնտեսագետը նկատեց, որ այնտեղ կան ձեռնարկատիրության և արդյունաբերության զարգացման, ներդրումների, դատական համակարգի վերաբերյալ, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ գլուխներ. «Բոլոր հիմնական կանոնները, պահանջները կան: Դրա հետ մեկտեղ՝ մենք նաև կպահպանենք «GSP+»-ի արտոնյալ համակարգը»:
Գ. Մակարյանը նշեց, որ համաձայնագրից ունեցած սպասելիքները պետք է դիտարկել ժամանակահատվածի մեջ. «Որոշ գլուխներից ելնելով՝ 3-5 տարվա ընթացքում Հայաստանը պետք է իր օրենսդրությունը ներդաշնակեցնի ԵՄ-ի օրենքներին:
Այսինքն՝ եթե մենք այսօր լավ ու վատ օրենքներ ունենք, մենք պետք է փորձենք այդ օրենքները վերաձևակերպենք եվրոպական ստանդարտներով: Այսինքն՝ եթե օրենքների մեջ կան խրթին կամ այնպիսի տեղեր, որ կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում, դրանք պետք է լավացնենք: Հետևաբար՝ սպասելիքը հետևյալն է՝ 5 տարի հետո, երբ Հայաստանն ավարտի այդ ներդաշնակեցումը, մենք կունենանք ավելի կանոնակարգված, թափանցիկ, ճիշտ օրենսդրություն:
Երկրորդը՝ ահագին պետք է փոխվի և՛ պետական պաշտոնյաների, և՛ բիզնեսի, և՛ հասարակության մտածելակերպը, որովհետև իրենք այս համաձայնագրի կատարման մաս են կազմում: Այսինքն՝ սա ոչ միայն պետության, կառավարության խնդիրն է, այլև հասարակության, քաղաքացիների, բիզնեսի: Եթե բիզնեսը մնա իր մտածելակերպի մեջ՝ էլի ուզենա կոռուպցիա, ստվեր, քցոցի, հաղորդակցվելու մշակույթ չունենա, ինքը չի կարողանա եվրոպական ստանդարտներով հաղորդակցվել»:
Տնտեսագետը նկատեց, որ համաձայնագրում կարևոր մի գլուխ կա, որը նշում է, որ կարևոր արժեքներն են համարվում մարդու իրավունքները և շրջակա միջավայրի պաշտպանությունը. «Այսինքն՝ բիզնեսի կամ առևտրի հետևանքով՝ չպետք է տուժի մարդու իրավունքը կամ շրջակա միջավայրի պաշտպանությունը: Հիմա մենք ունենք ոլորտներ, որոնք ի վնաս էկոլոգիայի են աշխատում, այսինքն՝ ակնհայտորեն էկոլոգիան մենք զոհաբերել ենք»:
Ըստ Գ. Մակարյանի՝ այս 5 տարվա ընթացքում Հայաստանի գրավչությունը կբարձրանա, հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ կմեծանա, դա կբերի ներդրումների հոսքին, որովհետև աստիճանաբար Հայաստանին կդիտարկեն՝ որպես իրենց գործընկեր երկիր.
«5 տարի հետո ներդրումների հոսքն ավելի կուժեղանա, որովհետև մենք կհամապատասխանենք եվրոպական ընտանիքի չափանիշերին: Հաջորդ դրական կողմն այն է, որ մենք հակակշիռ ենք ստեղծում մյուս ընտանիքի հանդեպ՝ ԵԱՏՄ-ի: Մի ընտանիքն ավտորիտար, կոռումպացված շուկաների ընտանիքն է, մյուսը՝ թափանցիկ, դեմոկրատական, զարգացած շուկաների ընտանիքն է: Արդյունքում՝ մեր հանդեպ վերաբերմունքը կփոխվի նաև ԵԱՏՄ երկրների կողմից, որովհետև մենք ունենք այդ առավելությունը: Քաղաքական առումով Հայաստանն արդեն կգտնվի ուշադրության ներքո, հետևաբար, դրա տեսանկյունից՝ մենք ունենք ևս առավելություն, որ մեր վրա քաղաքական ճնշումներն այդպես կտրուկ չեն կարող տեղի ունենալ»:
Հարցին՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այլևս ընդհանուր մաքսային ռեժիմ է գործելու՝ դա ի՞նչ խոչընդոտներ կարող է առաջացնել ԵՄ երկրների հետ համագործակցության հարցում, տնտեսագետն այսպես պատասխանեց.
«Ոչ մի խոչընդոտ էլ չի առաջացնի: Համաձայնագրում մի գլուխ կա, որտեղ ասվում է, որ պետք է կիրառվեն Համաշխարհային առևտրի կազմակերպության կանոնները: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, կարող է ինչ-որ դրույքաչափեր, օրենքներ փոխել, բայց գլոբալ առումով կանոնները մենք պետք է պահպանենք Համաշխարհային առևտրի կազմակերպության կանոններով: Քանի որ աստիճանաբար Ռուսաստանն ու Ղազախստանն էլ են գնում դրան, մյուսներն էլ են դրան գալու:
Այսինքն՝ մի ընտանիք, որն ունի 5 երկիր անդամ, չի կարող ամբողջ աշխարհի առևտրային սկզբունքներին, կանոններին դեմ գնալ: Այսինքն՝ նրանք էլ են այդ ճանապարհով գալու, հետևաբար, եթե բոլոր ընտանիքներում գործելու են նույն կանոնները, հակասություն արդեն չկա: Բացի դրանից՝ «GSP+»-ով մենք ունենք մաքսատուրքերի ազատ ռեժիմը, որը մենք կշարունակենք»: