Ինչու է Հայաստանի պատվիրակությունը ԵԺԿ գագաթաժողովի հռչակագիրն ընդունել վերապահումներով
Այսօր Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովի հռչակագիրը Հայաստանի պատվիրակությունն ընդունել է վերապահումներով: ԵԺԿ-ում 168.am-ի աղբյուրները հաղորդում են, որ վերապահման պատճառը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ըստ մեր բարձրաստիճան աղբյուրի` այդ վերապահումը պայմանավորված է հռչակագրում Ռուսաստանի և Եվրամիության հարաբերություններին վերաբերող մասով:
«Հայկական կողմի վերապահումը վերաբերում է Արևելյան գործընկերության որոշ երկրների հետ ունեցած կոնֆլիկտների հետ կապված Ռուսաստանին վերաբերող գնահատականներին»,- նշեց մեր աղբյուրը:
Հիշեցնենք, որ ԵԺԿ գագաթնաժողովի հռչակագրում մասնավորապես ասվում է.
«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, մասնավորապես ՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա:
Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին՝ հարգելով 1994-1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերը, կիրառել վստահություն կառուցող միջոցներ, նվազեցնել լարվածությունը շփման գծում, ինչպես նաև կիրառել այն միջոցները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովների ընթացքում»: