«Ադրբեջանը մտմտում է ինչ-որ հարձակողական օպերացիաներ. դա կարող է կենսական վտանգ ներկայացնել ամբողջ Արարատյան դաշտի և Երևան քաղաքի համար». Ռուբեն Մեհրաբյան

«Լավրովի այս այցով Ռուսաստանը փորձեց ցույց տալ, որ գոնե այս պահին մտադիր չէ հանդես գալ առանձին պլանով, ինչի մասին ապրիլյան պատերազմից հետո խոսվում էր, և խոսվում էր ոչ անհիմն։ Ռուսաստանն առժամանակ մի կողմ է դնում իր այդ մտադրությունները և փորձում է հանդես գալ՝ որպես եռանախագահության անդամներից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Ավելին, Լավրովը բողոքելով ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակից՝ նշում էր, որ չնայած հակասություններին՝ բազմաթիվ տարածաշրջաններում և բազմաթիվ հարցերով, այնուամենայնիվ, Արցախի հակամարտության կարգավորման հարթակում ԱՄՆ-ը և Ռուսաստանը համագործակցում են»,- ասաց փորձագետը՝ նկատելով, որ դրան զուգահեռ՝ իշխանության մոտ կանգնած ռուսական մամուլն ու ռուս փորձագետներն անթաքույց ձևով նշում են, որ Ռուսաստանի նպատակն է՝ Արցախի հարցը դուրս բերել ՄԽ ներկայիս ձևաչափից, և տեղափոխել մոսկովյան հարթակ։

«Դրա մասին վերջին 3-4 օրվա մեջ մի քանի հրապարակում է եղել ռուսական մամուլում, և կարծես թե դա ոչ ոք չի հերքում։ Ճիշտ է, հայկական կողմն ասում է, թե դա պաշտոնական տեսակետ չէ, և, որ միայն հենվում են Լավրովի ասածի վրա, բայց եկեք չմոռանանք երկու բան՝ դիվանագետը պետք է երկու անգամ մտածի մինչև այն, որ ոչինչ չասի, երկրորդ՝ դիվանագետը խոսում է ոչ այնքան նրա համար, որ արտահայտի իր մտքերը, այլ՝ որպեսզի թաքցնի դրանք։ Գոնե այս պահին ունենք այն, ինչ ունենք, և շատ հեշտ ձևով վաղն առավոտյան իրավիճակը կարող է կտրուկ փոխվել»։

Անդրադառնալով Նախիջևանի զորավարժություններին՝ նա ասաց, որ դրանք կայացան հարձակողական սցենարով. «Այնտեղ կուտակված զորքերը ռուսական մատակարարումների շնորհիվ ձեռք են բերել հնարավորություններ, որ, եթե մինչև հիմա նրանք կարող էին մտածել միայն պաշտպանության մասին, ապա ներկայումս մտմտում են ինչ-որ հարձակողական օպերացիաներ։ Սա Արարատյան դաշտի անմիջական հարևանությամբ է, Արարատյան դաշտը հասանելի է այդ զորքերի ներգործության համար, ինչը մտահոգիչ է։ Հայկական կողմն այստեղ մեծ անելիքներ ունի․ գոնե պլաններ մշակի, որ այդ հնարավորություններն անհրաժեշտ պահին սահմանափակվեն, որովհետև դա կարող է կենսական վտանգ ներկայացնել ամբողջ Արարատյան դաշտի և Երևան քաղաքի համար։ Դրա համար մենք պետք է «շնորհակալություն» հայտնենք մեր ոխերիմ ռազմավարական դաշնակցին, որովհետև այդ մատակարարումների 90 տոկոսի հեղինակը Ռուսաստանն է»։

Կարդացեք նաև

Մեհրաբյանի խոսքով՝ Ադրբեջանը բանակցային գործընթացում անկեղծ չէ. «Նա կարգավորում պատկերացնում է միայն մեկ ձևով՝ նախապատերազմական ստատուս-քվո։ Ադրբեջանն ասում է. «Եկեք՝ բանակցենք նրա շուրջ, որ դուք մեզ տաք այն ամենը, ինչ կորցրել ենք մեր հրահրած պատերազմում, եթե չտաք, մի հատ էլ կհրահրենք»։ Նման կոշտ դիրքորոշումն իրականություն է դարձել ռուսական բազմամիլիարդ զինամատակարարումների շնորհիվ»։

Այս ամենը, ըստ փորձագետի՝ ցույց է  տալիս, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի և չի խորշում դա ի ցույց դնել. «Մեր խնդիրն է՝ թույլ չտալ այդ պատերազմը։ Ադրբեջանը պետք է հասկանա, թե ինչ գին է նստելու այդ հրահրվելիք պատերազմն իր վրա, Ադրբեջանը պետք է շատ լավ դա պատկերացնի։ Հայկական կողմի պարտքն է՝ այդպիսի պատկերացումները թարմ պահել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս