«Իրենք են աղմկում, մենք չենք աղմկում, ինձ մի հարցրեք». ՊԵԿ-ն առևտրականներին ընդառաջ չի գնա
«Թող իրենք մեկնաբանեն իրենց հակափաստարկները: Մենք փաստարկը բերել ենք, թվերը ներկայացրել ենք, դա բավարար է: Ով կասկածի տակ է դնում, գնացեք նրանից հարցրեք: Ո՞վ ասեց՝ նման բան կա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ՊԵԿ-ն իրո՞ք հաշվի չի առել գոտիավորումը, ինչպես ասում են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, որ Առինջ առևտրի կենտրոնը չի կարելի համեմատել քաղաքի կենտրոնում գտնվող այլ առևտրի կենտրոնների հետ, նաև դրանք տարբեր աշխատաժամանակ ունեն:
Դիտարկմանը, որ պատգամավորներն են դա պնդում, ՊԵԿ նախագահը հակադարձեց. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես հարկ եմ հավաքում, ու հարկահավաքությունը նորմալ է»:
Վ.Հարությունյանը հերքեց, որ առևտրականներին պարտադրում են փաստաթուղթ վերցնել «կարգոների» փոխարեն ստեղծված նոր կազմակերպությունից՝ «Նորֆոլկ քոնսալթինգից». «Երբևիցե որևէ մեկին չեն ստիպել, որ գնան «Նորֆոլկ» կոչված ընկերությունից փաստաթուղթ վերցնեն: Իսկ ո՞վ է ասում, որ փատաթուղթ պետք է տան: Դա այլընտրանք է տրված իրենց: Կարող են իրենք իրենց փաստաթղթավորումն անել: Եթե չեն ուզում օգտվել, որևէ պարտադրանք չկա: Մարդը երբ ներմուծում է անում, պետք է իմանա՝ գործող ընթացակարգն ինչպես է»:
ՊԵԿ նախագահը հերքեց նաև, որ ինքն այդ ընկերության փաստացի սեփականատերն է, ինչպես նաև հերքեց դրա՝ օֆշորային կառույց լինելու հանգամանքը. «Ոչ թե հերքում եմ, միանշանակ նման բան չկա»:
Անդրադառնալով «Առինջ մոլի» աշխատողների թվերի իսկությանը, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարել էր, թե ՊԵԿ-ը սուտ թվեր է հրապարակել, Վ.Հարությունյանն ասաց. «Ով ասում է՝ թվերը սուտ են, գնացեք նրան հարցրեք: Ես ասում եմ` ճիշտ է: Ես փաստաթղթավորված ներկայացրել եմ»:
Հարցին` այսինքն՝ առևտրականներին ընդառաջ չի՞ գնալու ՊԵԿ-ը, Վ.Հարությունյանը պատասխանեց. «Օրենքի շրջանակներում բոլորը պետք է աշխատեն: Ոչ մի չարաշահման մասին խոսք չկա, ուղղակի իրենք պետք է գործեն օրենքի շրջանակներում: Իրենք են աղմկում, մենք չենք աղմկում, ինձ մի հարցրեք»:
Վ.Հարությունյանը նաև հերքեց, որ «Առինջ մոլի» առևտրականների բողոքից հետո հարկայինը մեգատեռոր է սկսել Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում. «Ինչի՞ եք ինձ հարցնում»: Նրա խոսքով` ինքն ի պաշտոնե որևէ մեկին իրավունք չունի թիրախավորելու և չի թիրախավորում, իսկ ամեն ստուգումը թիրախավորում չէ: