ԵԱՏՄ-ի միասնական վճարային տարածքը կարող է կազմավորվել մինչև 2019 թվականի վերջը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական վճարային տարածքը կարող է կազմավորվել մինչեւ 2019 թվականի վերջը: Այս մասին հայտարարել է ՌԴ Վճարային քարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ) գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմիլեւը՝ ամփոփելով ԱՊՀ-ի երկրների ազգային վճարային համակարգերի եւ ազգային բանկերի ղեկավարների երկրորդ աշխատանքային հանդիպման արդյունքները, հայտնել է Վճարային քարտերի ազգային համակարգի մամուլի ծառայությունը։
«Յուրաքանչյուր երկրում կան կարգավորման, օրենսդրության, մշակույթի իրենց առանձնահատկությունները, եւ մյուս վճարային համակարգերի հետ ինտեգրացման շրջանակներում ինչ-որ հարցեր մենք ստիպված կլինենք աշխատանքային հանդիպման մասնակիցների հետ լուծել նորից: Բայց մենք պլանավորում ենք ԵԱՏՄ-ի երկրների միասնական վճարային տարածքի կազմավորումն ավարտել մինչեւ 2019 թվականի վերջը»,- ասել է Կոմիլեւը: Իր հերթին Ռուսաստանի բանկի Ազգային վճարային համակարգի դեպարտամենտի տնօրեն Ալլա Բակինան հանդիպման արդյունքների վերաբերյալ նշել է, որ դրա մասնակիցներն արդեն բազմակողմ համաձայնագիր են պատրաստել ԵԱՏՄ-ի վճարային համակարգերի գործունեության հսկման եւ դիտարկման բնագավառում: Նա նաեւ հույս է հայտնել, որ այդ փաստաթուղթը կստորագրվի 2018 թվականի առաջին կեսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: