Աղքատության պաշտոնական նկարագիրը
Վիճակագրական ծառայությունը տնտեսական ակտիվության, արդյունաբերության ու գյուղատնտեսության երկնիշ աճի մասին պաշտոնական տեղեկատվություն հրապարակեց: Բայց ոչ ոք չհասցրեց լիաթոք ուրախանալ: Ո՛չ պաշտոնական տեղեկատվությանը վստահողները, ո՛չ էլ այդ տեղեկատվության վրա չարախնդացողները: Որովհետև նույն Ազգային վիճակագրական ծառայությունը մեկ այլ պաշտոնական փաստաթուղթ հրապարակեց, որ վերնագրված էր՝ «Պարենային ապահովություն և աղքատություն. 2017թ. հունվար-սեպտեմբեր»:
Իսկ այս հետազոտությունը, ի հեճուկս երկնիշ տնտեսական աճի, պաշտոնապես հայտարարում է, որ աղքատ է երկրի բնակչության 30 տոկոսը: Սա միջին ցուցանիշ է:
Մայրաքաղաքի բնակչության 25,2 տոկոսն է աղքատ: Ամենաաղքատ մարզերն են Շիրակը` 44,2 տոկոս, Լոռին՝ 36,4 տոկոս, և Տավուշը` 30,6: Աղքատ բնակչության ամենափոքր ցուցանիշներն ունեն Վայոց ձորի (18,2 տոկոս), Արագածոտնի (18,7 տոկոս) մարզերը: Այս պատկերը տասնամյակներ շարունակ կայուն է մնում:
Չնայած մեր իշխանությունները, կարծեմ, 2003թ. նախագահական ընտրությունների պատվին Աղետի գոտին վերանվանեցին Զարգացման գոտի, միևնույն է՝ երկրաշարժներից պատուհասված մարզերը մնում են ամենաաղքատը: Վիճվարչության այս ուսումնասիրության տվյալներով՝ մեր երկրի բնակչության մեկ շնչի հաշվով եկամուտների հիմնական աղբյուրը վարձու աշխատանքն է: Այն ապահովում է եկամտի 55,6 տոկոսը:
Իր կշռով եկամուտ ապահովող երկրորդ աղբյուրը կենսաթոշակ-նպաստներն են` 16,9 տոկոս: Ինքնազբաղվածությամբ բնակչությունը ձեռք է բերում իր եկամտի 9,9 տոկոսը: Տրանսֆերտներն ապահովում են բնակչության եկամտի 8,7 տոկոսը: Դինամիկայի մեջ դիտարկելիս նկատելի է, որ տրանսֆերտների կշիռը վերջին երկու տարում նվազում է (2014-ին այն կազմում էր 12,4 տոկոս):
Եկամտի մյուս խոշոր աղբյուրը գյուղմթերքների և գյուղատնտեսական կենդանիների վաճառքն է` 5,2 տոկոս: Այն, որ բնակչության եկամտի միայն 0,2 տոկոսն է պաշտոնապես ապահովում սեփականությունը, ապացուցում է, որ սեփականությունը վարձակալությամբ տալը խիստ ստվերային ոլորտ է:
Բիզնես տարածքներ վարձակալությամբ տվող սեփականատերերը հասարակ մարդիկ չեն, ու նրանք դեռ շատ երկար այս ոլորտը կհաջողացնեն պահել հարկային դաշտից դուրս: Վերադառնանք «Պարենային ապահովություն և աղքատություն» կոչված թեմային: Բնակչության ծախսերի կառուցվածքի ուսումնասիրությունը ևս ապացուցում է, որ սնունդն ու կոմունալ վարձերը շարունակում են մնալ բնակչության ծախսերի հիմնական բաղադրիչները:
Մենք սննդի վրա ծախսում ենք եկամտի 40 տոկոսը, ծառայությունների վրա` 34,4 տոկոսը: Ոչ պարենային ապրանքների ձեռքբերման վրա մսխվում է մեր եկամուտների մոտ 20 տոկոսը: Այս և այլ ցուցանիշների հրապարակումն ապացուցում է, որ վիճակագրական տեղեկագիրն արժանահավատ տվյալներ է պարունակում: Վերջին շրջանում մեր պաշտոնյաների համար մոդայիկ է դարձել չորս միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի տեսլականի քննարկումը: 2018-ի բյուջեի նախագիծը նպաստ-թոշակների բարձրացման տեղ չունի:
Փոխարենը՝ խոսվում է մանկահասակ երեխայի խնամքի համար դայակ վարձելու գումարի մասին: Կարելի է ենթադրել, որ իշխանություններն իսկապես մտադրված են բնակչության վերարտադրության ցուցանիշների բարելավման խնդիրներով: Ենթադրել իսկապես կարելի է, բայց չի կարելի նման եզրակացության հանգել: Որովհետև տեսեք՝ մեր Վիճվարչության հրապարակած ուսումնասիրության արդյունքում եկամտի ու ծախսերի բոլոր ցուցանիշներով երկու և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները զիջում են կենսաթոշակառու ունեցող ընտանիքներին:
Որքան էլ խոսենք կենսաթոշակի ցածր մակարդակից, միևնույն է՝ աղքատ ընտանիքների համար կենսաթոշակառուի առկայությունը նվազագույն եկամտի ապահովման աղբյուր է: Երկու և ավելի երեխա ունեցող ընտանիքներին պետությունն առայժմ չի կարողանում գոնե ցածր կենսաթոշակին համադրելի նպաստ տալ: Որքան էլ անհավատալի թվա, պաշտոնապես անվանական սպառողական ծախսերը մեկ տնային տնտեսության հաշվով միջինը պաշտոնապես կազմում է մոտ 152 հազար դրամ:
Նույն ցուցանիշը ոչ թե ընտանիքի, այլ մեկ շնչի հաշվով կազմում է ընդամենը մոտ 44 հազար դրամ: Հենց այս ցածր ցուցանիշներն են հնարավորություն տալիս երկրի բնակչության 30 տոկոսին գնահատել՝ որպես «աղքատ»:
Հենց այս ցուցանիշների առկայությունն է հնարավորություն տալիս պնդելու, որ տնտեսական ակտիվության, արդյունաբերության, գյուղատնտեսության ու մակրոտնտեսական այլ ցուցանիշների երկնիշ աճը համարյա կապ չունի բնակչության բարեկեցության հետ: