Երբ է ստորագրվելու ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրը
Այսօր Երևանի ժամանակով ժամը 20:00-ին նախատեսվում է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
Նշենք, որ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն Բրյուսելում աշխատանքի արդյունքներով ընդունել են հռչակագիր, որը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին: Համաձայնագիրը նախանշում է հետագա գործակցության ուղիները տնտեսության, քաղաքականության, հումանիտար և այլ ոլորտներում: Այս անգամ հռչակագրում չկա որևէ հղում այս կամ այն հակամարտությանը՝ անվանական:
Համաձայնագիրն ունենալու է օրենքի ուժ, քանի որ վավերացվելու է ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից: Ընդունված հռչակագրում հղում կա նաև Հայաստան-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրին:
Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ընդհանուր ձևակերպումներին, ապա ըստ համաձայնագրի՝ հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա` նաև հաշվի առնելով գոյություն ունեցող ձևաչափերն ու գործընթացները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ԵՄ դիրքորոշումն արտահատված է այսօր ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Այնտեղ անդրադարձ կա հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: