Բաժիններ՝

«Պաշտոնապես հայտարարված է՝ «Արշակ Երկրորդ»-ի բնագիրը կլինի օպերային թատրոնի առաջիկա խաղացանկում». Ժիրայր Փափազյանը՝ անցանկալի ներկայացման մասին

Փարիզի Իրինա Բրուքի թատերական ընկերության (CIB) հիմնադիր անդամ և Տիգրան Չուխաջյանի անվան Միջազգային ինստիտուտի (IIDT) հիմնադիր տնօրեն, ռեժիսոր և դերասան Ժիրայր Փափազյանն այսօր լրագրողներին ներկայացրեց հայաստանյան առաջիկա հյուրախաղերի ծրագիրը։

Բոլորովին վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի բեմադրական հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակված Ժ. Փափազյանը մանրամասնելով թատրոնի հետ առաջիկայում համատեղ կատարվելիք աշխատանքն ու պարտականությունները՝ նշում է.

«Բեմական վարպետության դասերի շրջանակներում պատրաստվում եմ աշխատել Օպերային թատրոնի ավագ և երիտասարդ սերնդի մենակատարների հետ՝ մասնավորապես՝ դերերգերի ուղղությամբ: Հրավերը ես ստացա անցյալ տարի՝ Սոս Սարգսյանի անվան թատրոնում բեմադրած առաջին ներկայացումիցս հետո: Հանդիպեցինք այն ժամանակ դեռ նորանշանակ Մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հետ, և ստացա նրա առաջարկը՝ գալ ու աշխատել Օպերային թատրոնում: Առաջին հերթին մենք միասին մի քանի ծրագիր մշակեցինք:

Ես իրեն հուշեցի, որ հաջորդ՝ 2018 թվականին հայկական օպերայի հիմնադրման 150-ամյակն է, և քանի որ հայկական օպերային թատրոնի հիմնադրումը խորհրդանշվում է Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայով, որոշեցինք նորովի անդրադառնալ արդեն այս տարի, ինչպես նաև վերականգնել, կամ նոր բեմադրություն առաջարկել՝ կոմիկական թեթև ժանրերից, որովհետև դրա պակասը մեր օպերայում ակնհայտ է: Մենք կանգ առանք կրկին Տիգրան Չուխաջյանի «Կարինե» ներկայացման վրա»:

Կարդացեք նաև

Մանրամասնելով բեմադրական մասով խորհրդականի իր պատկերացումները՝ Ժիրայր Փափազյանն ընդգծում է՝ ողջ կյանքի ընթացքում մեծ թվով թարգմանական աշխատանքներ է կատարել և այս պահին դրանք ևս շարունակում է.

«Հիմա հայերեն եմ թարգմանում բոլոր իտալական օպերաները, այս ձևաչափում անդրադարձել եմ նաև ֆրանսիական «Կարմեն»-ին, որպեսզի ներկայացման ընթացքում վազող տողով ներկայացվեն նաև լիբրետոները, որպեսզի հանդիսատեսը հնարավորություն ունենա հասկանալու՝ ի՞նչ է կատարվում բեմի վրա»:

Բանախոսն առանձնակի կարևորում է նոր սերդի հետ տարվող աշխատանքները: Նա հաստատում է՝ այստեղ՝ Հայաստանում, և՛ թատրոնի, և՛ օպերայի բնագավառում հանդիպում է շատ տաղանդավոր երիտասարդների, որոնք իրենց ձայնային տվյալներով, վստահ կարող է ասել՝ միջազգային մակարդակ ունեն, ինչը, անշուշտ, ոգեշնչում է իրեն: Առաջիկա ծրագրերում Հայաստանում անցկացվելիք ժամանակի մեծ մասը դերասանը պատրաստվում է նվիրել երիտասարդների հետ տարվող աշխատանքներին.

«Հայտնի դաշնակահար Լևոն Ջավադյանի և
Օպերային թատրոնի երիտասարդական մասի հետ պատրաստվում ենք առաջիկա համերգին, որ կներառի հատվածներ Մոցարտի օպերաներից: Ես գտնում եմ, որ մեր օպերային թատրոնն իր ծրագրերում չափազանց քիչ անդրադարձ է կատարել այս հեղինակին: Մեծագույն ուշադրություն և տեղ եմ հատկացնելու բեմական խաղին ու շարժմանը, ինչն արդեն երկար տարիներ ի վեր սովորական երևույթ է արտասահմանյան օպերային բեմերում:

Անցել են այն ժամանակները, երբ երգիչն անշարժ կանգնում է բեմում և հայացքը հառած դիրիժորին՝ երգում է: Ոչ միայն երիտասարդ մենակատարները, այլ նաև ավագ սերնդի երգիչներն ու երգչուհիներն իրենք պատրաստ են դրան, և նույնիսկ նրանք են ինձ խնդրում փոխել օպերային թատրոններում վաղուց հնացած այդ մոդելը: Նորարար մոտեցումներն այլևս անհրաժեշտություն են օպերային արվեստի համար, եթե ցանկանում եք կատարելագործել ձեր մասնագիտական հնարավորություններն ու առավել մեծ թվով հանդիսատես պահել դահլիճում:

Անշուշտ, ամեն ինչում չափի զգացողությունը նույնպես անհրաժեշտ է, արվեստում՝ հատկապես: Եվրոպական տարբեր բեմերում, օրինակ, ես առիթներ եմ ունեցել տեսնելու կիսամերկ Կարմեն կամ նույնաբովանդակ Ջուլիետ, և հավատացնում եմ ձեզ, որ նորարարության ճանապարհին նմանատիպ լուծումներն ամենահարմարը չեն։ Մի խոսքով ասած՝ մեր օպերային թատրոնում բեմական ռեժիսուրայի մեծ պակաս կա, դա է, որ պետք է նաև լրացնենք»:

Անդրադառնալով առաջիկայում նախատեսվելիք «Արշակ Երկրորդ» օպերայի բեմականացմանը՝ բանախոսը մտահոգություններ ուներ.

«Շուտով՝ մի քանի օրից, Օպերային թատրոնում մի դասախոսություն է կազմակերպվում, որն ի թիվս շատ այլ հարցերի՝ կանդրադառնա նաև այն խնդրին, որ ծագեց «Արշակ Երկրորդ» օպերայի շուրջ: Տիգրան Չուխաջյանն այս գործը գրել է 1868 թվականին, դեռևս նույնիսկ Կոմիտասից առաջ: Այն ժամանակներում մարդիկ դասական երաժշտություն էին գրում՝ տուրք տալով միջազգային եվրոպական դպրոցի ավանդույթներին: Հայկականությունը մեր օպերաներ եկավ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայով, արդեն 1912 թվականին:

20-րդ դարի երաժիշտները, անշուշտ, մեծապես օգտվեցին կոմիտասյան երաժշտական մոտեցումներից, և մեր օպերան առավել ազգային, հայկական բնույթ ստացավ: Հետևաբար՝ Չուխաջյանի ստեղծագործությունը կլասիկ իտալական աշխատանք է՝ գրված իտալերեն լեզվով: «Արշակ Երկրորդ» օպերան Հայաստանում կրկին բեմադրելու որոշում է կայացվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ արդեն հայրենասիրական մոտեցումներ ավելացնելով դրա սյուժեին, ընդ որում, ինչ-ինչ փոխություններ մտցնելով նաև երաժշտության մեջ:

Հիմա մենք օպերայի հիմնադրման 150-ամյակի առիթով ուզում ենք վերականգնել «Օլիմպիա» ներկայացումը (ինչ-ինչ պատճառներով՝ «Արշակ Երկրորդ» օպերայի փոխված անվանումը), որպեսզի 150-ամյա լռությունից հետո հանդիսատեսն իմանա, թե ի՞նչ է իրականում գրել Տիգրան Չուխաջյանը: Հատվածաբար այն լսվել է եվրոպական տարբեր երկրներում, այդ թվում նաև՝ Իտալիայում, և նրանք ուղղակի հիացած և հետաքրքրված են դրանով:

Ես մեծ ցանկություն ունեմ դրա համաշխարհային պրեմիերան անել Երևանում, սակայն ընդդիմությունը շատ մեծ է: Մի խումբ հայեր խոսում են այն մասին, թե իբր օրիգինալ տարբերակում արքան բացասական կողմեր ունի՝ բռնապետ է, և այլն, ապա այստեղ չպետք է թույլ տալ բեմադրել այդ գործը: Սրա դեմ ես ասելիք չունեմ, որովհետև սա տրամաբանված պատճառաբանություն չէ, այլ էմոցիոնալ-հուզական հայրենասիրական դրսևորում, որն իրական արվեստի հետ կապեր չունի: Քննարկման թեման այստեղ օպերայի երաժշտությունը պետք է դիտվի՝ որպես արվեստի գործ, ոչ թե՝ սյուժեն և կամ մնացյալը: Ինչպես արդեն ասացի՝ մի քանի օրից Օպերային թատրոնում դասախոսություն կկազմակերպվի, որի ընթացքում ավելի մանրամասն կանդրադառնամ այս խնդրին և որոշ նոր բաներ կբացահայտեմ օպերայում, տեսնենք՝ ինչ կստացվի դրանից: Այնուհանդերձ, պետք է ասեմ, որ պաշտոնապես հայտարարված է՝ «Արշակ Երկրորդ» օպերայի բնագիրը կլինի Օպերային թատրոնի առաջիկա խաղացանկում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս