
«ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը կապել Արցախյան հակամարտության հետ՝ այդքան էլ ճիշտ չէ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի համար ակնհայտ է, որ «Ելք» խմբակցության նախաձեռնության Եվրասիական տնտեսական միության հետ շաղկապված ենթատեքստը միայն տնտեսական չէ, և այդ նախաձեռնության տակ կա քաղաքականություն, այդ թվում` գլոբալ քաղաքականություն: Այսօր ԱԺ-ում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին խորհրդարանական լսումների ժամանակ Ա. Աշոտյանը հայտարարեց, որ այս նախաձեռնությունը 2.5-3 ամիս առաջ է ի հայտ եկել, երբ քաղաքական իրավիճակը քիչ այլ էր:
Նա համաձայնեց «Ելքի» քաղաքական փաստարկների` Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված, որ ԵԱՏՄ-ում ոչ բոլոր գործընկերներն են հայանպաստ քվեարկություններ անում, բայց հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ն ստեղծվել է ՌԴ նախաձեռնությամբ և ռուսական տնտեսության շուրջ. «Այսինքն` Արցախյան հակամարտության կարգավորման դերակատարներից մեկը ՌԴ-ն է՝ որպես ՄԽ համանախագահ, իսկ այդ պետության կառուցողական կեցվածքը որևէ մեկին կասկած չի հարուցում: Կապել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունն Արցախյան հակամարտության հետ՝ այդքան էլ ճիշտ չէ»:
Անդրադառնալով հաջորդ փաստարկին, որ Հայաստանը դառնալով ԵԱՏՄ անդամ՝ զրկվել է այլ տեսակի միջազգային անցուդարձերում մասնակցությունից, Ա.Աշոտյանը կոչ արեց այս հանրույթի առջև չխորամանկել և խոստովանել, որ ցանկացած վերազգային տնտեսական միավորում ունի քաղաքական բաղադրիչ: Նա վկայակոչեց ԵՄ-ի օրինակը, որն ստեղծվել էր բացառապես որպես տնտեսական միություն` «ածխի և պողպատի», վերածվել է քաղաքական միավորման և այսօր քննարկում է անվտանգային ուժեր ունենալու հարցը:
«Ցանկացած անդամություն վերազգային կառույցի բերում է ինքնիշխանության կամավոր որոշակի զիջում: Նույն ԵՄ պետությունները շատ ավելի մեծ սուվերեն իրավունքներ են պատվիրակել Բրյուսելին»,- նկատեց Ա. Աշոտյանը:
Նա նաև համաձայնեց, որ դոլարային համարժեքով ՀՀ-ի ՀՆԱ-ն ընկել է, բայց ԵՄ ասոցիացման համաձայնագիրը ստորագրող երկրների ՀՆԱ-ն դոլարով ավելի շատ է ընկել, և սա դոլարի փոխարժեքի, ոչ թե՝ տնտեսական հետընթացի հետևանք է:
«Ցանկացած կառույցի ինստիտուցիոնալ կայացման համար անհրաժեշտ է ժամանակ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ԵՄ-ն դեռ կայացնում է իր ինստիտուտները, և ԵԱՏՄ-ն նույնպես պետք է այս դժվարությունները հաղթահարի: «Հա՞րթ է ամեն ինչ ԵԱՏՄ-ում: Ո՛չ: Հա՞րթ է ամեն ինչ ԵՄ-ում: Ո՛չ»,- հայտարարեց Ա.Աշոտյանը:
Նրա կարծիքով` ռազմական բաղադրիչը միակողմանի է ներկայացված. «Եթե այդ հիմնավորումներով ասեին` եկեք դուրս գանք ՀԱՊԿ-ից, ես կհասկանայի: Բայց ռազմաքաղաքական հիմնավորումները բերել՝ որպես տնտեսական միությունից դուրս գալու փաստարկ, այստեղ այդքան էլ ճիշտ չէ»:
Անդրադառնալով Ռուսաստանից ՀՀ քաղաքացիների արտաքսման խնդրին` Ա. Աշոտյանը նշեց, որ նման գործընթաց կա բոլոր ցիվիլ երկրների միջև, և կան դեպքեր, որ մարդու իրավունքները խախտվեն, բայց մենք ստորագրել ենք նույն ռեադմիսիայի պայմանագիրը, և ԵՄ երկրներից մեր հարյուրավոր ու հազարավոր քաղաքացիներ նույն ճակատագրին են արժանանալու»:
Ա. Աշոտյանը հավաստիացրեց` «և-և»-ը կայացել է. «Որովետև «և-և»-ի տակ դրված չէր 2 տեղ ազատ առևտրի գոտի ունենալու հանգամանքը, այլ դրված էր նախ և առաջ՝ աշխարհաքաղաքական հանգամանքը, իսկ այդ տեսակետից Հայաստանին հաջողվել է զերծ մնալ կոնֆրոնտացիոն հռետորաբանությունից, կոնֆրոնտացիոն գործընթացներից, աշխատել շահերի համադրման վրա, և լինելով ազատ տնտեսական մի գոտում՝ զուգահեռ կառուցել քաղաքական հարաբերություններ մյուս ուժի կենտրոնների հետ: Սա է «և-և»-ը: Չկա երկիր, որ 2 ազատ տնտեսական գոտում է: ՀՀ արտաքին քաղաքականությունը շահերի համադրմամբ է իրականացվում»: