Բաժիններ՝

«Այսօրվա բյուջեի մուտքերն ապահովվում են ոչ թե փոքրի ու միջինի հաշվին, ոնց պատերի տակ խոսում են, այլ առյուծի բաժինը խոշորն է». Վարդան Հարությունյան

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր ԱԺ Ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց, որ բյուջեի մուտքերի հավաքագրումների որևէ խնդիր չկա, թերհավաքագրման որևէ մտավախություն չկա:

«Արդեն ոչ թե 9, այլ 11 ամիսների արդյունքներով ՊԵԿ-ը որևէ խնդիր չի տեսնում»,- ասաց նա:

Լրագրողների հետ զրույցում Վ.Հարությունյանն անդրադառնալով ռիսկային հարկատուների ցուցակին՝ նշեց, որ բյուջեի լրացուցիչ մուտքերի ապահովումը հենց ստվերի հաշվին է. «Էս թվերը որտեղի՞ց են գալիս, բա օդի՞ց են իջնում էս թվերը»:

Թե ում է հարկայինը «հանել ջրի երես», ՊԵԿ նախագահը չնշեց. «Ես մի քանի անգամ ասել եմ` մենք պոպուլիզմով չենք զբաղվում, անուններ չենք հնչեցնում: Նպատակահարմար չեմ գտնում անուններ տալ, ես իմ գործն անում եմ ավելի լուռ և ավելի արդյունավետ: Իսկ իրենք զգոնանում են, հանգիստ եղեք: Ում ստվերի անձնագիր ենք ներկայացրել և այդ ստվերն ի հայտ բերելու հաշվին կարողացել ենք լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջե, բնական է, որ զգոնացել են արդեն»:

Կարդացեք նաև

Ի պատասխան 168.am-ի հարցին, թե՝ այդ ստվերը խոշորի՞, թե՞ փոքրի մոտ է, Վ.Հարությունյանը խոստացավ հաջորդ շաբաթ խոշոր հարկ վճարողների վարչության կողմից ամփոփ տեղեկատվություն հրապարակել կամ ասուլիսում ներկայացնել, որ մարդիկ համոզվեն. «Այսօրվա բյուջեի մուտքերն ապահովվում են ոչ թե փոքրի ու միջինի հաշվին, ոնց պատերի տակ խոսում են, այլ առյուծի բաժինը խոշորն է: Բոլոր տեղերում էլ ստվեր կա: Ես մի անգամ էլ եմ ասել` փոքրի տակ կարող է թաքնված լինել խոշորը: Եկեք տենց գնահատական չտանք: Ստվեր կա, պետք է ստվերի դեմ պայքարենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս