«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Հայաստանի համար վտանգ պարունակող որևէ դրույթ չունի». Պյոտր Սվիտալսկի
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրն արտացոլում է մեր պատրաստակամությունը՝ շարունակել ՀՀ-ի հետ մեր համագործակցությունն էներգետիկայի ոլորտում։ ԵՄ-ն կտա աջակցություն Հայաստանին՝ կանաչ էներգետիկայի անկախ աղբյուրներ ստեղծելու, էներգետիկ շուկան լիբերալիզացնելու ուղղությամբ, ավելի մատչելի էներգիա ունենալու հարցերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Ինչ վերաբերում է ատոմային էներգիային, ապա դեսպանը հիշեցրեց, որ ԵՄ-ն տարիներ շարունակ աջակցել է Հայաստանին, որպեսզի Մեծամորի ատոմակայանն անվտանգ դառնա, պատշաճ կերպով աշխատի, ինչը, ըստ նրա՝ շատ կարևոր է. «Համաձայնագիրը ՀՀ-ի համար վտանգ պարունակող որևէ դրույթ չունի, հակառակը՝ դա միայն վերահաստատում է մեր համագործակցության պարտավորությունը։ Բոլոր ռեակտորներն ինչ-որ գործողության ժամկետ ունեն, որի ընթացքում անվտանգ կաշխատեն, բայց պետք է նաև հաջորդ քայլին անդրադառնաք, թե հետո ինչ է լինելու։ Այնպես որ, ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՀՀ-ի հետ՝ լավ, մատչելի և արդյունավետ լուծում գտնելու ուղղությամբ։ Մի լուծում, որը ՀՀ բոլոր քաղաքացիներին դուր կգա, սա այն է, ինչ ուզում ենք ասել, և ոչ մի բան ավելի»։
Հարցադրմանը, թե ԵՄ-ի շահը ո՞րն է, որ Հայաստանի հետ նման համաձայնագիր է կնքում, և արդյո՞ք Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև, դեսպանն այսպես պատասխանեց. «Մենք ոչ մի գաղտնի բան չունենք, մեզ համար այս համաձայնագիրը մեր ռազմավարության մի մասն է՝ կառուցելու կայուն հարևանություն, տրամադրել մեր եվրոպական գործընկերներին զարգացման հնարավորություններ՝ լավ եղանակով։ Այնպես որ, այս համաձայնագիրը լայն ռազմավարության մի մասն է կազմում, սա անվտանգ և բարեկամական միջավայրի կառուցման մասին է։ Սա առաջին համաձայնագիրն է մի երկրի հետ, որն այլ միության մաս է կազմում։ Իհարկե, ԵՏՄ անդամ երկրներից Ղազախստանի հետ համաձայնագիր ունենք, բայց ՀՀ-ի հետ կնքված համաձայնագիրը շատ ավելի հավակնոտ է, առարկայական, դրական։ ԵՄ-ն չի ցանկանում ինչ-որ բաժանարար գծեր գծել Եվրոպայում, այդ պատճառով, այո, մենք ուզում ենք կամուրջներ կառուցել մեր բոլոր գործընկերների հետ։ Հայաստանում կամուրջի սկզբունքն իսկապես տրամաբանական է։ Սա փոխադարձ շահ է, նման հավակնոտ համաձայնագիր ունենալը երկու կողմի քաղաքական կամքի արտացոլումն է»։
Իսկ հարցին, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի՞ խոչընդոտի ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացմանը, դեսպանը պատասխանեց, որ համաձայնագրի փիլիսոփայությունը շատ հստակ է.
«Մենք հաշվի ենք առնում Հայաստանի պարտավորությունները, բայց Հայաստանը պետք է որոշի, թե ինչպես է այս համաձայնագիրը ներդաշնակեցվում մյուս միությունների հետ։ Սա մեր պարտականությունը չէ, մենք որևէ լուծում չենք առաջարկելու կամ պարտադրելու Հայաստանին, մեզ համար հարցը շատ հստակ է՝ շատ բան կարող ենք անել միասին՝ գոյություն ունեցող պարտավորությունների համակարգի միջոցով։ Մյուս հարցերը հայաստանցիները պետք է գնահատեն, քննարկեն և եզրակացություններ անեն։ Եթե հայաստանիցները հույսով նայեն Եվրոպային, եթե մեզնից ավելի շատ ու ավելի արդյունավետ աշխատանքի ակնկալիք ունենան, սա իմ աշխատելու մոտիվացիան կլինի»։
Ինչ վերաբերում է համաձայնագրով ԵՄ երկրներից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցության կոնկրետ չափերին, դեսպանն ասաց, որ աջակցությունը 1 միլիարդ 17 միլիոն դոլարի կհասնի. «Այստեղ այլ հնարավորություններ ներգրավված չեն, բայց կարող են լինել։ Սա իմ անձնական առաջնահերթությունն է, որպեսզի այս թվերն ավելի իրական լինեն, քան հիմա են։ Մենք պետք է միասին մտածենք մեր գործընկերների հետ, որպեսզի առավելագույնը ստանանք այս ֆինանսական օգնությունից։ Սովորական հայաստանցիներն իրավունք ունեն իմանալու, թե ինչպես են օգտագործվում այս փողերը։ Իհարկե, շատ հստակ ծրագրեր կան, օրինակ՝ մետրոն, պոչամբարները, և այլն, բայց կարծում եմ, որ կարող ենք ավելին անել։ Սա մեծ փող է, այո՛, մենք ամենամեծ դոնորն ենք Հայաստանի, և այն շրջանում, երբ այլ դոնորներ կրճատում են իրենց աջակցությունը Հայաստանին, մենք, ընդհակառակը՝ մեծացնում ենք 20-25 տոկոսով։ Սա ազդակ է այն մասին, որ մենք հավատում ենք՝ այս գումարը կարող է լավագույնս կիրառվել Հայաստանում»։