«ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը դրա իրագործման ճանապարհի միայն մի փոքրիկ մասն է». Բրիտանացի վերլուծաբան
«Հաշվի առնելով եվրոպական արժեքային համակարգը՝ դժվար է պատկերացնել, որ առավելություն տրվեր մեկ սկզբունքին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանացի փորձագետ Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով նախօրեին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանն ու գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրին:
Նեյլ Մաքֆարլեյնը ողջունեց համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ դա այս համաձայնագրի իրագործման ճանապարհի միայն մի փոքրիկ մասն է, քանի մեծ աշխատանքը դեռ առջևում է, որի մասին գագաթաժողովի ընթացքում խոսեց Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մոգերինին: Ըստ նրա՝ հայաստանյան ներքին աշխատանքը մոնիտորինգ անելու մասին չէր նշվի, եթե չլիներ դրա անհրաժեշտությունը:
Մաքֆարլեյնի խոսքով, Հայաստանն իրենից պահանջվող աշխատանքն անելով պետք է ապացուցի, որ կարող է ըստ նշանակության տնօրինել այն գումարները, որոնք պետք է փոխանցի ԵՄ-ն բարեփոխումների համար:
«Հայաստանի հետ կապված բոլոր ռիսկերը ԵՄ-ն հաշվարկել է, կարծում եմ, սա կույր գործարք չէր ԵՄ-ի տեսանկյունից, եթե վավերացման գործընթացը չկայանա, ապա այս համաձայնագիրը պարզապես դուրս կգա հարաբերությունների օրակարգից: Այսինքն՝ ստորագրությունը դեռ ոչինչ է այն ամենի համեմատ, ինչ պետք է տեղի ունենա առաջիկա մեկ տարվա ընթացքում: Հայաստանի ընտրությունը տեսանելի կլինի այդ արդյունքներով: Պետք է նաև շեշտեմ, որ սա աշխարհաքաղաքական ընտրություն չէր, Հայաստանը կատարել է իր ընտրությունը, բայց ցանկանալով հարաբերություններ զարգացնել ԵՄ-ի հետ, ստացել է հատուկ կարգավիճակ Արևելյան գործընկերությունում:
Համոզված եմ, որ ԵՄ-ում միամիտներ չկան, ԵՄ-ն փորձում է վերացնել իր անցյալի սխալները՝ երկրներին լուրջ ընտրության առջև չկանգնեցնելով և Ռուսաստանի հետ հարաբերությունները մեղմելով»,- ասաց Մաքֆարլեյնը:
Վերջինս բացառեց, որ համաձայնագիրը Հայաստանին մի օր ուղղորդի դեպի ԵՄ անդամակցություն, քանի որ ԵՄ ընդլայնման հարց ներկայումս և երկարաժամկետ ապագայում չի քննարկվի, դա չի վերաբերում նույնիսկ ասոցիացված երկրներին, որոնք նման ցանկություններ ունեն: Նրա խոսքով՝ ԵՄ-ում տարակարծություններն այս առնչությամբ չափազանց շատ են:
Անդրադառնալով ամփոփիչ հռչակագրի այն հատվածին, որը վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը և տեղեկություններին, թե կատալոնական հայտնի դեպքերի հետևանքով ԵՄ-ն պետք է առավելությունը տար տարածքային ամբողջականության սկզբունքին՝ փորձագետն ասաց, որ ԵՄ-ն փորձել է այնպես անել, որ հռչակագրի այդ հատվածը կռվախնձոր չդառնա, ուստի հարցին անդրադարձել է ընդհանուր ձևակերպումներով:
Սակայն, ըստ նրա, կարևոր է, որ նշված է միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի մասին:
«Հաշվի առնելով եվրոպական արժեքային համակարգը՝ դժվար է պատկերացնել, որ առավելություն տրվեր մեկ սկզբունքին, քանի որ սկզբունքների այդ խումբը պահպանում է հավասարակշռվածությունը, և դա ԵՄ-ի ոճը չէ»,- ասաց Մաքֆարլեյնը:
Վերջինս չի բացառում, որ իրենց դերակատարությունն ունեն նաև հայ դիվանագետները, որոնք թույլ չեն տվել, որպեսզի ԱլԳ չորս երկրների սխալ մոտեցումներն արտահայտվեն հռչակագրում: Նրա խոսքով, սա ցույց է տալիս, թե ինչպիսի արժեքային համակարգի վրա է հիմնված ԵՄ-ն: