«Թուրքիան խախտում է ՆԱՏՕ-ի կանոնադրությունը և դրա համար կարող է պատժվել». Հակոբ Չաքրյան
Թուրքիայի հասարակական-քաղաքական գործիչ Րաֆֆի Հերմոն Արաքսն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Թուրքիայում վերջին շրջանում շատ արագ առաջխաղացումներ են լինում. ««Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ որոշ քաղաքապետների կուսակցությունը ստիպեց հրաժարական տալ։ Դա Թուրքիայի պատմության մեջ չլսված բան էր։ ԱԶԿ-ն, որն ի սկզբանե ասում էր, թե հակաիթթիհատական է, դեմ է քեմալիստներին, բայց Աթաթուրքի մահվան օրն ամբողջ Թուրքիայում հարգանքի տուրք էին մատուցում նրան»։
Նրա խոսքով՝ Էրդողանը սկսել է մեղմ քաղաքականություն վարել քրդերի նկատմամբ, ինչը պայմանավորված է 2019թ. ընտրություններով. «2019թ. Թուրքիայում լինելու են նախագահական ընտրություններ, իսկ Էրդողանի վարկանիշն ընկած է, և նրա այս քաղաքականությունը հենց դրանով է պայմանավորված։ Եթե Էրդողանը վերընտրվի, ապա, ըստ նոր Սահմանադրության՝ 15 տարի լինելու է Թուրքիայի նախագահի պաշտոնում։ Էրդողանը սովորություն ունի ամեն 10 օրը մեկ իր ռեյտինգը չափել տալ, և պարզվել է, որ այն շատ ընկած է, և ամեն փորձանքից ազատվելու միակ եղանակն իշխանության գլուխ մնալն է»։
Ասուլիսի մյուս բանախոս, թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ անդրադարձավ Թուրքիա-ՆԱՏՕ, Թուրքիա-Արևմուտք լարված հարաբերություններին և նշեց, որ դրա հիմնական պատճառն ԱՄՆ-ի վերաբերմունքն է քրդերի նկատմամբ. «Միաժամանակ, վերջին շրջանում հաճախ է արծարծվում է S-400-ների խնդիրը, որոնք Թուրքիան ցանկանում է գնել ՌԴ-ից։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը նրա մրցակից երկրից զենք գնելու իրավունք չունի, երկրորդ՝ ՆԱՏՕ-ի երկրներն ընդհանուր պաշտպանական համակարգի մեջ են և բոլորը միատեսակ զենք են օգտագործում։ Թուրքիան խախտում է ՆԱՏՕ-ի կանոնադրությունը և դրա համար կարող է պատժվել»։
Միևնույն ժամանակ, թուրքագետը չի կարծում, թե դա կհանգեցնի ՆԱՏՕ-ից Թուրքիայի վտարմանը. «Վտարելու դեպքում Թուրքիան ամբողջովին կմղվի ՌԴ-ի գիրկը, և այդ քայլին չեն գնա, ուղղակի կփորձեն կարգի հրավիրել։ Թուրքիան Սիրիայում որդեգրած իր քաղաքականությամբ խոչընդոտում է ամերիկյան և ԵՄ ծրագրերը»։
Իսկ ռուս-թուրքական մերձեցումը Չաքրյանը վտանգավոր չի համարում Հայաստանի համար. «Հայաստանին այդ հարաբերությունները չեն վնասի, եթե Ռուսաստանը հայամետ դիրքորոշում որդեգրի։ Քանի որ Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները լարված են, Թուրքիայի վրա ԱՄՆ-ը և ԵՄ-ն ճնշումներ են գործադրում, Թուրքիան փորձում է այդ ճնշումները չեզոքացնել՝ մերձենալով ՌԴ-ի հետ։ Այդ մերձեցման ամենամեծ քայլը S-400-ներն են, որը հավասարակշռությունից հանել է Թուրքիայի դաշնակիցներին»։